Անդրանիկ Թեւանեան. «Ալիեւն ու Էրդողանն ատամ են ցոյց տալիս Ռուսաստանին. յատկապէս լկտիացել է Ալիեւը»

«ԱԼԻՔ» – «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր գրառման մէջ անդրադարձել է այն թեմային, թէ Ադրբեջանն ու Թուրքիան ինչից ելնելով են ատամ ցոյց տալիս Ռուսաստանին:
«Ալիեւն ու Էրդողանն ատամ են ցոյց տալիս Ռուսաստանին։ Յատկապէս լկտիացել է Ալիեւը։
Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների «դուխը» պայմանաւորւած է ․․․ Նիկոլով։ Այո՛, այո՛, Նիկոլով։
Բանն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Նիկոլի միջոցով Հայաստանը դարձնում են թուրանական միջանցքի «պռախադնոյ դւոռ» (անցողի, որով ազատ անցնում են բոլորը-ԽՄԲ.)։ Էրդողանը յայտարարում է, որ չնայած սկզբում Հայաստանը դէմ էր «Զանգեզուրի միջանցք»-ին, բայց այժմ այն աւելի ճկուն է այս հարցում։ Թէ ինչքան է ճկւել Նիկոլ Փաշինեանը, դժւար չէ կռահել։
Էրդողանը խօսում է «Զանգեզուրի միջանցք»-ից ու ոչ մի ծպտուն ինքնիշխանիստ Նիկոլից։ Պատկերացնո՞ւմ էք, թէ ինչ վայնասուն կը բարձրանար, եթէ յանկարծ Ռուսաստանը խօսէր ոչ թէ միջանցքից, այլ ճանապարհից։ Միանգամից կոռնային ինքնիշխանիստները։ Իսկ ահա Էրդողանի ասածները լաւ են ընդունւում, քանզի ոռնալու հրահանգ ու պատւէր չկայ։
Էրդողանին արձագանք չկայ։ Փոխարէնը բարձր խօսւում է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է թուրանական միջանցքի մաս կազմել։ Նիկոլն է ասում։ Դա նշանակում է, որ ամբողջ Հայաստանն է կլանւելու Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Ու քանի որ Նիկոլը սեփական կաշւի փրկութեան դիմաց աճուրդի է հանել Հայաստանը, Էրդողանն ու Ալիեւը «դուխովացել» են այնպէս, ինչպէս 2022-ի հոկտեմբերի 6-ից յետոյ «դուխով» շրջափակեցին Արցախը՝ յղում անելով Նիկոլի համաձայնութեանը։
Ալիեւը հակառուսական գիծ է վերցրել բրիտանաթուրքական, ամերիկեան, իսրայէլական եւ մակրոնական շրջանակների ուղղորդմամբ, բայց եթէ չլինէր Նիկոլի դաւաճանութիւնը, ապա շղթան ամբողջական չէր դառնայ ու նա ռիսկ չէր անի խաղալ Ռուսաստանի հետ:
Ալիեւին «դուխ» է տւել Արցախի կլանումը։ Մինչեւ այդ նա Ռուսաստանին էր քծնում։ Հիմա դրա կարիքը չունի, քանզի Արցախը գրաւել է, իսկ Նիկոլին՝ գնել։ Արդիւնքում ստացւում է, որ Ռուսաստանը Հարաւային Կովկասում մնացել է Վրաստանի իշխանութիւնների ողջամտութեան յոյսին։
Ռուսաստանն առաջ է գնում ուկրաինական ճակատում, բայց նրա դէմ երկրորդ ճակատ են բացում Հարաւային Կովկասում։ Հիմա այդ ճակատում արկեր չեն պայթում, փամփուշտներ չեն արձակւում, բայց պատերազմը գնում է այլ մեթոդներով։ Հիբրիդային պատերազմը հէնց սա է։
Թուրք-ադրբեջանական խամաճիկ Նիկոլի յարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրայ, մեր յարգարժան սրբազանների ազատազրկումը, գործարար Սամուէլ Կարապետեանի ապօրինի կալանքն ու ՀԷՑ-ի խլումն այդ հիբրիդային պատերազմի դրսեւորումներից են, որոնք ուղղւած են ոչ միայն հայկական ինքնութեան, Հայաստանի Հանրապետութեան գոյութեան, այլ, նաեւ, Ռուսաստանի դէմ։ Վերջինիս ուզում են ամբողջութեամբ դուրս մղել տարածաշրջանից, ինչից յետոյ կենտրոնանալու են Չինաստանի վրայ։ Հայաստանին այդ մեծ խաղում յատկացւած է մանրադրամի դերը, ինչը Նիկոլն էնտուզիազմով կեանքի է կոչում։
Այս մեծ խաղի զոհ չդառնալու կարեւորագոյն նախապայմանն իշխանափոխութիւնն է։ Դա, իհարկէ, անհրաժեշտ, բայց ոչ բաւարար պայման է, բայց առանց դրա միւս հարցերի լուծումն անհնար է»,- գրել է նա: