Արթուր Մարտիրոսեան. «Փաշինեանն Ալիեւի բարձրախօսն է, նա հայ ժողովրդի հետ խօսում է ադրբեջանական կողմի բանակցային լեզւով»
Ադրբեջանը ցանկութիւն ունի վերջակէտ դնելու Հայկական հարցում եւ լուծելու իր առջեւ դրւած խնդիրները։ Եթէ հայկական կողմն ընդունի Ադրբեջանի պահանջած խաղաղութեան բոլոր պայմանները, իրենք պատրաստ կը լինեն գնալու այդպիսի խաղաղութեան։ Բայց վա՜յ այդ խաղաղութեանը մեզ համար, որովհետեւ այն, ինչ իրենք պահանջում են, նշանակելու է վերջակէտ ոչ միայն՝ Արցախի, այլեւ, փոքր-ինչ հետաձգւած, հայկական պետականութեան հարցում։ Ամենասկզբից մեթոդաբանական կարեւոր վրիպում կար, ընդորում՝ դա միակ վրիպումը չէր։ Բանն այն է, որ դու միւս կողմին ասում եւ աշխարհին յայտարարում ես, թէ քո նպատակը խաղաղութիւնն է, դու պատրաստ ես գնալու բոլոր զիջումներին, միայն թէ խաղաղութիւն լինի, եւ քո տնտեսական զարգացումը կախւած է լինելու նաեւ հարեւանների կամքից եւ ցանկութիւնից, իսկ միւս կողմը համոզւում է, որ մենք իրենցից կախւած ենք, եւ եթէ դա է մեր ցանկացածը, պէտք է մեզնից աւելի շատ ստանան։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել բանակցային մասնագէտ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսեանը։
«Կայ հնարաւորութիւն աւելի շատ ստանալու։ Ինչպէ՞ս ստանալ՝ միշտ սպառնալ պատերազմով։ Ուզո՞ւմ էք խաղաղութիւն՝ սա էլ պէտք է զիջէք, ուզո՞ւմ էք՝ սա լինի, սա էլ պիտի զիջէք։ Եւ այդպէս նրանք առաջ են տանում իրենց օրակարգը, Փաշինեանն ինքն է մասնակցում այդ օրակարգի ստեղծմանն ու ձեւաւորմանը։ Կամայ թէ ակամայ՝ նա մասնակցում է դրան։ Ապագայի, խաղաղութեան մասին նա բանակցում է նաեւ հայ ժողովրդի հետ։ Ներսում եւս պէտք է բանակցել, քաղաքական գործիչների համար դա մշտապէս խնդիր է՝ դրսում բանակցեցիր, բայց ներսում ընդունո՞ւմ են քո բանակցածը։ Նա մեզ հետ բանակցում է Ալիեւի լեզւով, ասում է՝ եթէ սա չտանք, պատերազմ կը լինի, եւ ես չեմ կարող երաշխիքներ տալ, որ պատերազմ չի լինի, բայց առնւազն հիմա մենք կը խուսափենք պատերազմից, եւ այլն»,- ասել է փորձագէտը։
«Փաշինեանն ասում է այն, ինչ Ալիեւն է իրեն ասում, նա կարծես Ալիեւի բարձրախօսը լինի։ Ալիեւը բաւական խորամանկ է, ինքն էլ, Թուրքիան էլ հասկանում են, որ իրենց պէտք չէ բացայայտ պատերազմական կոչեր անել։ Նրանք կարող են համատեղ վարժանքներ անցկացնել, այլ ձեւերով հաղորդակցւել, իսկ փակ կապուղիներով այդ բանակցողները, լինելով բաւական լաւ դիւանագէտներ, չեն ասում՝ մենք պատերազմով ենք սպառնում, ասում են՝ չենք ուզում պատերազմ լինի։ Դրա համար արէք սա, որ պատերազմ չլինի, այլապէս ստիպւած պատերազմով ենք վերցնելու այն, ինչը դուք չէք տալիս մեզ առանց պատերազմի։ Խաղաղութիւնը թղթի կտոր չէ, որի տակ դու ստորագրում ես։ Փաշինեանը եւ բոլորս պէտք է սկզբից եւէթ հասկանայինք, որ դու կարող ես պայմանագիր ստորագրել, բայց այն չի կարող հարիւր տոկոսով խաղաղութիւն երաշխաւորել»,- նշել է Արթուր Մարտիրոսեանը։
Հասարակական գործչի կարծիքով՝ խաղաղութիւնը կախւած է մի շարք հանգամանքներից, թէեւ Փաշինեանն ասում էր, թէ իբր խաղաղութիւնը կախւած է լինելու այդ փաստաթղթից․ «Ի վերջոյ, նա եկաւ այն հասկացողութեանը, որ նոյնիսկ ստորագրումը չի նշանակելու, թէ նրանք չեն շարունակի սպառնալ։ Իսկ սպառնալիքները կը շարունակւեն, որովհետեւ նրանք դեռեւս շատ բան ունեն ստանալու, եւ այդ ամէնն անմիջապէս չեն կարող ստանալ։ Օրինակ, «Արեւմտեան Ադրբեջանը», որի հիմնական կոնցեպտուալ գաղափարը հետեւեալն է՝ ադրբեջանցիները պէտք է վերադառնան իրենց «պապական հողերը»։ Սրանք իրենց նարատիւի բառերն են»:
«Այս ամէնը չի կարող մէկ օրում տեղի ունենալ, պէտք է որոշ մեծ ու փոքր պայմաններ լինեն, բայց դրանք պէտք է կատարւեն։ Ամէն քայլափոխի դու պէտք է համոզւած լինես, որ նա անելու է դրանք։ Դրա համար պատերազմի փաստարկն իրենք պահելու են՝ հիմնաւորելով, որ դուք արդէն խոստացել էք, արդէն պայմանաւորւել ենք, ձեր սկզբունքներում ընդունել էք, որ դէմ չեք լինելու ադրբեջանցիների վերադարձին։ Իսկ եթէ դուք դէմ լինէք, կը խախտէք ձեր իսկ տւած խոստումն ու պայմանաւորւածութիւնը, եւ դրա համար մենք կարող ենք դիմել պատերազմի։ Սա է ադրբեջանական կողմի բանակցային լեզուն, բայց դա չի նշանակում, որ դու պէտք է ընդունես այդ լեզուն։ Մեր խնդիրը հէնց այն է, որ Փաշինեանը նրանց հետ միայն այդ լեզւով է խօսում»,- ամփոփել է Արթուր Մարտիրոսեանը: