Գերլարւած, սպասողական իրավիճակ է
Մերձաւոր Արեւելքը ծանր սպասման մէջ է։ Իսրայէլ-Իրան լարւածութիւնն աճում է։ Ամէն ինչ սկսւեց Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի սպանութիւնով։ Թեհրանը խոստացաւ անպատասխան չթողնել Հանիէի սպանութիւնը Թել Աւիւը յայտարարեց, որ պատրաստ է ցանկացած սցենարի։ Միացեալ Նահանգները, որ ըստ որոշ վերլուծաբանների, այս սրացման գլխաւոր շահառուն է, պետքարտուղար Բլինքէնի շուրթերով յայտարարեց, որ Իրանի եւ լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման հնարաւոր յարձակումն Իսրայէլի վրայ կարող է սկսւել 24-48 ժամւայ ընթացքում։ «Բացառապէս պաշտպանական նպատակներով» ԱՄՆ-ի կործանիչների էսկադրիլիան երեւաց տարածաշրջանում։
«Գերլարւած սպասողական իրավիճակ է եւ դա պայմանաւորւած է Բէյրութի հարաւային արւարձաններում արւած իսրայէլական հրթիռակոծումով, որտեղ սպանւեց «Հեզբօլլահ»-ի ռազմական խորհրդի ամենահեղինակաւոր անդամներից մէկը։ Սա իրավիճակի փոփոխութիւն էր այն առումով, որ որոշ ընկալումներով, Իսրայէլը հատեց կարմիր գծերը՝ ե՛ւ աշխարհագրութիւն փոխելու, ե՛ւ ռազմական գործողութիւններին յատուկ տարողունակութիւն ապահովելու առումով՝ հարւածելով գլխաւոր դէմքերին»,- վերլուծելով ստեղծւած իրավիճակը, «Հրապարակ»-ին ասաց «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը։
Նրա խօսքով, բացի վերոնշեալ սպառնալիքների շեմի բարձրացումից, Լիբանանում տրամադրութիւնների վրայ ազդեցութիւն թողեցին աւիաթռիչքների հետաձգումը, առկախումը կամ չեղարկումը, ինչպէս նաեւ օտարերկրեայ դեսպանութիւնների՝ յատկապէս ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կոչերը իրենց երկրների քաղաքացիներին՝ լքելու Լիբանանի տարածքը։ Լիբանանում ՀՀ դեսպանութիւնը եւս այդ երկրների թւում էր։ ՀՀ քաղաքացիներին դեսպանութիւնը կոչ էր անում չայցելել Լիբանանի տարածք, իսկ նրանց, ովքեր արդէն գտնւում են Լիբանանում, զերծ մնալ թիրախաւորւած շրջաններ այցելելուց։
Գանտահարեանի խօսքով, հնարաւոր սցենարների վերաբերեալ վերլուծութիւնները տարբեր են։ Տեսակէտ կայ, որ աւելի ընդգրկուն ու մեծածաւալ գործողութիւններ կը լինեն եւ ռազմական գործողութիւնները դուրս կը գան Լիբանանի հարաւից։
«Տարածաշրջանային առումով ընթանում է բազմակէտային, թիրախային պատերազմ՝ Գազայի հատւածից դուրս, նաեւ Լիբանանի հարաւն է, Կարմիր ծովը, Իրաքեան որոշ յենակէտեր, բայց նաեւ այս պրոքսիները տեղ-տեղ նաեւ ուղղակի էին, երբ հարւածի տակ դրւեց Թել Աւիւը կամ Իսրայէլը դէպի Իրան ԱԹՍ-ների խմբաքանակ ուղարկեց, որին պատասխանեց Իրանը՝ դարձեալ անօդաչուներով։ Ընթանում է բազմակէտային սահմանափակ պատերազմ։ Մէկ այլ տեսութեամբ, սա կարող է դուրս գալ վերահսկողութիւնից կամ ծրագրւած գործողութիւնները սահմանափակից վերածւեն համապարփակի»,-ասում է Շահան Գանտահարեանը՝ շեշտելով, որ զսպիչ գործօնները պէտք է աշխատեն, որպէսզի պատերազմը չվերածւի լայնածաւալ տարածաշրջանային մեծ բախման։
Միեւնոյն ժամանակ, մեր զրուցակիցը չի բացառում գործողութիւնների թէժացում՝ հաշւի առնելով, որ Իրանը յստակ խօսեց ցաւոտ հակարաւածի մասին, ինչին Իսրայէլը արձագանգեց։ Այս առումով, ըստ Գանտահարեանի, բարդ է կանխատեսում անել։
Անդրադառնալով տեղի ունեցող զարգացումների ենթատեքստերին, մասնաւորապէս, ԱՄՆ-ի ներկայացուցչի յաճախակի այցերին տարածաշրջան, Շահան Գանտահարեանը չի բացառում ապագայի համար հնարաւոր պայմանաւորւածութիւնների հաւանականութիւնը․ «Լիբանան-Իսրայէլ ցամաքային սահմանազատման օրակարգ կարող է իրականացւել, ինչը մտածելու տեղիք է տալիս առ այն, որ գլխաւոր դերակատարների միջեւ չի բացառւում ընդհանուր ընկալումը՝ հրադադարի կէտերի շուրջ կողմերին համաձայնեցնելու եւ ապա քաղաքական երկխօսութեան բանակցութիւններ սկսելու ուղղութեամբ։ Այս հանգրւանին նման օրակարգեր են երեւում, բայց մինչեւ այդ տարածաշրջանը անցնելու է նման տուրբուլենտ ցնցումների միջոց»։ Ինչ վերբաբերում է լիբանանահայ համայնքի անվտանգութեան խնդիրներին, հարցը տեղի հայ քաղաքական կուսակցութիւնների ուշադրութեան կենտրոնում է, որոնք Գանտահարեանի փոխանցմամբ, նիստ են անցկացրել եւ քննարկել հնարաւոր սցենարներն ու դրանց նախապատրաստւելու ուղիները։ «Բարեսիրական միութիւնները համախմբւել են՝ քննարկելու ժողովրդի կարիքների բաւարարմանն ուղղւած ուղիները։ Լիբանանահայ համայնքը կուտակել է տարբեր ճգնաժամերից նւազագոյն կորուստներով դուրս գալու փորձ։ Գիտէք, որ ճգնաժամերը բերում են նաեւ կենցաղային սուր խնդիրների՝ սննդի դեղորայքի, հիւանդանոցային, հոսանքի, ջրի մատակարարման։ Այդ կարիքները բաւարարելու համար համայնքում կազմակերպւած, միասնական աշխատանքի փորձը կուտակւել է եւ, բնականաբար, նման սցենարները քննարկւում են տարբեր մակարդակներում, որպէսզի հնարաւոր ճգնաժամի հետեւանքները՝ փորձ կատարւի յաղթահարել»,-եզրափակում է Գանտահարեանը։