Բորիս Մուրազի. «Որպէսզի հայ ժողովրդի տրամադրութիւնը չընկնի, անունը կը դնեն «փոխզիջում»»
«ԱԼԻՔ» – Politik.am-ի՝ գլխաւոր խմբագիր Բորիս Մուրազին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէին «բարդ փոխզիջումների» մասին ԱՄՆ պետդեպի ներկայացուցչի յայտարարութեանը.
«Բաքուն եւ Երեւանը երկար ճանապարհ են անցել եւ անհաւանական առաջընթաց են գրանցել խաղաղութեան բանակցութիւններում։ Խաղաղութեան համաձայնագիրը շատ կարեւոր կը լինի տարածաշրջանի խաղաղութեան եւ տարածաշրջանի անվտանգութեան համար։
Մենք կարծում ենք, որ գործարքը հնարաւոր է, բայց դա երկու կողմերից կը պահանջի բարդ ընտրութիւններ եւ բարդ փոխզիջումներ կատարել:
Այսպիսով, մենք պատրաստւում ենք շարունակել խրախուսել նրանց՝ լուծելու այս տարաձայնութիւնները վերջնական համաձայնութեան հասնելու համար»,-այս մասին օրերս յայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտօնական ներկայացուցիչ Մեթիւ Միլլէրը։
Առաջին հայեացքից սովորական դիւանագիտական յայտարարութիւն է եւ, որ ամենակարեւորն է` երկու կողմերին փոխզիջման կոչ անող։ Բայց սա միայն առաջին հայեացքից, եւ այս յայտարարութիւնն իրականում Հայաստանին պարտադրւող նոր ծանր զիջումների մասին է։
ԱՄՆ-ում սովոր են անգամ ամենաաղետալի որոշումները փաթեթաւորել այնպէս, որ շարքային ընթերցողի համար այն կարող է անգամ դրական մի բան թւալ։ Միայն մեզ հետ կապւած մի քանի օրինակը ցոյց կը տան, թէ ինչի մասին է այս յայտարարութիւնը։
2018 թւականին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երեւանում վարչապետի պաշտօնը զբաղեցնող Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպումից յետոյ յայտարարեց, թէ պէտք է Հայաստանում հրաժարւեն պատմական կաղապարներից, ինչը նոր հնարաւորութիւնների դուռ կը բացի։ Յետոյ պարզւեց, որ «պատմութեան կաղապարներ» գեղեցիկ ձեւակերպման տակ իրականում թաքնւած էր Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրութիւնից հրաժարւելը եւ Արցախի հարցում Ադրբեջանի պահանջները բաւարարելը։
2022-ին Նիկոլ Փաշինեանը Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի եւ Եւրոխորհրդի նախագահ Շառլ Միշէլի քաւորութեամբ տեղի ունեցած հանդիպումներից յետոյ ՀՀ Ազգային ժողովում յայտարարեց, որ միջազգային հանրութիւնը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրէք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովէք Հայաստանի ու Արցախի շուրջ: Յետոյ պէտք է Հայաստանում հասկանային, որ Արեւմուտքի քաւորութեամբ «նշաձողի իջեցում» տերմինի տակ պէտք է հասկանալ Արցախի հայաթափում եւ պետական ինսիտուտների լուծարում։
Մի քանի ամիս է՝ Արեւմուտքի եւ յատկապէս ԱՄՆ-ի կողմից ակտիւօրէն քարոզւում է այսպէս կոչւած Միջին միջանցքի գաղափարը, որը պէտք է անցնի Ադրբեջանով եւ Հայաստանով։ Միջին միջանցք անւան տակ Արեւմուտքն իրականում փորձում է կեանքի կոչել Ադրբեջանի կողմից այդքան պրոպագանդւած այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ը, որի մասով, ի դէպ, Հայաստանի համաձայնութիւնն արդէն կայ, ու սրա մասին մենք խօսել ենք մեր նախորդ յօդւածներից մէկում։
Վերջին ամենաթարմ օրինակն Արեւմուտքի կուլիսային քաւորութեամբ այսպէս կոչւած դելիմիտացիայի գործընթացն էր, որն իրականում Տաւուշից հողերի յանձնման եւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհներից մէկի աշխատանքների խաթարման մասին էր։ Ադրբեջանը չտւեց ոչինչ Հայաստանի այս քայլերի դիմաց։ Բայց կարեւորն այն է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ողջունեցին այս գործընթացը եւ անունն էլ դրեցին դելիմիտացիա։
Այսքանն էլ բաւական է հասկանալու համար, որ Արեւմուտքը եւ մասնաւորապէս ԱՄՆ-ն քաղաքական փաթեթաւորման գիտակներ են, ու այն, ինչ իրենք անւանում են «փոխզիջում», իրականում միակողմանի զիջում է Հայաստանի կողմից։
Փաստօրէն, հիմա ԱՄՆ պետքարտուղարութեան ներկայացուցիչ Միլլէրը յայտարարեց առաջիկայում Հայաստանի կողմից սպասւող ծանր զիջումների մասին, բայց որպէսզի հայ ժողովրդի տրամադրութիւնը չընկնի, անունը կը դնեն «փոխզիջում»։ Սիմւոլիկ մի քայլ էլ կանեն, որպէսզի քարոզչական դաշտում ասելիք լինի։ Օրինակ, Սիւնիքով Ադրբեջանին միջանցք յանձնելու դիմաց Ադրբեջանն էլ կը յայտարարի, թէ այդ միջանցքով իր մեքենաները կերթեւեկեն 60 կմ./ժ. արագութեամբ, ոչ աւելին։ Էլ ինչ զիջում է պէտք, որպէսզի Հայաստանում ապրեն ուրախ եւ երջանիկ»,- գրել է նա: