Եւս մէկ անառարկելի ապացոյց Ադրբեջան անւան գողացւած լինելու մասին

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼեԱՆ
քաղաքագետ
Թուրք զօրահրամանատար՝ Հայոց Ցեղասպանութեան իրականացման դահիճներից Էնւեր փաշայի կրտսեր եղբայրը՝ գեներալ-լէյտենանտ Նուրի փաշան, Օսմանեան Թուրքիայի վարչակազմի հրամանով 1918թ. մայիսի 25-ին ստեղծել է Կովկասի իսլամական բանակ՝ բաղկացած 5000-անոց օսմանեան կանոնաւոր զօրամիաւորումից, անդրկովկասեան թուրք-թաթարների (հետագայի, այսպէս կոչւած, ադրբեջանցիների) անկանոն զօրքերից եւ փոքրաքանակ դաղստանցիներից:
1918թ. մայիսի 26-ին լուծարւել է Անդրկովկասի սէյմը: Երկու օր անց՝ մայիսի 28-ին, Օսմանեան Թուրքիայի վարչակազմի ծրագրմամբ եւ նրա առաջնորդութեամբ Թիֆլիսում իր անկախութիւնն է հռչակել Ադրբեջանի Հանրապետութիւնը:
Հարկ է նշել, որ 107 տարի առաջ ՝ 1918թ. մայիսի 28-ին, հռչակւած եւ մինչեւ 1920թ. ապրիլի 28-ը գոյութիւն ունեցած Ադրբեջանը կոչւել է ոչ թէ «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութիւն», ինչպէս տարբեր շրջանակներ ներկայացնում են Ադրբեջանում, այլ՝ «Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետութիւն»: Նշւած ժամանակահատւածում Ադրբեջան անունով գոյութիւն ունեցած արհեստածին, կեղծ կազմախորումն ադրբեջանցիներն անւանել են «Azərbaycan Xalq Cümhuriyyəti», ադրբեջաներէն տառադարձութեամբ՝ «Ազերբայջան Խալք Ջումհուրիեթի»:
Ադրբեջաներէն «Xalq» բառը թարգմանաբար հայերեն նշանակում է «ժողովուրդ»: Հետեւաբար, «Azərbaycan Xalq Cümhuriyyəti» թարգմանաբար նշանակում է ոչ թէ «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութիւն», այլ՝ «Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետութիւն»:
Եթէ 1918-1920թթ. գոյութիւն ունեցած Ադրբեջան անունով արհեստածին կեղծ կազմաւորումն ադրբեջանցիներն օտար լեզւով թարգմանելիս անւանում են «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութիւն», ապա ադրբեջաներէն այն պէտք է հնչի հետեւեալ կերպ. «Azərbaycan Demokratik Respublikası», ադրբեջաներէն տառադարձութեամբ «Ազերբայջան Դեմոկրատիկ Ռեսպուբլիկասի»: Սակայն, հէնց ադրբեջանական աղբիւրների համաձայն՝ այդ արհեստածին, կեղծ կազմաւորումը կոչւել է «Azərbaycan Xalq Cümhuriyyəti»:
Ադրբեջանցիները հետագայում միտումնաւոր իրենց արհեստածին, կեղծ կազմաւորման անւան մէջ «Xalq-Ժողովուրդ» բառն օտար լեզւով թարգմանաբար ներկայացրել են «դեմոկրատական»՝ թերեւս նպատակ ունենալով աշխարհին ցոյց տալու, որ 20-րդ դարասկզբին Օսմանեան Թուրքիայի վարչակազմի կողմից ստեղծւած երկրորդ թուրքական պետութիւնը, իբրեւ թէ, եղել է ժողովրդավարական, ինչն, անշուշտ, նվազագոյն քննադատութեանը չդիմացող սուտ է:
1918թ. դրութեամբ ադրբեջաներէն լեզւի գոյութիւն չունենալու պատճառով օսմաներէնով գրւած Ադրբեջանի անկախութեան հռչակագիրն ունեցել է հետեւեալ վերնագիրը. «Հռչակագիր Ադրբեջանի անկախութեան մասին», ադրբեջաներէն՝ «Azərbaycanın İstiqlal Bəyannaməsi», ադրբեջաներէն տառադարձութեամբ՝ «Ազերբայջանին Իսթիքլալ Բեյաննամեսի»: Ինչպէս տեսնում ենք, հռչակագրի վերնագրից բացակայում է «դեմոկրատական» բառը:
ՄԱԿ-ի իրաւանախորդ Ազգերի լիգայի Գլխաւոր քարտուղար Էրիկ Դրումոնդը 1920թ. նոյեմբերի 24-ին հրապարակած իր յուշագրում արհեստական, կեղծ կազմաւորման՝ Ադրբեջանի մասին, մասնաւորապէս, գրել է. «Հարկ է նշել, որ այս տարածքը (Ադրբեջանը – Ս. Հ.-Ջ.),… նախկինում երբեք պետութիւն չի եղել, այլ միշտ ընդգրկւած է եղել աւելի մեծ տէրութիւնների կազմի մէջ, ինչպիսիք են Մոնղոլիան, կամ Պարսկաստանը, իսկ սկսած 1813 թւականից՝ Ռուսաստանի կայսրութինը: «Ադրբեջան» անւանումն էլ, որն ընտրւել է նոր հանրապետութեան համար, հարեւան պարսկական նահանգի անւանում է:»:
Որ Ադրբեջանի անւանումը պարսկական նահանգի անւանում է, վկայում է ոչ միայն Ազգերի լիգայի Գլխաւոր քարտուղարը: Ներկայիս Ադրբեջանի անւան յուրացւած կամ գողացւած լինելու մասին փաստում է եւս մէկ անառարկելի ապացոյց:
1913 թւականին Արեւմտեան Եւրոպայում (Նիդերլանդներ-Մեծ Բրիտանիա) տպագրւած Իսլամի հանրագիտարանում նշւած է, որ Ադրբեջան ասելով հասկանում են Պարսկաստանի հիւսիս-արեւմտեան մասը:
Ահա նշւած հանրագիտարանի համապատասխան հատւածի լուսապատճէնը եւ հայերէն թարգմանութիւնը: