Արման Թաթոյեան. «Անհրաժեշտ է միջազգայնօրէն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականութեան մասին»
«ԱԼԻՔ» – Տաւուշի Կիրանց գիւղ տանող «այլընտրանքային» ճանապարհն անվտանգ չէ. գիւղը գտնւում է ադրբեջանական թիրախի ներքոյ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը:
«Անհրաժեշտ է միջազգայնօրէն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականութեան մասին, որ խաթարում է մեր անվտանգութիւնն ու կոպտօրէն ոտնահարում միջազգայնօրէն երաշխաւորւած իրաւունքները: Օրինակ`
1. Տաւուշում Հայաստանի պետական սահմանի, այսպէս կոչւած, «սահմանազատման» հետեւանքով ադրբեջանական զինւած ծառայողներն անիրաւաչափօրէն են յայտնւում գիւղերի հարեւանութեամբ. դա խաթարում է մարդկանց անվտանգութիւնը եւ կոպտօրէն խախտում է նրանց իրաւունքները:
2. Տաւուշի Կիրանց գիւղ տանող «այլընտրանքային» ճանապարհն անվտանգ չէ. գիւղը գտնւում է ադրբեջանական թիրախի ներքոյ:
3. Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Մարիամ Աստւածածին եկեղեցին յայտնւել է պետական սահմանին՝ ադրբեջանական անմիջական թիրախի ներքոյ:
4. Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Վազաշէն, Ոսկեպար եւ այլ գիւղերի ճանապարհներն անվտանգ չեն, եւ այդ գիւղերը կանգնած են մեկուսացման վտանգի առաջ:
5. Հայաստանի բնակիչների քաղաքացիական տներ յայտնւում են ադրբեջանական վերահսկողութեան ներքոյ:
Զեկոյցը` մանրամասն փաստերով, tatoyanfoundation.org կայքում»,- գրել է նա: