Գառնիկ Դանիէլեանը՝ ՔՊ-ականներին. «Ադրբեջանական դրօշնե՞րն է ձեզ ուրախացրել, թէ՞ դատարկւող գիւղը»
«ԱԼԻՔ» – Կիրանցում մարդուն ուրիշ ելք չեն թողնում, որ արտագաղթի։ Այս մասին յուլիսի 27-ին, Վայքում լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Տաւուշի մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։
«Հիմա, որ արդէն թշնամին առաջխաղացում է ունեցել Կիրանցում, ասում են նոր ճանապարհը մերն է, ցորենի, գարու ցանքսատարածութիւնները, որ կայ, ադրբեջանցիները արդէն հնձել են։ Հայկական վերահսկողութեան տակ գտնւող տարածքներում այսօր ադրբեջանցիները մարդկանց ձմեռւայ պաշարը հնձել են։ Հիմա էլ ասում են յատուկ ռեժիմ է գործում, գիւղում խմիչքի օգտագործումից սկսած մինչեւ երեկոները դուրս գալը, խնդիրներ են առաջացնում մարդկանց համար։ Այսինքն անելանելի իրավիճակ է ստեղծւում մարդկանց այդտեղ ապրելու»,- նշել է պատգամաւորը։
Անդրադառնալով շրջան այցելած ՔՊ-ակն պատգամաւորների դրական արտայայտութիւններին եւ գրառումներին, Դանիէլեանը նրանց ուղղւած հռետորական հարց է բարձրացրել. «Ադրբեջանական դրօշնե՞րն է ձեզ ուրախացրել, թէ՞ դատարկւող գիւղը»;
Պատգամաւորը խօսելով Վայոց Ձորի ոստիկանութեան աշխատակիցների վարքագծի մասին ասել է, որ քաղաքացիական հագուստով օպերատիւ աշխատակիցները հեռախօսներով նկարահանում են Վայոց Ձորում Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը մասնակցելու գնացած անձանց, ինչպէս նաեւ աւտոմեքենաները։
«Նիկոլի դարաշրջանը դարձել է 37 թիւը»,- ասել է նա: Ըստ նրա՝ այդ նկարահանումներին յաջորդելու են ճնշումները՝ մի մասի նկատմամբ տուգանքներով, միւսների նկատմամբ ապօրինի հետապնդումներով։