Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Փաստ». «Բոլշեւիկեան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» եւ դիւանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարւում Հայաստանում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական օրակարգում վերջին շրջանում ծաւալւող իրադարձութիւնները, Եկեղեցու շուրջ ստեղծւած լարւածութիւնն ու կառավարման համակարգում առկայ խնդիրները շարունակում են մնալ հանրային ամենաթէժ քննարկումների կենտրոնում։ Երկրում ստեղծւած իրավիճակը, պետական ինստիտուտների արդիւնաւէտութեան հարցը, ինչպէս նաեւ դիւանագիտական ճակատում տեղի ունեցող զարգացումները բազմաթիւ մտահոգութիւնների եւ վերլուծութիւնների առիթ են տալիս՝ ստիպելով փնտրել համակարգային լուծումներ։

Այս թեմայի շուրջ «Փաստ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետեանի հետ, որը ներկայացրել է իր տեսակէտները երկրում տիրող իրավիճակի, կառավարման համակարգի խնդիրների եւ առաջարկւող լուծումների վերաբերեալ։

Եկեղեցու շուրջ ստեղծւած իրավիճակի եւ կառավարութեան հրապարակած զեկոյցների վերաբերեալ Արշակ Կարապետեանը նկատեց, որ դրանք իրեն յիշեցնում են անցեալ դարասկզբին բոլշեւիկների կողմից իրականացւող հետապնդումները։ Նա ընդգծեց, որ բոլշեւիկներին ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ. նրանք ցանկանում էին ազատւել կրօնից, յայտարարում էին, թէ Աստւած չկայ, եւ բոլորը գնում են դէպի կոմունիզմ՝ նպատակ ունենալով պահպանել իշխանութիւնը։ Ըստ բանախօսի, եթէ նրանք չվերացնէին եկեղեցիներն ու մզկիթները, չէին կարողանայ 70 տարի մնալ իշխանութեան ղեկին։

Անդրադառնալով հարցին, թէ ինչ զուգահեռներ կան այն ժամանակւայ եւ այսօրւայ իրադարձութիւնների միջեւ, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը շեշտեց, որ այսօր Հայաստանում տեղի է ունենում նոյն հետապնդումը եկեղեցականների եւ քաղաքական կուսակցութիւնների նկատմամբ։

Գեներալ-մայորի փոխանցմամբ, չկայ մի ընդդիմադիր կուսակցութիւն, որի ղեկավարները ենթարկւած չլինեն հետապնդումների, որոնք շարունակւում են նաեւ վիրտուալ դաշտում։ Միեւնոյն ժամանակ նա յիշեցրեց, որ մեր Եկեղեցին հետապնդումների դէմ պայքարի մեծ փորձ ունի. 30-ական թւականներին բոլշեւիկները բազմաթիւ եկեղեցիներ քանդեցին, Ներքին գործերի նախարարի ցուցումով սպանւեց Խորէն Ա Կաթողիկոսը, սակայն այդ նոյն նախարարին հետագայում գնդակահարեցին։ «Եկեղեցուն հետապնդելը ոչ մի իշխանութեան փրկութիւն չի բերել», արձանագրեց Կարապետեանը։

Խօսելով Եկեղեցու դէմ իրականացւող քայլերի շարժառիթներից՝ ՀՀ պաշտպանութեան նախկին նախարարը նշեց, որ մեր Եկեղեցու դէմ արշաւները միշտ սկսւել են Նիկոլ Փաշինեանի արտասահմանեան այցելութիւններից յետոյ։ Հաշւի առնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ նրա հանդիպումը՝ բանախօսը պնդեց, որ Փաշինեանը հանդիպումից առաջ ցանկանում էր ցոյց տալ, թէ կատարում է Էրդողանի ցուցումը Հայոց եկեղեցու հանդէպ։ Նա յաւելեց, որ Հայոց եկեղեցին այսօր միակ ազգային օրգանն է, որը պաշտպանում է հայերի ազգային նպատակները, իսկ Փաշինեանը պարզապէս կատարում է Էրդողանի եւ Ալիեւի ցանկութիւնները։ Կարապետեանի համոզմամբ, մեր անկախութիւնն այսօր աւելի ծանր վիճակում է, քան Խորհրդային Միութեան կազմում եղած ժամանակ, որովհետեւ այն ժամանակ մեր ժողովուրդը գոնէ ձայնի իրաւունք ունէր։

Դիտարկելով Հայաստանի արտաքին քաղաքականութիւնն ու դիւանագիտական կորպուսի աշխատանքը՝ Արշակ Կարապետեանն ընդգծեց, որ արտաքին քաղաքականութիւնը ղեկավարում է Նիկոլ Փաշինեանը, որը չունի բարձրագոյն կրթութիւն եւ եղել է կասկածելի լրագրող, որը գումարներ է ստացել ԱՄՆ դեսպանատնից։ Այնինչ, Ադրբեջանի նախագահ Ալիեւը ստացել է պրոֆեսիոնալ միջազգային կրթութիւն, դասախօսել է, մեծացել է էլիտար ընտանիքում։ Ըստ զրուցակցի, մեր երկրի ղեկավարն այս ոլորտում անգրագէտ է։ Նա համեմատական անցկացրեց նաեւ երկու երկրների դեսպանների միջեւ՝ նշելով, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչեանը պատմաբան է, Ռուսաստանում դեսպան Գուրգէն Արսէնեանը հիմնականում զբաղւել է բիզնեսով, Չինաստանում դեսպան Սերգէյ Մանասարեանն աւարտել է գիւղատնտեսական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը, եւ միայն Ֆրանսիայում դեսպան Արման Խաչատրեանն ունի համապատասխան կրթութիւն։ Մինչդեռ Ադրբեջանի դեսպանները ԱՄՆ-ում (Խազար Իբրահիմ), Ֆրանսիայում (Լէյլա Աբդուլաեւա) եւ Ռուսաստանում (Ռահման Մուստաֆաեւ) ունեն համապատասխան կրթութիւն, ԱԳՆ-ում եւ ՆԱՏՕ-ում աշխատանքի երկարամեայ դիւանագիտական փորձ։

Իսկ ինչ վերաբերում է ստեղծւած իրավիճակից դուրս գալու համակարգային փոփոխութիւններին, ապա Արշակ Կարապետեանը փաստեց, որ Հայաստանում դիւանագիտութեամբ, պաշտպանութեամբ, ոստիկանութեամբ եւ հետախուզութեամբ զբաղւում են համապատասխան կրթութիւն չունեցող մարդիկ։ Պետութիւնը հսկայական միջոցներ է ծախսում մարդկանց կրթութեան վրայ, սակայն նրանք չեն աշխատում իրենց մասնագիտութեամբ։ Նա առաջարկում է կադրային քաղաքականութիւնն ամրապնդել Սահմանադրութեամբ եւ այնտեղ ամրագրել մի տող, ըստ որի՝ բոլոր ոլորտների ղեկավարները պէտք է լինեն համապատասխան մասնագէտներ։

Ամփոփելով զրոյցը՝ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը շեշտեց, որ Հայաստանի ներքին պոտենցիալը բաւարար չէ զարգացման համար, մենք չենք կարող զարգանալ առանց արտաքին աշխարհի եւ պէտք է օգտագործենք Սփիւռքի ռեսուրսները՝ դառնալով «Հարաւային Կովկասի Իսրայէլ»։ Կարապետեանի համոզմամբ՝ անհրաժեշտ է փոխել կառավարման ողջ համակարգը, դառնալ նախագահական երկիր, իսկ բոլոր ոլորտների ղեկավարները պէտք է լինեն բարձր պրոֆեսիոնալներ, քանի որ մեր փրկութիւնը մեր ձեռքերում է։

Related Articles

Back to top button