Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Օսկանեան. «Սա ճակատամարտ է Հայաստանի ոգու համար»

«ԱԼԻՔ» – «Խոր ազգային ճգնաժամի պայմաններում՝ Արցախի կորստից, աւելի քան 120,000 հայրենակիցների տեղահանութիւնից եւ նոր տարածքային զիջումների սպառնալիքից յետոյ, կարելի էր ակնկալել, որ Հայաստանի ղեկավարութիւնը կը ցուցաբերի խոնարհութիւն, բարոյական յստակութիւն եւ կը նպաստի ազգային միասնութեանը։ Փոխարէնը, Նիկոլ Փաշինեանը նախաձեռնել է աննախադէպ եւ պախարակելի հռետորական արշաւ՝ ընդդէմ Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա հոգեւորականութեան։ Վերջին սրբապղծական արտայայտութիւնները ոչ միայն անյարիր են պետութեան ղեկավարին, այլեւ վտանգաւոր եւ քայքայիչ՝ մեր պետականութեան հիմքերի համար»,- ֆէյսբուքեան իր  էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանեանը՝ անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու դէմ Փաշինեանի վերջին զազրախօսութիւններին։

Նա շարունակել է.

«Ի՞նչ է Եկեղեցու «մեղքը» Փաշինեանի աչքում։ Այն, որ համարձակւել է խօսել՝ բարձրացնելով իր բարոյական ձայնը մի ժամանակ, երբ շատ հաստատութիւններ լռեցւել են կամ ենթարկւել։ Այն, որ հրաժարւում է խոնարհւել մի իշխանութեան առաջ, որը պատասխանատու է ռազմական աղէտի, հասարակական բարոյալքման եւ Հայաստանի ինքնիշխանութեան մաշման համար։ Այն, որ շարունակում է մարմնաւորել ու փոխանցել դարաւոր ազգային ինքնութիւն, որը ոչ յեղափոխութիւնը, ոչ ճնշումները չեն կարող վերացնել։

Պարադոքսալ է, սակայն Եկեղեցին պատերազմ չի յայտարարել պետութեան դէմ. պետութիւնն է, որ պատերազմ է յայտարարել Եկեղեցու դէմ։ Խիստ խօսուն է այն հանգամանքը, որ այս յարձակումները համընկել են Ամենայն Հայոց եւ Կիլիկիոյ Կաթողիկոսների մասնակցութեամբ Բեռնում անցկացւած՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջազգային համաժողովի հետ, որի նպատակն էր պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ հոգեւոր եւ մշակութային ժառանգութիւնը։ Մինչդեռ նոյն ժամանակահատւածում Ադրբեջանի բարձրագոյն հոգեւոր առաջնորդը հանդէս է եկել բացայայտ հակահայ յայտարարութիւններով։ Սա պատահականութիւն չէ։ Քանի դեռ Եկեղեցին պաշտպանում է հայկական ինքնութիւնը միջազգային հարթակներում, Փաշինեանը յարձակւում է դրա վրայ երկրի ներսում։

Ոմանք այս յարձակումները մեկնաբանում են որպէս փորձ՝ հաճոյանալու Ադրբեջանին՝ յանուն վերջինիս հաւանութեան Փաշինեանի այսպէս կոչւած «խաղաղութեան» թղթին։ Միւսները դրանք տեսնում են որպէս շեղում՝ ներքին խնդիրներից՝ տնտեսական անկումից, ժողովրդավարական յետընթացից կամ քաղաքացիական հիասթափութիւնից։ Երկուսն էլ, եւ նրանց միջեւ եղած բոլոր բացատրութիւնները, իրենց բաժին ճշմարտութիւնն ունեն։ Սակայն կայ նաեւ աւելի խորքային շարժառիթ՝ Փաշինեանի վախը։ Վախ այն իրողութիւնից, որ Հայ Առաքելական Եկեղեցին՝ իր անսասան հեղինակութեամբ, լայն հասարակական աջակցութեամբ եւ բարոյական պարզութեամբ, վեր է դառնում իր մեկուսացած իշխանութեան արժանապատիւ այլընտրանքին՝ որպէս ուժ, որ պաշտպանում է Հայաստանի եւ Սփիւռքի հայութեան իրաւունքները։ Եկեղեցին կրում է պատմութեան բարոյական ծանրութիւնը, ժողովրդի վստահութիւնը եւ մի ինքնութիւն, որն անցեալի քաղաքականութիւնից ու ներկայի աղէտալի ձախողումներից վեր է կանգնած։ Փաշինեանը դա տեսնում է՝ եւ դա է նրան վախեցնում։

Սա առաջին դէպքը չէ մեր պատմութեան մէջ, երբ Եկեղեցին վեր է բարձրացել որպէս ժողովրդի պահապան՝ քաղաքական փլուզման եւ գոյաբանական սպառնալիքի պայմաններում։ Դարեդար՝ օտար տիրապետութիւնների ու խորհրդային տարիներին, Հայ Եկեղեցին պահպանել է մեր հաւաքական հոգին ու խօսել մեր անունից՝ այն ժամանակ, երբ ոչ ոք չէր կարող։ Եւ այսօր նա կրկին անում է այդ գործը՝ ոչ որպէս քաղաքական ուժ, այլ որպէս ազգի խիղճ։

Փաշինեանի ամօթալի յարձակումները Եկեղեցու դէմ պարզապէս խօսքեր չեն։ Դրանք փորձ են՝ նւաստացնելու եւ ապօրինացնելու միակ հաստատութիւնը, որը շարունակում է մնալ անկախ իր վերահսկողութիւնից։ Սակայն որքան ուժգին են յարձակումները, այնքան աւելի տեսանելի է դառնում նրա անապահովութիւնը՝ եւ այնքան աւելի ժողովուրդը գիտակցում է, թէ ով է իրապէս կանգնած իրենց կողքին։

Սա պարզապէս բախում չէ՝ Փաշինեանի կողմնակիցների եւ հոգեւոր դասի միջեւ։ Սա ճակատամարտ է Հայաստանի ոգու համար։ Եւ երբ իշխանութիւմը ընտրում է նսեմացնել Եկեղեցին՝ փոխարէնը պաշտպանելու իր ժողովրդին, նա կորցնում է թէ՛ բարոյական հեղինակութիւնը, թէ՛ ազգային լեգիտիմութիւնը»։

Related Articles

Back to top button