ՄիջազգայինՔաղաքական

Արթուր Խաչիկեան. «Ռիսկ կայ, որ Վրաստանում իրավիճակը հասնի անգամ քաղաքացիական պատերազմի»

«ԱԼԻՔ» – Առայժմ Վրաստանում ամէն ինչ խաղաղ է ընթանում, երէկւայ ընդդիմութեան հաւաքը խաղաղ վերջացաւ, բայց դա չի նշանակում, որ դա աւարտն է. նրանք կարող են շարունակել իրենց պայքարը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշել է միջազգայնագէտ Արթուր Խաչիկեանը՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք»-ին անւանելով չափաւոր ռուսամէտ ուժ:

«Նրանք կարող են Արեւմուտքից էլի ռեսուրսներ բերել, այն նոյն ձեւով, ինչպէս այստեղ դա արւեց, ՀԿ-ները զարգացնելով, քարոզչութիւն տանելով, դրամաշնորհներ ստանալով Արեւմուտքից: Նրանք շարունակելու են տակը փորել: Սա կարող է շարունակւել շատ երկար ժամանակ, եւ ցաւօք, ռիսկ կայ, որ սա բերելու է ներքին անկայունութեան, անգամ քաղաքացիական պատերազմի, որն արդէն եղել է Վրաստանում: Սա շուտ չի աւարտւի, իսկ մեզ համար պէտք է կայուն Վրաստան»,- ասել է նա:

Խաչիկեանը կարծիք է յայտնել, որ եթէ ԱՄՆ-ում նախագահ ընտրւի Թրամփը, նա միգուցէ փորձի կանգնեցնել պատերազմը Ուկրաինայում, չնայած մեծ հարց է՝ իրեն դա կը թողնեն, թէ ոչ, միայն ինքը չի որոշում. «Այդ դէպքում միգուցէ նա մեսիջ ուղարկի Վրաստանի ընդդիմութեանը, որ օգնութիւն սպասել պէտք չէ, եւ նրանք ինչ-որ համաձայնութեան գնան իշխանութիւնների հետ»,-ասաց նա:

Հարցին՝ որ թեկնածուի ընտրութիւնն աւելի ձեռնտու կը լինի Հայաստանի համար, Խաչիկեանը պատասխանել է. «Մենք ոչ մէկից, ոչ միւսից ոչ մի բան չտեսանք: Թրամփն էր նախագահը, որ յարձակւեցին մեզ վրայ, նա ասաց՝ գնացէք, ձեր գլխի ճարը տեսէք: Քամալա Հարրիսը ընդհանրապէս մեզ չյիշեց: Միայն վերջերս, որ պէտք էր իրար վիրաւորել, ինչ-որ ձայներ շահել, նոր հայերի մասին յիշեցին: 4 տարի յետոյ նորից կը յիշեն: Ես ոչ մի բան չէի սպասի ոչ մէկից, ոչ միւսից: Թրամփը շատ պրագմատիկ քաղաքական գործիչ է, իզոլիւցիոնիստ է, նա երեւի աւելի շատ Ադրբեջանի հետ կապեր կունենայ: ԱՄՆ-ի շահերը Ադրբեջանում են, դա գազն ու նաւթն են: Իսկ եթէ յաղթի Քամալա Հարրիսը, շարունակւի դեմոկրատիային սատարելը, դեմոկրատիայի փարոս ստեղծելը Կովկասում, գուցէ ինչ-որ դրամաշնորհներ ստանան յայտնի կանալները եւ ինչ որ գեղեցիկ բառեր ասւեն, բայց ոչ մի կոնկրետ բան չենք տեսնի»:

Related Articles

Back to top button