Կեղծ խաղաթղթերով Կովկասի մեծ խաղը
Իրանցի փորձագէտները «Զանգեզուրի միջանցք»-ը կրկին «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք» են անւաել

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումով կապիտուլացիա յիշեցնող նախագիծը, որպէս Հարաւային Կովկասում ռազմավարական տրանսպորտային նախագիծ, նպատակ ունի Ադրբեջանի Հանրապետութիւնը Հայաստանի Սիւնիքով անարգել կապել Նախիջեւանի ինքնավար մարզին: Դաւադիր նախագիծ, ինչը դարձել է տարածաշրջանի աշխարհաքաղաքականութեան կենտրոնական հարցերից մէկը Ղարաբաղեան երկրորդ պատերազմից (2020) ի վեր: Այս նախագիծը, որի աւելի ճիշտ ձեւակերպումը «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»-ն է, պարզ տարանցիկ ուղիների փոխարէն ենթադրում է աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նպատակներ, որոնք առաջնորդւում են արեւմտեան տէրութիւնների, մասնաւորապէս՝ ՆԱՏՕ-ի կողմից:
Տարածաշրջանի հարցերով իրանցի փորձագէտներ դոկտ. Շոայբ Բահմանը, դոկտ. Մոհամմադռեզա Դամաւանդին, եւ դոկտ. Ահմադ Քազեմին առանձին յօդւածներով ու վերլուծականներով փորձել են Իրանի պաշտօնական եւ փորձագիտական կենտրոնների ուշադրութեանը յանձնել աշխարհաքաղաքական առումներով Իրանի շնչափողերից մէկը փակելու վտանգները:
Արձանագրենք, որ նշւած մասնագէտները որպէս պատասխան նախագիծ առաջարկում են «Ղարասոյի միջանցք»-ը, որով Իրանը կը կարողանայ աւելի կարճ՝ 80 կմ տարածութիւն կտրելով, Նախիջեւանից կամ Թուրքիայից հասնել Երեւան:
Նախագծի մասին դոկտ. Մոհամմադռեզա Դամաւանադին եւ դոկտ. Շոայբ Բահմանը յատուկ «ԱԼԻՔ»-ին յղւած յօդւածով (հրապարակւած 2020 թ. դեկտ. 7-ին) առաջին անգամ բարձրաձայնեցին «Խաղաղութեան միջանցք» նախագծի մասին, ինչով ենթադրւում է Իրանի եւ Հայաստանի միջեւ անարգել կապ՝ այժմ Թուրքիայի տարածք հանդիսացող իրանական Ղարասուից, որը ժամանակին Աթաթուրքի պահանջով Ռեզա Փահլաւին է նւիրել Թուրքիային:
Շոայբ Բահմանն իր վերջին յօդւածում ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» լայն աշխարհաքաղաքական նպատակներ ունեցող նախագիծ է, որը գերազանցում է Ադրբեջանի Հանրապետութեան եւ Թուրքիայի շահերը՝ ամրապնդելով ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի ազդեցութիւնը Հարաւային Կովկասում: Նպատակը, փորձագէտի համոզմամբ, մէկն է՝ թուլացնել Իրանին, Ռուսաստանին եւ Չինաստանին:
Փորձագէտը նշել է, որ անվտանգութեան եւ տնտեսական մտահոգութիւնների պատճառով, այս նախագիծը համարւում է լուրջ սպառնալիք Իրանի ազգային շահերի համար: Այն տարածաշրջանի աշխարհաքաղաքական հաւասարումները փոխելու եւ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցութիւնը թուլացնելու ակնյայտ փորձ է:
Փորձագէտը յաւելել է, որ այնպիսի դերակատարների դերը, ինչպիսին Իսրայէլն է, որն օգտագործել է Ադրբեջանի Հանրապետութեան տարածքը Իրանի դէմ ռազմական գործողութիւնների համար, ինչպէս նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների միջեւ վերջերս տեղի ունեցած խորհրդակցութիւնները, վկայում են այս նախագծի բարդ ու բազմաշերտ չափումների մասին։
Դոկտ. Բահմանը յաւելել է, որ «միջանցք»-ը կոչւած է թուլացնելու Իրանի դիրքերը տարածաշրջանային հաւասարումներում՝ նւազեցնելով Ադրբեջանի կախւածութիւնը Նախիջեւան մուտք գործելու իրանական տարանցիկ ուղիներից: Արեւմուտքի դիտանկիւնից նախագիծը կարող է յանգեցնել ՆԱՏՕ-ի մրցակից բլոկի ազդեցութեան նւազմանը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։
Շոայբ Բահմանը «Խորասան» պարբերականում հրապարակած վերջին յօդւածում յաւելել է, որ Իսրայէլի դերը նախագծում նոյնպէս նշանակալի է: Իսրայէլի կողմից 12-օրեայ ռազմական ագրեսիայի ընթացքում ռազմական գործողութիւնների համար Ադրբեջանի տարածքի ազատ օգտագործումը ցոյց է տալիս Բաքւի ռազմավարական համաձայնութիւնը Թել Աւիւի հետ: Սա նաեւ սրել է իրանական մտահոգութիւնները (կեղծ) «Զանգեզուրի միջանցք»-ը Թեհրանի դէմ լրտեսութեան եւ ռազմական գործողութիւնների բազա դառնալու վերաբերեալ։
Ռուսաստանի հարցերով աւագ փորձագէտը յաւելել է, որ մինչ ԱՄՆ-ը եւ Եւրամիութիւնն աջակցում են Կովկասում իրենց ազդեցութիւնը մեծացնելու եւ Իրանն ու Ռուսաստանը թուլացնելու նախագծին, Մոսկւայում եւ Պեկինում լուրջ դիմադրութիւն է նկատւում ՆԱՏՕ-ի ծրագրի նկատմամբ: «Ռուսաստանն սկզբում յոյս ունէր պահպանել իր ազդեցութիւնը Կովկասում՝ վերահսկելու համար (կեղծ) «Զանգեզուրի միջանցք»-ը, իսկ հէնց ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի դերը նախագծում յստակեցւեց, Մոսկւան աստիճանաբար դրան դէմ արտայայտւեց: Չինաստանը նոյնպէս դէմ է նախագծին՝ միջանցքի «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախագծերի վրայ բացասական ազդեցութեան եւ Կենտրոնական Ասիայում իր ազդեցութեան նւազման պատճառով։
«Ներկայ իրավիճակում Իրանը կարող է խափանել այս նախագծի իրականացման ծրագրերը՝ օգտագործելով դիւանագիտական, ռազմական եւ տնտեսական գործիքներ, ինչպէս նաեւ՝ համագործակցելով Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Այս նախագծին հակազդելու համար Իրանը առաջարկել է «Արասի միջանցք»-ի գործարկումը՝ որպէս (կեղծ) «Զանգեզուրին» այլընտրանք»,-եզրափակել է փորձագէտը։
«Խաղաղութեան միջանցք» նախագծի համահեղինակ դոկտ. Մոհամմադռեզա Դամաւանդին եւս «Խորասան»-ում հրապարակած «Կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ը դեռեւս պատրանք էք համարո՞ւմ» յօդւածում նշել է. «…Տարածաշրջանի աշխարհագրական քարտէզի եւ այս տարածաշրջանի պատմութեան վերանայումը ցոյց է տալիս, որ նման միջանցք ստեղծելու փորձը ո՛չ նոր ծրագիր է, ո՛չ էլ պարզ եւ ընդհանուր հաղորդակցման ուղու ստեղծումն է վերջնական նպատակը։ Այսպէս կոչւած «թուրքական աշխարհ»-ի ստեղծման նախագիծը, որը մշակւել է անգլիացի հրեաների կամ բրիտանական գաղտնի ծառայութիւնների հետ կապւած անձանց կողմից, այդ թւում՝ 19-րդ դարի կէսերին Արմինիուս Վամբերիի կողմից, իրականացւել է քայլ առ քայլ վերջին 150 տարիների ընթացքում՝ Օսմանեան կայսրութեան փլուզմամբ, երիտթուրքերի վերելքով, Թուրքիայի Հանրապետութեան ստեղծմամբ, Ղարասուն Իրանից անջատելով՝ Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապի հաստատմամբ»:
Նա շարունակելով միտքը նշել է, որ այժմ մնում է իրականացնել վերջին քայլը՝ այն աւարտելու համար, որը Նախիջեւանի ցամաքային կապն է Ադրբեջանի Հանրապետութեան տարածքի հետ։
Դոկտ. Դամաւանդին յիշեցրել է նաեւ, որ իրականութիւնն այն է, որ (կեղծ) «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծումը Բաքւի եւ Անկարայի պահանջած պայմաններով, կարող է իրականացնել «թուրքական աշխարհ»-ի ստեղծման երազանքը նրանց համար, սակայն պարզ է, որ կուլիսներում հին անգլոսաքսոնական ծրագիրն է թարմացւում «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»-ի տեսքով։
Փորձագէտի կարծիքով՝ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»-ը եռաթեւ նետ է, որը պէտք է միաժամանակ ուղղւած լինի Իրանին, Ռուսաստանին եւ Չինաստանին. «Բնականաբար, նման նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանի ներգրաւումը միջանցքի ստեղծմանը լինելու է հիմնարար եւ առանցքային քայլ»,- նշել է նա։
Դամաւանդին ընդգծել է, որ Հայաստանի ներսում հայ պաշտօնեաները նոյնպէս ցոյց են տւել դիրքորոշումների փոփոխական կեցւածք՝ ադրբեջանական կողմին միջանցք յանձնելու կարմիր գծից մինչեւ օտարերկրեայ պետութիւնների (ԱՄՆ) մասնակցութիւնը նման միջանցքի կառավարման համար։
«Այժմ, եթէ խորհրդային ժամանակաշրջանի հաղորդակցութեան ուղիները վերականգնւեն 2020 թւականի պատերազմի աւարտի համաձայնագրի 9-րդ յօդւածի համաձայն, Բաքուն Նախիջեւան մուտք կունենայ այնպէս, ինչպէս մուտք է ունեցել Իրանից այս բոլոր տարիներին, եւ ոչ աւելին։ Հետեւաբար, կարելի է հասկանալ, որ նրանք ձգտում են ստեղծել միջանցք իրենց լիակատար լիազօրութիւնների ներքոյ՝ առանց որեւէ հսկողութեան կամ մաքսային տուրքերի՝ տեղաշարժի դիմաց, ինչը ոչ միայն Հայաստանի ինքնիշխանութեան խախտում է, այլեւ լուրջ սպառնալիք է Իրանի ազգային շահերի եւ անվտանգութեան համար, որն էլ կը յանգեցնի Իրանի աշխարհաքաղաքական խեղդմանը»,- արձանագրել է «Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան» նախագահը։
Միջազգային իրաւագէտ եւ համալսարանի դասախօս դոկտ. Ահմադ Քազեմին եւս անդրադարձել է Ղարասուի հարցում Իրանի պատմական իրաւունքներին եւ աշխարհաքաղաքական զարգացումների հարցում Իրանի որոշիչ դերին:
Դոկտ. Քազեմին «Սորայա» հեռուստաալիքի լրատւական թողարկման ժամանակ պարզաբանել է պատմական այդ իրողութիւնը եւ նշել. «Ղարասու եւ Նախիջեւան միջանցքների» ստեղծումը անհրաժեշտ է Իրանից Երեւան տարանցիկ ճանապարհը կրճատելու համար։ Ներկայումս կառուցւող Թաւրիզ-Բազարգան մայրուղին կարող է քառասուն կիլոմետրով միանալ Հայաստանի Արարատ նահանգին «Ղարասու միջանցք»-ով: Սա Իրանի եւ Երեւանի միջեւ հեռաւորութիւնը 400 կիլոմետրից կրճատելու է 50 կիլոմետրից պակաս»։
Նա յաւելել է, որ Նախիջեւանի եւ Ղարասուի իրաւական կարգավիճակը Թուրքմենչայից յետոյ պատմութեան ընթացքում եղել է մարտահրաւէրներով լի եւ բազմաթիւ վերելքներով ու վայրէջքներով։ «Արասի միջանցք»-ը կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի կողմնակիցների նպատակները գնահատելու համար սուտը բացայայտող ցուցիչ է։ Բաքւի եւ Անկարայի կեղծ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու հաշւարկի ստուգաչափն իրանական կողմի հակազդեցութեան սանդղակն է»:
Նա յաւելել է, որ միջազգային փորձն աշխարհում ցոյց է տալիս, որ որեւէ էքսկլաւի (տարածքից դուրս) համար միջանցք լինել չի կարող: «Կալինինգրադի, Վարուխի եւ Ալեասկայի էքսկլաւային շրջանների իրավիճակը հաստատում է դա»,- նշել է միջազգային իրաւագէտը։
Դոկտ. Քազեմին յիշեցրել է, որ Իրանի կողմից Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետութիւնների իրաւական ճանաչումը առանց նման միջանցքի է իրականացւած։ «Գերագոյն առաջնորդի կողմից ընդգծւած չորս ուղեցոյցներից երկուսը (Արցախի հայ բնակչութեան անվտանգութիւնը եւ թաքֆիրականներին տարածաշրջան չտեղափոխելը) բացայայտօրէն խախտւել են Բաքւի կողմից երկրորդ եւ երրորդ Ղարաբաղեան պատերազմների արդիւնքում»,- արձանագրել է նա:
Դոկտ. Քազեմին յաւելել է, որ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ը, սպառելով Իրանի աշխարհաքաղաքական կարողութիւնները Նախիջեւան, Հայաստան եւ Թուրքիա էներգակիրների փոխանցման ոլորտում, բացասական ազդեցութիւն կունենայ Իրանի ժողովրդի կենցաղային զամբիւղի վրայ, յատկապէս Իրանի հիւսիս-արեւմուտքում, միաժամանակ մեծացնելուվ պատժամիջոցների հետեւանքները։
Անդրադառնալով կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի եւ «Դաւթի միջանցք»-ի ռազմական եւ օդային կապին՝ փորձագէտը նշել է, որ այն բացայայտւած է Իսրայէլի ռեժիմի կողմից Իրանի դէմ պարտադրւած պատերազմի ժամանակ։ «Ադրբեջանի Հանրապետութիւնը դարձել է սիոնիզմի տարածաշրջանային յենակէտ, եւ կան բազմաթիւ ապացոյցներ, որ սիոնիստական ռեժիմն օգտագործում է Ադրբեջանի Հանրապետութեան ցամաքային եւ օդային հնարաւորութիւններն Իրանի վրայ ռազմական յարձակումների համար: Իսկ այս խնդրի ուրացումն իրանական որոշ պաշտօնեանների կողմից լինելու է աղէտալի»,- նշել է դոկտ. Քազեմին։
Վերջում նա նշել է, որ անգլոսաքսոնական կարգադրութեամբ այսպէս կոչւած «թուրքական եւ թուրանական աշխարհը» ենթադրաբար պէտք է խաղայ սիոնիստական ռեժիմի յենակէտի եւ աջակցողի դերը։
«Իրանից Ռուսաստան տանող «Հիւսիս-Հարաւ» միջանցքն ունի չորս երկաթուղային եւ տարանցիկ երթուղի՝ Կենտրոնական Ասիա, Կասպից ծով, Ադրբեջանի Հանրապետութիւն եւ Հայաստան: Սխալ է կենտրոնանալ միայն Բաքւի երթուղու վրայ: Նոյնիսկ եթէ Ռաշտ-Աստարա երկաթուղին բացւի, Ադրբեջանի Հանրապետութեան երկաթուղին եւս վերակառուցման կարիք ունի իր սահմանափակ հնարաւորութիւնների պատճառով, որի վերաբերեալ Բաքուն որեւէ աշխատանքներ չի ձեռնարկել»,- եզրափակել է փորձագէտը: