Հայաստան - ԱրցախՔաղաքական

Այս վեհաժողովն առանց վարանելու պէտք է պահանջի Բաքւում պահւող հայ պատանդների անյապաղ ազատ արձակումը

Բոլորը ցանկանում են խաղաղութիւն, բայց տեւական խաղաղութեան համար այն պէտք է լինի հիմնւած արդարութեան եւ ազնւութեան վրայ, իսկ արդարութիւնը պահանջում է, որ բոլոր կողմերի կենսական շահերը պաշպանւած եւ յարգւած լինեն, եւ դա 2 կողմերից պահանջում է բարի կամք։ Երեւանում տեղի ունեցած Եւրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

«Ցաւօք, մենք այդպիսի բարի կամքի նշան չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը շարունակում է զաւթման տակ պահել աւելի քան 200 քկմ տարածք ՀՀ ինքնիշխան տարածքից, շարունակում է միջամտել Հայաստանի ներքին հարցերին՝ տարբեր պահանջներ ներկայացնելով»,-ասաց նա՝ յիշեցնելով խաղաղութեան պայմանագրի ստորագրման համար Սահմանադրութեան փոփոխութիւնը։

«Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանք» եզրոյթը, որը նշանակում է արտատարածքայնութիւն ճանապարհի, որը ակնկալւում է, որ պէտք է անցնի Հայաստանի տարածքով՝ կապ ստեղծելով Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։

Բացի այդ՝ եկէք չմոռանանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, եկէք աչք չփակենք էթնիկ զտումների վրայ, ցեղասպանութեան վրայ, որ գործել է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդէպ, այսօր չկայ գէթ մէկ հայ Լեռնային Ղարաբաղում։ Մարդիկ, ովքեր այնտեղ 1000-ամեակներով ապրել են, հիմա ստիպողաբար տեղահանւել են։ Արդեօք քաղաքակիրթ Եւրոպան պատրաստւո՞ւմ է աչք փակել սրա վրայ։ Արդեօք մենք հանդուրժելու ենք երկակի ստանդարտները, թէ պահանջելու ենք, որ Ադրբեջանը երաշխաւորի մարդկանց անվտանգ վերադարձը իրենց տներ։ Արժանապատիւ վերադարձ՝ միջազգային երաշխիքներով եւ անվտանգութեան մեխանիզմներով եւ երաշխաւորի այդ մարդկանց անվտանգութիւնը։

Հիմա մի քանի տասնեակ հայեր էլ Բաքւի բանտում են, այս վեհաժողովը պէտք է ձայն բարձրացնի եւ պահանջի առանց նախապայմանների այս բանտարկեալների ազատ արձակումը, որովհետեւ երբ ասում ենք հասցէագրել խնդիրը՝ Ադրբեջանն էլ կասի՝ ամէն ինչ օրէնքով ենք անում, եւ փակէք ձեր աչքերը։ Աւելին, Ադրբեջանը նաեւ Կարմիր Խաչի կոմիտէին է դուրս հանել երկրից եւ տասնեակ մարդիկ Ադրբեջանի բանտերում որեւէ կապ չունեն արտաքին աշխարհի հետ, ոչ ոք չգիտի, թէ ինչ է կատարւում նրանց հետ Բաքւի բանտում, դուք կարող էք միայն կադրերում տեսնել, թէ ինչ տառապանք է երեւում նրանց դէմքից։

Այս վեհաժողովը առանց վարանելու պէտք է պահանջի այդ մարդկանց անյապաղ ազատ արձակումը, պէտք է պահանջի դադարեցնել հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը։ Հետեւապէս ես փոփոխութիւն եմ առաջարկում ընդունւելիք բանաձեւում։ Մենք պէտք է հէնց այս վեհաժողովից ուղերձ յղենք Ադրբեջանին, որ այս վեհաժողովը չի հանդուրժելու այսպիսի անմարդկային վերաբերմունք Ադրբեջանի ֆաշիստ ռեժիմի կողմից»,-ասաց Խաչատրեանը։

Related Articles

Back to top button