Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնների յայտարարութիւնը

Սիրելի՛ հայրենակիցներ
38 տարի առաջ Ստեփանակերտում հրաւիրւեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամաւորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջան, որի որոշումները՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու եւ Հայկակական ԽՍՀ կազմում ընդգրկելու վերաբերեալ ճակատագրական եղան մեր ժողովրդի հետագայ չորս տասնամեակների ընթացքի համար։ Դրան յաջորդած երեք տասնամեակների ընթացքում հազարաւոր նւիրեալների կեանքի ու մեր ողջ ժողովրդի հերոսական պայքարի գնով մենք վերագտել էինք մեր արժանապատւութիւնն ու ինքնութիւնը եւ մօտ էինք մեր ու մեր նախնիների դարաւոր երազանքի իրականացմանը՝ մայր հայրենիքի եւ պետութեան հետ լիարժէք միասնութեանն ու համաքայլ ընթացքին։
Սակայն Հայաստանի ներկայիս իշխանութիւնների արկածախնդիր «քաղաքականութեան», Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի Հանրապետութեան սահմանադրութիւնների եւ միջազգային իրաւունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարումների արդիւնքում ոչ միայն կորցրեցինք ծանր զրկանքների ու անասելի մաքառումների գնով ձեռք բերւածը, մեր հայրենի օջախները, այլեւ արցախահայութիւնը ենթարկւեց էթնիկ զտումների ու ցեղասպանութեան՝ ամբողջութեամբ արտագաղթելով Արցախից։
Այսօր թշնամին ոչ միայն զաւթել է հայրենի Արցախը, շինծու մեղադրանքների հիմքով «դատավճիռներ» է կայացնում Արցախի պատանդառւած ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ միւս գերեալների հանդէպ, այլեւ ոչնչացնում է մեր հոգեւոր ժառանգութեան նիւթական վկայութիւնը՝ սրբատեղիները, վանքերն ու եկեղեցիները՝ փորձելով ջնջել Արցախի հայկական դիմագիծն ու արժանանում է Հայաստանի իշխանութիւնների գնահատանքին ու շնորհակալութիւններին։
Մենք, որպէս Արցախի Հանրապետութեան ժողովրդի ընտրեալ ներկայացուցիչներ, մեր շնորհաւորանքներն ենք յղում 1988 թ. ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներին, այդ զարթօնքով տոգորւած բոլոր հայորդիներին՝ աշխարհի բոլոր կողմերում, մեր խոնարհումն ենք բերում ազատագրական պայքարի բոլոր փուլերում իրենց կեանքը նւիրաբերած հազարաւոր նահատակների ընտանիքներին եւ
ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
յանուն մեր նահատակների յիշատակի, Արցախի հազարամեակների հերոսական պատմութեան ու մեր նախնիների երազանքների իրականացման, անսասան ենք պահելու Արցախի ժողովրդի միասնութիւնը,
պահպանելու ենք մեր հազարամեակների ժառանգութիւնը,
ապաւինելու ենք մեր ժողովրդի վճռականութեանը՝ հայրենի Արցախ վերադառնալու վերաբերեալ,
ամէն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու եւ ինքնորոշման անքակտելի իրաւունքները լիարժէքօրէն իրացնելու համար։
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցութիւն
«Միասնական Հայրենիք» խմբակցութիւն
«Արդարութիւն» խմբակցութիւն
Հ. Յ. Դաշնակցութիւն խմբակցութիւն
«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւն
20 փետրւարի, 2026 թ.



