Բողոքի ցոյց՝ Սահմանադրական դատարանի առջեւ

Երէկ՝ յունիսի 26-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը քննում էր յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններն անվաւէր ճանաչելու վերաբերեալ 7 քաղաքական ուժերի դիմումները։ Այդ կապակցութեամբ ՍԴ շէնքի դիմաց տեղի ունեցաւ «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստան»-ի ու ԲՀԿ-ի բողոքի ցոյցը՝ ի պաշտպանութիւն քաղաքացիների քւէների:
Քաղաքական ուժերը պահանջում են անվաւէր ճանաչել ընտրութիւնների արդիւնքները նշանակել նոր ընտրութիւններ կամ երեք տեղամասերում անցկացնել վերաքւէարկութիւն:
«Առաջիկայ օրերին կը պարզւի՝ սահմանադրական բարձր դատարանը կը մնայ օրէնքի շրջանակում, իր դերում, թէ չէ»,- լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը։ Նա նաեւ նշեց. «Այնպէս չէ, որ դատարանը արդէն ունի հեղինակութիւն, շարժւել է մինչեւ հիմա օրէնքի շրջանակներում, բայց ամէն դէպքում դիմում կայ, հնարաւորութիւն տրւած է, տեսնենք ինչ արդիւնք կը լինի»։
Իշխան Սաղաթէլեանն անդրադարձաւ նաեւ առաջիկայ քայլերին. «Սահմանադրական դատարանի որոշումից յետոյ մենք կը ներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, չենք վերցնում, եթէ վերցնում ենք ինչ օրակարգով, եթէ գնում ենք խորհրդարան, առնւազն ինչ ճանապարհային քարտէզ ենք պատկերացնում եւ գնալու դէպքում ինչ օրակարգով, ինչ քայլերով, ինչ ռեժիմով, ինչ ենք անելու, չգնալու դէպքում ինչ ենք անելու»։
«ԿԸՅ-ի կողմից երեք ընտրատեղամասերի ընտրութիւնների արդիւնքներն անվաւէր ճանաչելու գործընթացն ունի բազմաթիւ հակաօրինական եւ հակասահմանադրական դրսեւորումներ, եւ եթէ Սահմանադրական դատարանը չվերականգնի օրինականութիւնը, դա վտանգաւորագոյն նախադէպ կը ստեղծի երկրի ապագայի համար»,- յայտարարեց «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան մամուլի քարտուղար Իւետա Տօնոյեանը։
«Ինչ էլ որոշի Սահմանադրական դատարանը հայ ժողովրդի պատմութեան մէջ 2026 թւականի խորհրդարանական ընտրութիւնները մնալու են ոչ լեգիտիմ, մնալու են կեղծւած»,- իր խօսքում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքնի պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։
Նրա խօսքով՝ գործող իշխանութիւնների ընտրական մեքենայութիւնները չեն աւարտւել քւէարկութեան օրը, այլ շարունակւում են մինչ օրս։
«Այսօր այս շէնքում չի վճռւում միայն այս ընտրութիւնների հարցը, չի վճռւում այն հարցը, թէ որ քաղաքական ուժը քանի մանդատ կը ստանայ, խորհրդարանում քանի ձայն կունենայ Նիկոլ Փաշինեանը եւ ինչ օրէնքներ կը կարողանայ ընդունել։ Այսօր այս շէնքում վճռւում է Հայաստանի ճակատագիրը, հայերիս ճակատագիրը»,- յայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
Դիմելով ներկաներին՝ Արթուր Խաչատրեանը նաեւ հարց հնչեցրեց. «Մենք ի՞նչ երկիր ենք ուզում ունենանլ, երկի՞ր, որտեղ վերջիվերջոյ մենք կը կարողանանք մեր ազգային նպատակները իրականացնել եւ ունենալ ազգային պետութիւն, թէ՞ երկիր, որի սահմանադրութիւնը գրւելու է Բաքւում»:
Իր խօսքում «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան մամուլի խօսնակ Մարիաննա Ղահրամանեանն էլ մասնաւորապէս նշեց, որ Սահմանադրական դատարանը պարտաւոր է կանգնել ճշմարտութեան կողքին եւ չեղարկել կեղծւած ընտրութիւնները:
Նշենք, որ ՍԴ-ն առաջիկայ օրերին կը քննի 7 ընդդիմադիր ուժերի դիմում-բողոքները, իսկ վերջնական վճիռը կը յայտնի յուլիսի 4-ին:



