«Դրօշակ»-ի Առաջնորդող. Փորձութիւն

Հայաստանը, ըստ էութեան, դանդաղ մտնում է նախընտրական պայքարի յորձանուտի մէջ։ Եթէ գործընթացները զարգանան նախանշւած ժամանակացոյցով, ապա այդ ընտրութիւնները տեղի կունենան 2026-ի յունիսի սկզբին։ Չպէտք է բացառել, սակայն, որ ընտրութեան արդիւնքների հարցում խոր մտահոգութիւններ ունեցող Փաշինեանը ցանկացած պահի կարող է գործի դնել, պայմանականօրէն ասած, պլան Բ-ն, անակնկալ յայտարարելով արտահերթ ընտրութիւնների մասին։ Նշենք նաեւ, որ նախընտրական այս գործընթացի մեկնարկը վաղուց տւել է ինքը՝ Փաշինեանը, իր «Կրթութիւնը նորաձեւ է» հանդիպումների շարքով եւ այլ միջոցառումներով։ Հէնց այս իրողութիւններն էլ համապատասխան ազդակ հանդիսացան քաղաքական տարբեր ուժերի ու միաւորումների համար: Միւս կողմից հանրային դաշտում հասունացած է ազգային-պետական կեանքը գահավիժման ընթացքից դուրս բերելու, անվտանգութեան եւ զարգացման կայուն հուն տեղափոխելու ընդհանրական պահանջը։
2025 թ. հոկտեմբերի 12-ին Երեւանում տեղի ունեցաւ «Մեր ձեւով» շարժման հաշւետու ժողովը։ Շարժումը, գործարար Սամուէլ Կարապետեանին, Հայոց Եկեղեցու հոգեւոր հայրերին եւ միւս քաղբանտարկեալներին ազատ արձակելու պահանջին զուգահեռ, կարեւորում է իշխանափոխութեան անհրաժեշտութիւնը՝ ներկայացնելով համընդհանուր ճգնաժամի յաղթահարման եւ «վերականգնման» իր ծրագրերը։
Որպէս յաջորդող քայլ, շարժումը նոյն օրակարգով հանրահաւաք եւ երթ իրականացրեց հոկտեմբերի 18-ին։ Ի՞նչ սկզբնական եզրակացութիւնների կարելի է հանգել այս շարժման, ինչպէս նաեւ Հայաստանում սկիզբ առած համանման գործընթացների առիթով։
Նախ արձանագրենք, որ 2018 թւականին Փաշինեանի գլխաւորած շարժումից յետոյ «Մեր ձեւով»-ը երիտասարդութեան առաջնորդութեամբ հրապարակ իջած յաջորդ շարժումն է։ Իր մի շարք առաւելութիւնների հետ միասին այն նաեւ կարող է ընկալւել որպէս շահեկան այլընտրանք նախորդի նկատմամբ։
Նոր շարժման գլխաւոր առաւելութիւնը նրա ազգային բնոյթն է, հաւատարմութիւնը ազգային արժէքներին, ինչը վերջինիս ընդգծւած տարբերութիւնն է ազգայինը ոտնակոխ անող փաշինեանական ապազգային, յախուռն ու հակաժողովրդավարական ուժի նկատմամբ։
«Մեր ձեւով»-ը հրապարակ է իջել ծրագրով, որի առանցքում տնտեսութեան վերականգնումն է եւ սոցիալական խնդիրների լուծումը։ Սրա կողքին երիտասարդները խօսում են նաեւ ազգային հարցերի՝ այդ թւում Արցախի թեմայով։ Ընդ որում շարժման մասնակիցները խուսափում են կոշտ ու հայհոյախառն բառապաշարից, առհասարակ երկրորդական տեղ են յատկացնում Փաշինեանի գլխաւորած «փոքր խմբակին»։ Հոկտեմբերի 18-ի հանրահաւաքի ժամանակ շարժման ղեկավար Նարեկ Կարապետեանն ասաց. «Մեր պայքարը ոչ թէ մեղաւորների, այլ աղքատութեան դէմ է»։
Երիտասարդ ուժի հանգիստ, հաւասարակշռւած ու ինքնավստահ պահւածքը դրականօրէն է ազդում հանրութեան վրայ, որը յոգնել ու զզւել է նիկոլական ամենօրեայ հիստերիկայից, ազգին սեւ ու սպիտակի բաժանելու պառակտիչ գործելաձեւից։
Այս շարժման բարոյական կայուն հիմքն է ապահովում այն հանգամանքը, որ նրա միլիարդատէր առաջնորդը ոչ միայն Հայաստանում թալանչիական բիզնես ծաւալած օլիգարխ չէ, այլեւ օտարութեան մէջ վաստակած գումարներից հսկայական ներդրումներ է կատարել Հայաստանի եւ Արցախի տնտեսութիւնների մէջ՝ կրթական, առողջապահական եւ այլ ոլորտներում։ Ի դէպ, Նիկոլ Փաշինեանը լրջօրէն մտածելու պատճառ ունի, թէ որքանով շահեց ու որքանով կորցրեց անհեթեթ պատճառաբանութեամբ յարգւած գործարարին ձերբակալելով։ Արդեօ՞ք իր չհաշւարկւած քայլը պատճառ չդարձաւ, որ Սամուէլ Կարապետեանի անունով առաջնորդւող շարժումը կարճ ժամանակում մեծ տարածում գտնէր երկրով մէկ, ձեւաւորելով համակիրների աճող մեծ բանակ։
Մենք տեսնում ենք, որ ներքաղաքական կեանքում տեղի են ունենում այլ համախմբումներ եւս, որոնք վկայում են ազգային հիմքի վրայ քաղաքական դաշտի բարեփոխման մասին։ Կարծես թէ դանդաղօրէն տիրապետող է դառնում այն բանի գիտակցումը, որ հայրենիքի համար ճակատագրական պահին անհրաժեշտ է մի կողմ թողնել ներքին տարակարծութիւնները եւ յանուն երկրի ու պետականութեան փրկութեան գործել միասնաբար։ Մեր նշած «միասնաբար»-ը գերիշխող նպատակի առանցքի շուրջ միաւորւելը եւ համադրւած գործելն է, ինչը, բնաւ, չի նշանակում մեխանիկական միաւորում։ Նման միաւորումը կը լինէր արհեստական եւ նւազ արդիւնաւէտ, սակայն եթէ ազգային ճակատի ուժերը որոշեն գաղափարաքաղաքական իրենց ծրագրերի ուղեցոյցին համապատասխան գնալ սեփական ճանապարհով, միաժամանակ միասին պայքարել գալիք ընտրութիւնների արդար անցկացման համար, բացառել միմեանց դէմ գործելը եւ պայմանաւորւել իրենցից որեւէ մէկի յաղթանակի հետ հաշւի նստելու մասին, սա կարող է յանգեցնել նաեւ հանրային դաշտի համերաշխութեանը եւ կրաւորական զանգւածներին կը մղի մասնակից դառնալու երկրի վերածնութեան գործին։
Իշխանութեան վերջին շրջանի անհաւասարակշիռ քայլերը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դէմ ձեռնարկւած չեկիստական բնոյթի սրբապիղծ ոտնձգութիւնները վկայում են, որ կառավարողները շատ լաւ տեսնում են հանրային դաշտի ակտիւացումները եւ քաղաքական կեանքի խմորումները ու հասկանում են, որ անկասելիօրէն նւազում է իրենց սոցիալական յենարանը։ Այս ամէնի դէմ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած իշխանութեան պատկերացրած հակամիջոցներն են պառակտիչ եւ վարկաբեկիչ քայլերը, ինչպէս եւ իրաւական խայտառակ հետապնդումները։ Ասւածի ամենաակնառու փաստն այս օրերին եկեղեցու ներսում պառակտիչներից իւրայինների թիմ ձեւաւորելու ջանքն է, քրէական անհեթեթ ամբաստանութիւնները եւ դրանց հիման վրայ իրականացւող ձերբակալութիւնները։ Պէտք է լաւ ըմբռնել, որ նոյն քանդիչ ու թունաւոր ուղեղն է փորձում խառնշտորել ընդդիմադիր ազգային դաշտը, մեծացնել «հների» ու «նորերի» միջեւ կանգնեցւած արհեստական անջրպետները։ Պէտք է լաւ հասկանալ, որ Հայաստանը անսահմանափակ կադրային ներուժ չունի եւ զարգացման նախորդ շրջաններում կայացած, իրենց երկրին ու պետականութեանը ծառայած աչքի ընկնող ուժերի եւ գործիչների մեկուսացումը, վարկաբեկումները եւ ձերբակալութիւններն ուղղակիօրէն ծառայում են Նիկոլ Փաշինեանի առջեւ քաղաքական դաշտի ամայացմանը եւ նրա վերարտադրութեան հնարաւորութիւնների մեծացմանը։
Եօթ տարի Նիկոլ Փաշինեանը փորձեց այդ դաշտից դուրս մղել իր հակազգային քաղաքականութեան դէմ ընդդիմացող գործիչներին եւ ուժերին՝ դատապարտել ու մեկուսացնել, եւ եթէ չկարողացաւ, նշանակում է հիմքեր չունէր։ Բայց չունենալով նոր ասելիք եւ պայքարի նոր գործիքներ նա կրկին ու կրկին փորձելու է վարկաբեկել յանուն հայրենիքի եւ պետականութեան գործող ուժերին, դիմելու է ամենախայտառակ եւ ամենաանօրինական քայլերի։ Նիկոլ Փաշինեանը սարսափում է իշխանութիւնը կորցնելու հեռանկարից եւ պատրաստ է ամէն ինչի՝ յուսալով, որ Արեւմուտքը կը պաշտպանի իր դրածոյին կամ, առնւազն, աչք կը փակի նրա բոլոր ապօրինութիւնների եւ բռնութիւնների վրայ։ Փաշինեանն իրեն ծախում է արեւմուտքին, որպէս թէ ռուսամէտ ուժերի իշխանութեան գալը արգելակող պատւար եւ այդ «հերոսկան առաքելութեան» դիմաց Արեւմուտքից ու թուրքադրբեջանական տանդեմից աջակցութիւն է մուրում իր վերարտադրութեան համար։
Ազգային վերածնութեան գաղափարի շուրջ համազգային բռունցքի ձեւաւորումն այն ուժը կը դառնայ, որը հոգեկան անհաւասարակշիռ ղեկավարին կը ստիպի տասն անգամ մտածել ամէն մի հակաօրինական քայլից առաջ։ Մեծ փորձութեան վերածւող համապետական ընտրութիւնների նախօրեակին ընդդիմադիր ուժերի հերթական քննութիւնը կը դառնան նոյեմբերի 16-ին տեղի ունենալիք Վաղարշապատի աւագանու ընտրութիւնները։ Գիւմրու յաջող օրինակից յետոյ քաղաքական ուժերը կրկին պէտք է փաստեն ընդհանուրի շահը մասնաւոր յաւակնութիւններից գերադասելու իրենց հասունութիւնը, անկեղծութիւնը եւ իրապէս անկախ ուժ լինելը։ Եթէ նրանք արժանապատւօրէն յաղթահարեն այս փորձութիւնը, դա կամրապնդի մեր յոյսերը երկրի ընդհանուր վերափոխման հաւանականութեան հարցում։
Յ. Գ.
«Առաջնորդող»-ը պատրաստ էր հրապարակման, երբ ոստիկանական խունտայի միջոցով, հերթական շոուի բեմադրմամբ, տեղի ունեցաւ Գիւմրիի քաղաքապետ Վարդան Ղուկասեանի ձերբակալութիւնը։
Մենք ինչպէս եւ ուրիշներ մի շարք անգամներ գրել էինք, որ Փաշինեանը չի հանդուրժի ընտրութիւնների շրջանում երկրի երկրորդ քաղաքի կառավարման ղեկի գտնւելը ընդդիմադիր գործչի ձեռքում։
Սրա ամենաակնառու փաստարկը նոյն ճակատագրին արժանացած այլ ընտրւած ղեկավարների օրինակն է։ Միւս կողմից, Վաղարշապատի աւագանու ընտրութիւնների շեմին սա իւրատեսակ նախազգուշացում է բոլոր նրանց, ովքեր յաւակնում են մրցակցել Փաշինեանի թիմակից թեկնածուի հետ։ Երկրի ղեկավարի անմիջական թելադրանքով կրկնւող ոտիկանական խունտայի բռնութիւնները, ձերբակալութիւններն ու կէսգիշերային դատավարութիւնները նպատակ ունեն նաեւ վերականգնելու հասարակութեան մէջ այն վախը, որը գոյութիւն ունէր փաշինեանական բանդայի իշխանութեան գալուց յետոյ։ Ամբողջովին ձախողւած, երկիրը պարտութիւնների եւ կորուստների տարած ղեկավարը հասկանում է, որ ուռճացող հասարակական դժգոհութեան պայմաններում կանխատեսելի է գալիք ընտրութիւններում ժողովրդի բացարձակ մեծամասնութեան մասնակցութիւնը, ինչը իշխող ուժի համար կը նշանակի միանշանակ պարտութիւն։
Եթէ վախ տարածելու ճանապարհով հնարաւոր դառնայ ընտորղների մեծ հատւածների մղել կրաւորականութեան Փաշինեանին կը յաջողւի փոքր ընտրազանգւածի եւ ընտրակեղծարարութեան ճանապարհով ապահովել իր վերարտադրութիւնը։ Փրփուրներից կառչողի հոգեբանութեամբ նա այսօր կարծես ճիգեր է գործադրում, որպէսզի շշից դուրս եկած Ջինը կրկին մտնի շշի մէջ։ Անշուշտ սա փորձութիւն է ոչ միայն քաղաքական ուժերի եւ հանրութեան. այլեւ պետութեան եւ նրա ապագայի համար։ Ինչպէս ասւեց այս փորձութիւնը կարելի է յաղթահարել բոլոր ազգային մտահոգութիւն ունեցողների միասնական կամքով, դէպի նպատակ տանող շիտակ ու հաւասարակշռւած ընթացքով։
«Դրօշակ» թիւ 10, 2025 թ.



