Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կատակի չվերածել, սա լուրջ է

ՎԱՀԷ ՀՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Կառավարութեան ղեկավարի ձեւակերպումները շոկի մէջ են դրել բոլոր նորմալ մարդկանց։ Իրավիճակը եւ արւելիք հետեւութիւնները կարիք ունեն ոչ թէ էմոցիաների, այլ՝ սառը բանաձեւերի։

Ինչո՞ւ է նա (նրանք) իրեն այդպէս պահում

Այս պայմաններում նա վերընտրւելու որեւէ շանս չունի։ Ինքը շատ լաւ հասկանում է։ Բայց մտածում է ոչ թէ հեռանալու մասին, այլ՝ պայմանների փոփոխութեան։ Նա անելու է ամէն ինչ՝ երկրում անասնական մթնոլորտ ձեւաւորելու համար։ Ամէն հնարաւոր ձեւերով փորձելու է խելագարանոց սարքել երկիրը։ Մտածող մարդկանց եւ պատասխանատու ուժերի խնդիրն է՝ սա հասկանալ ու թոյլ չտալ։

Ինչպէ՞ս արձագանքել նոր իրականութեանը

Հաշւի առնելով առաջին կէտի լուրջ ռիսկերը՝ պէտք է մշակենք համակեցութեան կանոններ։ Ըստ իս՝ ամենաճիշտ բանաձեւն է՝ զրօ կոնտակտ նրա եւ նրա նեղ թիմի հետ։

Քաղաքական ուժերը, հասարակութեան գիտակից շերտերը, սկզբունքային շերտերի արձագանքն այս նոր այլանդակ զարգացումներին պէտք է այդպիսին լինի։ Զրօ կոնտակտ նշանակում է զրօ կոնտակտ՝ ոչ մի հարց, ոչ մի պատասխանի ակնկալիք, ոչ մի շփում, ոչ մի առաջարկ, ոչ մի ընդհանուր բան։ Սա կը փոքրացնի նրա գործելու դաշտը։

Ինչպէս սկսել նրա հեռացումը

«Զրօ կոնտակտի» բանաձեւը պէտք է դառնայ քաղաքական եւ հանրային ուժերի միասնական ուղերձը լայն հասարակութեանը։ Պէտք է ձեւաւորել տոտալ մերժման մթնոլորտ։ Սա համախմբման կամ համախմբւած պայքարի կարեւորագոյն տարր է՝ միասնական մեսիջների ձեւակերպումը։ Այս այլանդակութիւններից յետոյ ոմանք դարձեալ նրա առջեւ ոտքի են կանգնելու, դարձեալ մեծարգոյ են ասելու, բուհերում, գուցէ աւելի դժւարութեամբ, բայց լցնելու են դահլիճներ։ Բայց դա իներցիա է, եւ հանրային էլիտաներից մերժման քաղաքական յստակ մեսիջ ստանալուց յետոյ վիճակն արագ փոխւելու է։ Մեծարգոյ ասողները, ոտքի կանգնողները, նկարի տակ ապրողները զգալու են իրենց հանդէպ փոփոխւող վերաբերմունքը։

Բոլոր երկրներում նման այլանդակությիւններին ի պատասխան՝ քաղաքացիները դուրս են գալիս փողոց։ Պէտք է պատրաստւել ի պաշտպանութիւն Հայ Առաքելական Եկեղեցու, ի պաշտպանութիւն մեզ, եւ ի պաշտպանութիւն մարդկային բարքերով արժանապատիւ հասարակութեան՝ հարիւր հազարներով փողոց դուրս գալու։ Նրան պէտք է կանգնեցնել: Կատարւողը կատակ չէ, սա հումորի թեմա չէ։ Քաղաքական ուժեր, հանրային էլիտա, պետական համակարգ, լայն հասարակութիւն, եկեղեցի, նորմալ մարդիկ. մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց մենք չենք ուզում երկիրը վերածել այլանդակութեան եւ ողբերգութեան թատերաբեմի։ Այս ամէնը վատ տեղ է տանում։

Related Articles

Back to top button