ՌԴ ԱԳՆ-ն բացառել է ԵՄ մասնակցութիւնը Ուկրաինայի վերաբերեալ բանակցութիւններում

«ԱԼԻՔ» – Եւրամիութեան դերն ու մասնակցութիւնը Ուկրաինայի վերաբերեալ առաջիկայ հնարաւոր բանակցութիւններում բացառւած է: Այս մասին ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի՝ յայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկօն։
«Այսօր, չգիտես ինչու, ԵՄ երկրները եւ եւրոպացիները բանակցութիւնների սեղանի շուրջ տեղ են պահանջում ուկրաինական հակամարտութիւնը լուծելու համար, դա ուղղակի ապշեցուցիչ է, քանի որ նրանք երկար տարիներ սեղանի շուրջ են եղել»,- նշել է Գրուշկօն:
Ըստ նրա՝ «եւրոպական քաղաքականութեան ամբողջ իմաստն այն էր, որ թոյլ չտալ հակամարտութիւնն աւարտւի քաղաքական եւ դիւանագիտական միջոցների կիրառմամբ, այլ շարունակել այն մինչեւ Ռուսաստանի նկատմամբ լիակատար յաղթանակը»։
«Դա բացառում է Եւրամիութեան եւ եւրոպական երկրների որեւէ դերակատարում գալիք բանակցութիւններում, մենք յուսով ենք, որ դրանք տեղի կունենան Ուկրաինայի տարածքում եւ դրա շուրջ հակամարտութիւնը կարգաւորելու հարցում»,- յաւելել է Գրուշկօն։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերւում Ուկրաինայում եւրոպացի խաղաղապահներ տեղակայելու գաղափարին։ «Եւ մենք բազմիցս խօսել ենք դրա մասին։ «Անկախ նրանից, թէ ինչ դիմակի տակ են նրանք, սա քայլ է դէպի լարւածութեան սրացում, այլ ոչ թէ լարւածութեան թուլացում»,- նշել է Գրուշկօն:
Նա յայտարարել է նաեւ, որ եթէ եւրոպական երկրները ուզում են օգնել լուծել ուկրաինական հակամարտութիւնը, պէտք է դադարեցնեն Կիեւին ռազմական աջակցութիւն ցուցաբերելը։