Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Արտակ Զաքարեանը՝ Եւրանեսթի մասնակիցներին. «Համոզւած եմ, որ երբ համոզւէք, որ ՀՀ-ում գործող կառավարութիւնը ձեզ էլ է խաբել եւ խաբում՝ այդ ժամանակ աւելի աչալուրջ կը լինէք»

Որպէս Եւրանեսթ ԽՎ հիմնադիր փաստաթղթերի եւ կանոնադրութեան մշակման վրայ աշխատած նախկին պատգամաւոր, որպէս նրա մշտական յանձնաժողովներից մեկի նախկին համանախագահ եւ որպէս վեհաժողովի նախկին փոխհամանախագահ, շատ ուրախ եմ, որ իր գործունէութեան 14 տարիների ընթացքում, ԱլԳ Եւրանեսթ ԽՎ-ն լիագումար նիստը երկրորդ անգամ անցկացւում է Երեւանում (առաջինը՝2015 թ., մարտի 17-20)։ Այդ ընթացքում ՀՀ Ազգային ժողովը, մի քանի անգամ պատիւ է ունեցել հիւրընկալել նաեւ վեհաժողովի մշտական յանձնաժողովների եւ Բիւրոյի նիստերը։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարեանը։

«Որպէս ԱլԳ գործընկեր երկիր, Հայաստանի Հանրապետութիւնը նրա բոլոր ձեւաչափերը (գործադիր, խորհրդարանական եւ քաղաքացիական հասարակութեան) դիտարկել է որպէս նորանկախ հանրապետութիւնում մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան կառոյցների եւ սկզբունքների զարգացման, եւրոպական քաղաքակրթութեանն ու հիմնարար արժէքներին առաւել մօտ գտնւելու, ինչպէս նաեւ ԵՄ անդամ երկրների հետ տնտեսական, իրաւական, կրթա-մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցութեան զարգացման հնարաւորութիւն։

Բնականաբար 2011 թւականին, երբ հիմնադրւում էր Եւրանեսթ ԽՎ-ը՝ եւրոպական տարածաշրջանը եւ մասնաւորապէս նաեւ Հայաստանն այլ իրավիճակում էին գտնւում։ Որպէս երկու գումարումների ԱԺ պատգամաւոր, կարող եմ փաստել եւ յիշեցնել ձեզ, թէ Եւրոպական խորհրդարանը եւ Եւրակառոյցները, ինչպէս նաեւ քաղաքացիական հասարակութեան կառոյցներն ինչ սկտիւութեամբ եւ ջանասիրութեամբ էին արձանագրում ու արձագանքում ԱլԳ անդամ երկրներում տեղի ունեցող իրադարձութիւններին։ 2011-18 թթ. դժւար էր անգամ պատկերացնել, որ ԱլԳ անդամ որեւէ երկրում կարող էին տեղի ունենալ մարդու քաղաքացիական կամ քաղաքական իրաւունքների ու ազատութիւնների խախտումներ, եւ դրանք լինէին անտեսւած ժողովրդավարութեան ջատագով կառոյցների կողմից։

Եւրանեսթ ԽՎ քաղաքական հարցերի, մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան հարցերի յանձնաժողովը, ինչպէս նաեւ սոցիալական, կրթութեան, մշակոյթի եւ քաղաքացիական հասարակութեան հարցերի մշտական յանձնաժողովը տարբեր զեկոյցներ են պատրաստել ԱլԳ անդամ երկրներում մարդու հիմնարար իրաւունքների եւ ազատութունների մասին։ Ես ձեզ ամենայն պատասխանատւութեամբ վստահեցնում եմ, որ եթէ 2012-17 թթ.-ին Հայաստանում տեղի ունենար այն, ինչ վերջին եօթ տարիներին տեղի է ունենում՝ ապա անհատի քաղաքական իրաւունքների, խօսքի ազատութեան, տեղական ինքնավարութեան մարմինների, ինչպէս նաեւ կրօնական կառոյցների ինքնավարութեան հարցերը մշտական ռեժիմով տեղ կը գտնէին Եւրանեսթ ԽՎ օրակարգում։

Այսօրւայ աշխարհում շատ բան է փոխւել։ Ցաւօք փոխւել են նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրաւէրները՝ այդ թւում նաեւ ամենատարբեր իրաւունքների եւ ազատութիւնների տեսքով։

ԱլԳ անդամ մէկ այլ երկրի՝ Ադրբեջանի բանտերում առ այսօր, ապօրինի կերպով պահւում են մեր հայրենակիցներն, ովքեր հաւատալով ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ Հելսինկեան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին՝ իրենց գործունէութիւնը նւիրել էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքնին, անվտանգութեանն ու ազատութիւններին։

Եւրանեսթ ԽՎ ամբիոններից, Հայաստանի պատգամաւորները բազմաթիւ անգամ ելոյթ են ունեցել՝ նշելով, որ Արցախեան հարցը նախ եւ առաջ մարդու կենսական իրաւունքների, հիմնարար ազատութիւնների եւ փրկութեան հարց է։ 2020-23 թթ. դուք ականատես եղաք, թէ Ադրբեջանն ինչպէս է վարւել սեփական հայրենիքում, իրենց օջախներում հազարամեակներ ապրած մարդկանց նկատմամբ։

Նրանք սպանւել, գերեւարւել, սովի են մատնւել եւ վերջում բռնի տեղահանւել են ամբողջ աշխարհի՝ աջքի առջեւ։ Ես վստահ եմ, որ կը գայ ժամանակ, երբ Եւրոպական խորհրդարանը եւ ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանները, պատեհ առիթներ կունենան վեր հանելու եւ պատշաճ ուշադրութիւն դարձնելու 21-րդ դարում տեղի ունեցած ամենամեծ բռնի տեղահանումներից մէկի ենթարկւածների իրաւունքների հարցերին։

Մէկ այլ հիմնախնդիր է նաեւ հասարակական-քաղաքական իրավիճակը տասնեակ քաղբանտարկեալներով «ժողովրդավարութեան բաստիոն» հռչակւած Հայաստանում։ Ես անկեղծօրէն մտածում եմ, որ ձեզանից շատերը լաւ տեղեկացւած են, թէ իրականում ի՞նչ վիճակում է գտնւում քաղաքական իրաւունքի հարցերը Հայաստանում, սակայն ելնելով առկայ իրավիճակից՝ դուք առայժմ նպատակայարմար չէք համարում այն դարձնել քննարկաման առարկայ։ Համոզւած եմ, որ երբ համոզւէք, որ ՀՀ-ում գործող կառավարութիւնը ձեզ էլ է խաբել եւ խաբում՝ այդ ժամանակ աւելի աչալուրջ կը լինէք։

Եւս մէկ անգամ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք Հայաստան այցելելու համար եւ արդիւնաւէտ աշխատանք եմ մաղթում վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին։

Ձեր նախկին գործընկեր,

ՀՀ ԱԺ 4-րդ եւ 5-րդ գումարումների պատգամաւոր, ԱլԳ ԽՎ հայկական պատւիրակութեան նախկին ղեկավար Արտակ Զաքարեան»։

168.am

Related Articles

Back to top button