Արմէն Պետրոսեան. «Հաշւի առնելով Ադրբեջանի հետ Իսրայէլի սերտ յարաբերութիւնները՝ Ադրբեջանի համար ոչ այնքան հաճելի իրավիճակ է ձեւաւորւում»
Հոկտեմբերի 7-ին Իսրայէլի Պաշտպանութեան բանակը յայտարարեց Գազայի հատւածում «Երկաթէ թրեր» ռազմական գործողութեան մեկնարկի մասին՝ ի պատասխան պաղեստինեան «ՀԱՄՄԱՍ» իսլամիստական շարժման գործողութիւնների:
Պաղեստինեան «ՀԱՄՄԱՍ» շարժումն այսօր (հոկտ. 7-ին) կատարել է Իսրայէլի վրայ վերջին տարիների ամենամեծ յարձակումը։ Նրանք Գազայի հատւածից հրթիռներ են արձակել Իսրայէլի ուղղութեամբ։ «ՀԱՄՄԱՍ»-ի զինեալները Իսրայէլի տարածք են ներխուժել պարապլաններով եւ պիկապներով։ Շարժումը յայտնել է 35 գերեվարւած իսրայէլցու մասին:
Ի՞նչ զարգացումներ կարող են ունենալ այս ռազմական գործողութիւնները, այն ինչպիսի՞ ազդեցութիւն կարող է ունենալ Հարաւային Կովկասի վրայ։
«168.am»-ի հետ զրոյցում արաբագէտ, տարածաշրջանային հարցերով փորձագէտ Արմէն Պետրոսեանն այս հարցերին պատասխանելիս նախ յիշեցրեց, որ Պաղեստին-Իսրայէլ բախումները նորութիւն չեն, յատկապէս Գազայի հատւածում։ Գործող խմբաւորումների եւ Իսրայէլի միջեւ պարբերական բախումներ են տեղի ունենում գրեթէ իւրաքանչիւր տարի՝ տարբեր մասշտաբներով։
«Կարծում եմ՝ այս վերջին գործողութիւններն աւելի շատ կապւած են Իսրայէլ-Սաուդական Արաբիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի հետ, որը բաւականաչափ ակտիւ կերպով առաջ է մղում Միացեալ Նահանգները։ Այս գործընթացում առանցքային դեր ունի պաղեստինեան հիմնախնդիրը, որովհետեւ Սաուդական Արաբիան յայտարարել է, որ Իսրայէլի հետ յարաբերութիւնների կարգաւորում կարող է լինել միայն այդ հիմնախնդրի կարգաւորման պարագայում։ Երեւի թէ պաղեստինեան այս խմբաւորումների ակտիւութիւնը պայմանաւորւած է կրկին կարգաւորման գործընթացում պաղեստինեան հիմնախնդրի անտեսում թոյլ չտալու նպատակներով։ Վերջին շրջանում տարաբնոյթ տեղեկատւութիւն էր տարածւում առ այն, որ Սաուդական Արաբիան որոշակիօրէն զիջել է իր նախկին պնդումները պաղեստինեան հիմնախնդրի մասով, ենթադրենք՝ պայմանաւորելով ատոմական էներգետիկայի զարգացման ուղղութեամբ ինչ-որ երաշխիքներ ստանալու պայմանով։
Այս պարագայում նման լարւածութիւնը, հերթական բախումը, ընդորում, սիմւոլիկ, քանի որ Իսրայէլում այս օրերին նշւում է 1973 թւականի Դատաստանի օրւայ պատերազմի հերթական տարելիցը, որը ոչ միանշանակ արդիւնքներով պատերազմ էր, կրկին ուղերձ էր միջազգային հանրութեանը, որ չնայած աշխարհի այլ տարածաշրջաններում եղած այլ հակամարտութիւններին, այնուամենայնիւ մեր ժամանակների ամենաարիւնալի հակամարտութիւնը՝ պաղեստինա-իսրայէլեան հակամարտութիւնը, շարունակւում է չլուծւած մնալ»,- շեշտեց Արմէն Պետրոսեանը։
Նրա դիտարկմամբ՝ այս հակամարտութիւնը մշտապէս որոշակի ազդեցութիւն է ունեցել տարբեր տարածաշրջանների վրայ, քանի որ դրա հետ կապւած կան յստակ դիրքորոշումներ նաեւ Հարաւային Կովկասի երկրների դերակատարների առումով։ Որպէս օրինակ՝ փորձագէտը բերեց Իրանին, ինչպէս նաեւ Թուրքիային, որոնք մշտապէս աջակցել են պաղեստինեան կազմակերպութիւններին՝ ընդդէմ Իսրայէլի։ Իրանը՝ սպառազինութեան տրամադրման եղանակով, Թուրքիան՝ դիւանագիտական հարթութիւնում, բնականաբար, ազդեցութիւն ունենում են, հաշւի առնելով նաեւ Ադրբեջանի հետ Իսրայէլի սերտ յարաբերութիւնները՝ Ադրբեջանի համար ոչ այնքան հաճելի իրավիճակ է ձեւաւորւում։
«Սովորաբար նման բախումների ժամանակ ամբողջ մուսուլմանական աշխարհը միաւորւում է կամ գոնէ ցոյց է տալիս միաւորման իմիտացիա ընդդէմ Իսրայէլի, իսկ տւեալ դէպքում Ադրբեջանի հետ յարաբերութիւնները հաշւի առնելով՝ խնդիրներ են առաջանում, իհարկէ, ոչ հրապարակային»,- շեշտեց Արմէն Պետրոսեանը։
Թէ ի՞նչ զարգացում կունենայ այս բախումը, Արմէն Պետրոսեանն ասաց, որ հիմա դժւար է կանխատեսումներ անել, քանի որ այդ ամէնը պայմանաւորւած է Իսրայէլի, «ՀԱՄՄԱՍ»-ի եւ միջնորդների ծրագրերով։ Սովորաբար նման գործողութիւնները մի քանի օրեր կամ ամիսներ են տեւում՝ պայմանաւորւած, թէ կողմերից իւրաքանչիւրն ինչ նպատակներ է հետապնդում։
«Նման լարւածութիւնից յետոյ սովորաբար ակտիւանում են միջնորդները, հիմնական միջնորդը Եգիպտոսն է, եթէ Գազայի հատւածի հետ է առճակատումը։ Եթէ Պաղեստին գետի Արեւմտեան ափին է առճակատումը՝ սովորաբար Յորդանանն է ակտիւ միջնորդական դերակատարում ունենում։ Այսինքն՝ կը դժւարանամ ասել, թէ ինչ զարգացում կը լինի, քանի որ այս գործողութիւնը մանրամասն ու դետալային գծագրւած գործողութիւն է, չի բացառւում, նաեւ հաշւի առնելով իսրայէլական կողմի կորուստները, Իսրայէլը որոշում կայացնի աւելի երկարատեւ պատժիչ գործողութիւններ իրականացնել Գազայի հատւածում։ Ընդամէնը մի քանի ժամւայ ընթացքում Իսրայէլը մեծ կորուստներ է ունեցել»,- եզրափակեց Արմէն Պետրոսեանը։
«168.am»