Անվտանգային համակարգը խոցելի է, իսկ պետութիւնը՝ անգործ

Սիւնիքի մարզի Շաքի գիւղում ադրբեջանցի սահմանախախտի ներխուժման եւ տեղի բնակիչների դէմ իրականացւած ոտնձգութիւնների դէպքը հերթական անգամ ի ցոյց է դնում Հայաստանի անվտանգային համակարգի խոցելիութիւնն ու պետական մարմինների անգործութիւնը։
«Alpha News»-ի տաղաւարում նման տեսակէտ է յայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, Իշխան Սաղաթէլեանը։
Ըստ պատգամաւորի՝ տեղի ունեցած միջադէպն ու դրան յաջորդած պաշտօնական արձագանգը վկայում են, որ ՀՀ իշխանութիւնները փորձում են թաքցնել իրականութիւնը եւ արդարացնել սեփական անգործութիւնը։
«Գլխաւոր հետեւութիւնն այն է, որ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին, դժբախտաբար, եւս մէկ անգամ ականատես եղաւ, որ երկրի տարածքային ամբողջականութիւնն ու սահմաններն անպաշտպան են։ Դէպքից յետոյ իշխանութիւնների եւ համապատասխան մարմինների պահւածքը նոյնն էր՝ ամէն կերպ թաքցնել, փորձել արդարացնել եւ մարդկանց իրական տեղեկատւութիւն չտալ։ Եթէ չլինէր այս օրերին եղած հանրային արձագանգը, վստահ եղէք, հիմա արդէն արտայանձնած կլինէին ադրբեջանցուն եւ կփորձէին շարունակել վերջին տարիներին որդեգրւած անպատիւ քաղաքականութիւնը»,- նշել է Իշխան Սաղաթէլեանը։
Պատգամաւորը յատկանշական է համարել այն փաստը, որ սահմանախախտին սեփական ուժերով վնասազերծել է տեղի բնակչուհին, ինչը, նրա համոզմամբ, պետութեան խորքային բացակայութեան ցայտուն ապացոյց է․
«Մարդը հատել է Հայաստանի սահմանը, եւ, ըստ էութեան, այդ յանցագործին վնասազերծել է հայ կինը՝ խոհանոցի դանակով՝ իր երեխաներին պաշտպանելու համար։ Սա խօսում է պետութեան խորքային բացակայութեան մասին։ Ինչ վերաբերում է նրան արտայանձնելուն, ապա այս իշխանութիւնները նախկինում արդէն յանձնել են սիրիացի վարձկաններին եւ նախորդ ներխուժած ադրբեջանցիներին։ Այս յանցագործը, որը յարձակւել է հայ ընտանիքի վրայ եւ փորձել կրակել կնոջ ու երեխայի վրայ, նոյն կարգավիճակում չէ, ինչ Ադրբեջանում գտնւող մեր գերիները։ Բայց եթէ նոյնիսկ դիտարկւի փոխանակման հարց, մեր պահանջը պէտք է լինի յստակ՝ բացառապէս մեր գերիների վերադարձի դիմաց»։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգային սպառնալիքներին եւ ռուսական ռազմաբազայի շուրջ քննարկումներին՝ Սաղաթէլեանն ընդգծել է, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից բխող վտանգները չեն չեզոքացւել, իսկ անվտանգային ներկայիս համակարգի թուլացումը յղի է նոր սպառնալիքներով․
«Այս իշխանութիւնների տեսակէտն այն է, թէ իբր յարաբերութիւնները կարգաւորել են, եւ Թուրքիան ու Ադրբեջանն այլեւս սպառնալիք չեն։ Սակայն իրականում նրանց խնդիրը ոչ միայն մեր տարածքներն են, այլ առհասարակ հայկական ինքնութիւնը։ Ռազմաբազան դուրս բերելով՝ մենք անվտանգային նոր, լրջագոյն խնդիրներ ենք ունենալու, որոնք լուծելու հնարաւորութիւն եւ ռեսուրս առնւազն այս պահին չունենք»։



