Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

BBC. «Ադրբեջանը մտածեց, որ կը կարողանայ գնել Արեւմուտքին, եւ Արեւմուտքն աչք կը փակի Ղարաբաղի վրայ»

«ԱԼԻՔ» – 2022 թւականին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից յետոյ Եւրամիութեան առաջնորդները խաղադրոյք կատարեցին Ադրբեջանի վրայ՝ որպէս էներգետիկ գործընկերոջ՝ ռուսաստանեան գազից կախւածութիւնը նւազեցնելու համար: Այս մասին ըստ News.am-ի՝ գրել է BBC-ի ռուսական ծառայութիւնը։

Քննադատներն ասում են, որ դրա արդիւնքը դարձան Ադրբեջանում լայնածաւալ բռնաճնշումները, իսկ ԵՄ-ն դաւաճանեց իր սկզբունքները՝ չլուծելով գազի հետ կապւած խնդիրները։

Այս տարւայ մայիսին Տիրանայում Ալիեւի եւ ԵՄ բարձրաստիճան պաշտօնեաների ջերմ հանդիպման կադրերը վրդովեցրել են Ադրբեջանի նախագահի քննադատներին։

Դրանից մէկ ամիս առաջ ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Կայա Կալասը ժամանել էր Բաքու՝ մամուլի դէմ հետապնդումների ամենաթէժ պահին եւ երկրում ՄԱԿ-ի հիմնական ներկայացուցչութիւնների ու Կարմիր Խաչի գրասենեակի փակւելուց անմիջապէս յետոյ։

Երկու կողմերի յարաբերութիւններում նոր փուլ մեկնարկեց 2022-ի յուլիսին, երբ Եւրայանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դէր Լայէնը Ադրբեջանը հռչակեց «ռուսաստանեան հանածոյ վառելիքից հրաժարւելու ջանքերում առանցքային գործընկեր»։

Յաջորդ երեք տարիների ընթացքում Իլհամ Ալիեւը հինգերորդ անգամ ընտրւեց նախագահ, իսկ նրա կառավարման ժամկէտը գերազանցեց 21 տարին։

Նրա իշխանութիւնն ամրապնդեց ղարաբաղեան պատերազմում վերջնական յաղթանակը, որը յանգեցրեց տարածաշրջանի ողջ հայ բնակչութեան արտագաղթին։

Ադրբեջանում քաղբանտարկեալների թիւը, իրաւապաշտպանների գնահատականներով, հարիւրից հասել է աւելի քան 350-ի, իսկ անկախ լրագրողներին սկսել են բանտեր ուղարկել ամբողջ խմբագրութիւններով, ընդգծում է BBC-ն։

Լրատւամիջոցն ընդգծում է, որ անցեալ տարւայ դեկտեմբերին Եւրախորհրդարանը ընդունել է այս բոլոր խնդիրները՝ կոչ անելով Եւրայանձնաժողովին անհատական պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտօնեաների դէմ եւ «վերջ դնել ադրբեջանական գազի ներկրումից կախւածութեանը»։ Սակայն Եւրախորհրդարանի բանաձեւերը կրում են խորհրդատւական բնոյթ եւ ոչնչով չեն պարտաւորեցնում միութեան միջազգային քաղաքականութեան համար պատասխանատու պաշտօնեաներին։

Ալիեւը, որն ընդդիմութեանը «հինգերորդ շարասիւն» է անւանում, ձերբակալութիւնները բացատրում էր «մեդիատարածքը արտաքին բացասական ազդեցութիւնից պաշտպանելով», իսկ միջազգային կազմակերպութիւններին մեղադրում էր կողմնակալութեան եւ երկրի ներքին գործերին միջամտելու մէջ։

Ադրբեջանցի ընդդիմադիրներին վրդովեցնում է, որ եւրոպացի պաշտօնեաները, որոնք մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան պաշտպանութիւնը հռչակում են Եւրամիութեան ռազմավարական շահ եւ պարտք, կարծես թէ բացառութիւն են անում իրենց երկրի համար։

Սակայն որոշ եւրոպացի դիտորդներ էլ աւելի լուրջ մեղադրանք են առաջադրում. ԵՄ-ն ոչ թէ պարզապէս անտեսում է բռնաճնշումները, այլ եւրոպական քաղաքականութիւնն է յանգեցրել դրանց։

«Բռնաճնշումները, այլախոհների, բլոգերների եւ ընդդիմադիրների ձերբակալութիւնները միշտ էլ գրգռիչ են եղել Բաքւի եւ Բրիւսէլի յարաբերութիւններում»,- ասում է Էլդար Մամեդովը՝ լատւիացի նախկին դիւանագէտը, որը հետագայում ծառայել է որպէս Եւրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցութեան արտաքին քաղաքականութեան խորհրդական։ «Սակայն Ուկրաինայում ռուսաստանեան ագրեսիայից յետոյ այդ հարցը պաշտօնական մակարդակում գրեթէ հանւեց օրակարգից»։

Բրիւսէլը մերժում է այս քննադատութիւնը, բայց ի՞նչ յաղթաթղթեր կարող է ունենալ Բաքուն ԵՄ-ի հետ յարաբերութիւններում։

 

Յաղթաթուղթ առաջին. գազ

Մինչեւ 2022 թւականը Ռուսաստանին բաժին էր ընկնում եւրոպական գազի ներկրման մօտ 45%-ը։

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը Եւրամիութեանը ստիպեց գիտակցել դրա կարեւոր խոցելիութիւնը, եւ արդէն երկու տարի անց ռուսաստանեան բաժինը յաջողւեց կրճատել աւելի քան երկու անգամ՝ հասցնելով գրեթէ 19%։

Այս գործընթացում հիմնական դերը խաղաց ծովով, այլ ոչ թէ խողովակաշարերով հեղուկացւած բնական գազի մատակարարումների  վերակողմնորոշումը. դա թոյլ տւեց աւելի շատ գնել այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կատարը եւ Եգիպտոսը։

Բայց իր դերն ունեցաւ նաեւ Ադրբեջանը՝ աւելացնելով մատակարարումները 2021 թւականի 8,2 մլրդ խմ-ից մինչեւ 2024 թւականի գրեթէ 13 մլրդ խմ։

ԵՄ ընդհանուր մասշտաբով Ադրբեջանի բաժինը գազի ներկրման մէջ մնում է համեստ՝ 4.3%։

Սակայն իրավիճակն այլ է միութեան այն երկրներում, որոնք Ադրբեջանի հետ կապւած են «Հարաւային գազային միջանցքով»։

Բուլղարիան դրանով ստանում է իր գազի մօտ 40%-ը, իսկ Յունաստանն ու Իտալիան՝ 15%-ից աւելին։

Չի կարելի ասել, որ ԵՄ-ն կախւած է Բաքւից. Բրիւսէլի ռազմավարութիւնն այն է որ, ընդհակառակը, խուսափի նման կախւածութիւնից՝ դիւերսիֆիկացնելով մատակարարումները։

«Եւրոպայում լոյսը չի անջատւի ադրբեջանական գազի բացակայութեան պատճառով»,- նշում է Բէն Գոդւինը՝ PRISM խորհրդատւական ընկերութեան տնտեսական վերլուծաբանը, որն աշխատում է նաեւ Հարաւային Կովկասի հետ։

Բայց խնդիրն այն է, որ ԵՄ-ն Բաքւի հետ բանակցութիւններում յաղթաթղթեր չունի, BBC-ի հետ զրոյցում նշում է բարձրաստիճան մի եւրոպացի դիւանագէտ, որը չի կարող հրապարակայնօրէն մեկնաբանել այս թեման։

«Ադրբեջանն այժմ բաւականին յարմարաւէտ վիճակում է արտաքին ճնշման տեսանկիւնից»,- ասում է նա։ «Ես չեմ տեսնում, որ Եւրոպան՝ որպէս միասնական ուժ, կարող է Ադրբեջանին յայտարարել, որ մենք այլեւս ձեր գազը չենք գնի։ Որովհետեւ իտալացիները, յոյները, բալկանեան երկրները միեւնոյն է կասեն. «Ո՛չ, մենք չենք կարող, մեզ պէտք է ադրբեջանական գազը»։ Այս իրավիճակում Եւրոպան Ադրբեջանի վրայ ճնշման զգալի լծակներ չունի»։

Էներգետիկ գործընկերութիւնը «չի փոխում մեր դիրքորոշումը Ադրբեջանում մարդու իրաւունքների վերաբերեալ»,- BBC-ի հետ զրոյցում յայտարարել է ԵՄ ներկայացուցիչը։

 

Յաղթաթուղթ երկրորդ. Ռուսաստան

Յունիսին Ռուսաստանում ձերբակալւած երկու ադրբեջանցիների մահւանն ի պատասխան Բաքւի արձագանքը երկու երկրների համար ոչ սովորական, բայց եւ ոչ աննախադէպ իրադարձութիւն էր, որը շատերի համար անակնկալ դարձաւ։

Ադրբեջանի իշխանութիւնները չեղարկեցին ռուսաստանեան մշակութային միջոցառումները, ձերբակալեցին «Սպուտնիկ» ռուսաստանեան գործակալութեան աշխատակիցներին եւ սովորական ռելոկանտների, իսկ պետական լրատւամիջոցներում Ռուսաստանը համեմատում էին նացիստական Գերմանիայի հետ։

Այս ամէնը նոր ցածր մակարդակի հասցրեց երկու երկրների յարաբերութիւնները, որոնք խիստ տուժել էին անցեալ տարւայ դեկտեմբերին Ակտաուի մօտ «Ադրբեջանական աւիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանումից յետոյ։

Ներկայիս սրացումը մի քանի պատճառ ունի, որոնցից հիմնականը, քաղաքագէտների դիտարկմամբ, Բաքւի փորձն է՝ Մոսկւայի հետ յարաբերութիւններում իրեն հաւասարազօր գործընկերոջ կարգավիճակ նւաճել։ Բայց սա նաեւ ազդանշան է Արեւմուտքին։

«Ադրբեջանն առաջ է մղում Պուտինի հակառակորդի իր իմիջը»,- նկատում է կովկասագէտ Կիրիլ Կրիւոշէեւը։

Ալիեւը ԱՊՀ երկրների՝ աւանդաբար Ռուսաստանին բարեկամ պետութիւնների միութեան, միակ ղեկավարն էր, որը չգնաց Մոսկւա՝ մայիսի 9-ի շքերթին (Մոլդովան ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացում է)։

Ալիեւը Ռուսաստանի կողմից զաւթւած Ուկրաինայի տարածքներն անւանում է օկուպացւած եւ Ուկրաինային մարդասիրական օգնութիւն է տրամադրում։

Կիրիլ Կրիւոշէեւը Ալիեւին համեմատում է Նիկոլաէ Չաուշեսկուի հետ՝ ռումինացի դաժան բռնապետի, որը, չնայած Մոսկվայի հետ պաշտօնապէս դաշնակցային յարաբերութիւններին, դատապարտեց 1968 թւականին Պրահա խորհրդային ներխուժումը։

Մոսկւան, իր հերթին, շատ բան է ներում Բաքւին, այդ թւում՝ Ադրբեջանով անցնող «Հիւսիս-Հարաւ» տրանսպորտային միջանցքի արեւմտեան ճիւղի պատճառով, որն ապահովում է Ռուսաստանի կապը Հնդկաստանի եւ Պարսից ծոցի երկրների հետ, ինչը յատկապէս կարեւոր է Եւրոպայի հետ առեւտրի կրճատման պայմաններում։ Անցեալ տարի միջանցքով տարանցումն աճել է 28%-ով։

Այս տարի Մոսկւան եւ Բաքուն պայմանաւորւել են ընդլայնել «Հիւսիս-Հարաւ» միջանցքը։

 

Յաղթաթուղթ երրորդ. խաչմերուկ-երկիր

Ադրբեջանով է անցնում այսպէս կոչւած Միջին միջանցքը (պաշտօնապէս՝ Տրանսկասպեան տրանսպորտային երթուղի), որով ապրանքները Չինաստանից Եւրոպա են գնում՝ շրջանցելով պատժամիջոցների տակ գտնւող Իրանն ու Ռուսաստանը։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից յետոյ դրանով փոխադրումների ծաւալն աճել է աւելի քան հինգ անգամ։

Բաքուն միլիարդաւոր դոլարներ է ծախսում տարանցիկ նախագծերի հետ կապւած ենթակառուցւածքների զարգացման եւ աջակցութեան վրայ։

«Ադրբեջանը ռազմավարական կարեւոր դիրքում է»,- նշում է Բէն Գոդվինը PRISM խորհրդատւական ընկերութիւնից։ «Սա Կասպից ծովով տարանցման միակ ճանապարհն է»։

 

Կոյր խաղ

2022 թւականին Ուրսուլա ֆոն դէր Լայէնի այցը Բաքու «100%-ով ազատեց Ալիեւի ձեռքերը»,- ասում է ԵՄ-ի եւ Ադրբեջանի մերձեցման քննադատ Էլդար Մամեդովը եւ յաւելում, որ Բրիւսէլն իր արժէքներն անտեսեց գրեթէ «ձրի»։

Ադրբեջանն իսկապէս կարողացաւ օգտւել իրավիճակից, համաձայնում է բարձրաստիճան մի եւրոպացի դիւանագէտ, որը խնդրել է անանուն մնալ, քանի որ չի կարող հրապարակայնօրէն մեկնաբանել այս թեման. «Նրանք տեսնում են, որ բոլոր կողմերը ցանկանում են իրենց հետ բարեկամութիւն անել, եւ օգտւում են դրանից, ինչպէս կարող են»։

Շրջադարձային պահ նա համարում է Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա, որը խարխլեց համաշխարհային կարգը եւ Բաքւին դրդեց ուժային ճանապարհով վերադարձնել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնւող առաւելապէս հայաբնակ տարածաշրջանը, որը միութեան փլուզումից անմիջապէս յետոյ անցել էր Հայաստանի վերահսկողութեան տակ։

Ըստ դիւանագէտի, ադրբեջանական իշխանութիւնները մտածել են, որ, թերեւս, «կարող են գնել Արեւմուտքին, իսկ Արեւմուտքը աչք կը փակի, երբ նրանք շարժւեն դէպի Լեռնային Ղարաբաղ»։

Որոշ եւրոպացի դիւանագէտներ շարունակում են դատապարտել Բաքւի քաղաքականութիւնը եւ քաղբանտարկեալներին այցելելու հարցումներ անել, բայց դա «քիչ արդիւնք է տալիս»,- ասում է Բրիւսէլի քաղաքականութեանը լաւ ծանօթ մէկ այլ եւրոպացի դիւանագէտ, որը նոյնպէս խնդրել է անանուն մնալ. «Մեզ բոլորովին դուր չի գալիս, թէ ինչ է կատարւում, բայց մենք քիչ բան կարող ենք անել»։

Այս տարւայ մայիսին Ադրբեջանն ազատ արձակեց Թէօ Կլերկին՝ ֆրանսիացի նկարչին, որը դատապարտւել էր Բաքւի մետրոյում գրաֆիտի անելու համար։ Ադրբեջանական լրատւամիջոցները յայտնում էին, որ Կլերկին ազատ են արձակել Կայա Կալասի անձնական խնդրանքով։

Կալասը դա անւանել է «լուռ դիւանագիտութեան» արդիւնք եւ նշել. «Ես կը շարունակեմ իմ ներդրումն ունենալ արտերկրում մեր քաղաքացիներին աջակցելու գործում»։

Բայց Ադրբեջանի կողմից սեփական քաղաքացիների հետապնդումների մասին Կալասը, առնւազն հրապարակայնօրէն, չի խօսում։

Յունիսին 7 լրագրող դատապարտւեց եօթուկէսից մինչեւ իննը տարւայ ազատազրկման. նրանցից վեցն աշխատում էր այն պարբերականում, որը հետաքննութիւններ էր անում Իլհամ Ալիեւի բիզնեսների մասին։ Իսկ Բահրուզ Սամեդովին՝ երիտասարդ գիտնականին, որը մեղադրւում էր հայերի հետ նամակագրութեան համար պետական դաւաճանութեան մէջ, յունիսի վերջին տւեցին 15 տարի. ըստ ընկերների, Սամեդովը փորձել է ինքնասպան լինել բանտում։

Եւրամիութիւնն անհանգստացած է Ադրբեջանում «քաղաքացիական տարածքի կրճատմամբ» եւ կոչ է անում Բաքւին «ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալւել են իրենց հիմնարար իրաւունքներն իրականացնելու համար»,- BBC-ի հարցմանն ի պատասխան յայտարարել են Եւրայանձնաժողովում։

«ԵՄ-ն հետեւողականօրէն իր մտահոգութիւնն է յայտնել բոլոր մակարդակներում՝ ինչպէս հրապարակային, այնպէս էլ մասնաւոր կերպով», այդ թւում՝ Բաքու Կալասի այցի ժամանակ, յաւելել է յանձնաժողովի ներկայացուցիչը։

 

Դարի խաղադրոյքը

1990-ականների սկզբին Ադրբեջանը, որը քայքայւել էր ԽՍՀՄ փլուզումից եւ Ղարաբաղում պատերազմից, պայմանագիր ստորագրեց դէպի Եւրոպա նաւթամուղ կառուցելու մասին՝ այդ պայմանագիրն անւանելով «դարի պայմանագիր»։ Նախագահ Հէյդար Ալիեւը խոստանում էր լուսաւոր ապագայ, որը կը գայ, երբ երկիր կը յորդեն միլիարդաւոր նաւթադոլարներ։

Քսան տարի անց, կանգնած Հէյդար Ալիեւի անւան կենտրոնի բեմում, նրա որդի եւ իրաւայաջորդ Իլհամը յայտարարեց, որ «դարի պայմանագիրը» թոյլ տւեց յաղթել աղքատութիւնն ու գործազրկութիւնը եւ միլիարդներ ներդնել հետագայ նախագծերում, որոնք ամրապնդեցին Ադրբեջանի մեծութիւնը։

Բայց այսօր ադրբեջանցիներն ունեն ամենացածր աշխատավարձերը Հարաւային Կովկասում, իսկ ցամաքային սահմանները փակ են քաղաքացիների համար. դրանք կարող են հատել միայն Ադրբեջանով անցնող ապրանքները։ Սահմանները փակւել էին 2020 թւականին կորոնավիրուսի համավարակի պատճառով, եւ այդ ժամանակից ի վեր կարանտինը պարբերաբար երկարաձգւում է։

Վրաստանի եւ Հայաստանի համեմատ Ադրբեջանում ամենաբարձր գնաճն է հիմնական մթերքների վրայ եւ Մարդկային զարգացման ինդեքսի ամենացածր ցուցանիշը, որը հաշւի է առնում կենսամակարդակը, գրագիտութիւնը, կրթւածութիւնը եւ երկարակեցութիւնը։

Ադրբեջանը անհեռատեսօրէն է օգտագործում իր դիրքը, կարծում է բարձրաստիճան մի եւրոպացի դիւանագէտ, որի հետ զրուցել է BBC-ի ռուսական ծառայութիւնը։

«Ռուսաստանցիներին պէտք են Ադրբեջանը եւ Կասպից ծովը «Հիւսիս-Հարաւ» տարանցման համար, Հարաւային Կովկասում ազդեցութեան համար։ Եւրոպային Ադրբեջանը պէտք է էներգետիկ մատակարարումների, ինչպէս նաեւ «Արեւելք-Արեւմուտք» տարանցման համար»,- ասում է դիւանագէտը։ «Ադրբեջանի ղեկավարութեան մօտեցումը տարբերւում է կարճաժամկէտ, ակնթարթային մտածողութեամբ. նրանք կարծում են, որ կարող են իրենց ագրեսիւ պահել բոլորի նկատմամբ, եւ անպատիժ մնալ»։

Related Articles

Back to top button