Փանջունուց մինչեւ մեր օրեր․ կամ՝ ինչպէս «մատնել համբոյրով»

ԱՐՄԻՆԷ ՎԱՐԴԱՆԵԱՆ
«…Յանուն Վասպուրականի հայ աշխատաւոր ժողովրդին՝ գրաւելով Ս. Վարդանայ վանքը, մենք կատարեցինք մի ակտ՝ որը ունի երկու որոշ նշանակութիւն, նախ՝ թէ վանքերը պէտք է լինին ուղղակի ժողովրդի ստացւածք եւ ո՛չ թէ կղերի էքսկլուզիական սեփականութիւն եւ երկրորդ՝ թէ նոքա պէտք է մատակարարւին ուղղակի այդ ժողովրդի կոնտրոլի տակ». սա հատւած է
«Ընկ. Բ. Փանջունի»՝ ցաւօք, ժամանակի հետ միշտ համահունչ քայլող երգիծավէպից։
Ի դէպ, հէնց Փանջունին էր առաջիններից, որ ամէն ինչ «շինելու» մոլուցքով տարւած, Վասպուրականի հայ ժողովրդի անունից Սուրբ Վարդանայ վանքը գրաւելուց յետոյ՝ անցնում է հին ապականւած դրութիւնը մերժելուն եւ, օրինակ, փոխում «Սուրբ Վարդան»-ի անունը, քան որ, ըստ Փանջունու, այն ներկայ իրականութեան հետ ո՛չ մէկ կապ չունի։
Ահա այսպէս վանքերը հնազանդեցնելու, ժողովրդի անունից գրաւելու փանջունիական մեթոդները հասան մեզ։
«Կտրիճ Ներսիսեանից ազատում ենք վեհարանը։ Որեւէ ամուսնացեալ բարեվարք քահանայ նշանակւում է Կաթողիկոսական տեղապահ, ով, բնականաբար, չի կարող յաւակնել Կաթողիկոսի գահին»,- դեռ յուլիսին ֆէյսբուքեան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինեանը։
Բայց սա չի սկիզբը երկանց. դեռ 2018 թւականի յուլիսին, երբ Վեհափառ Հայրապետը Գնդեվանքի ճանապարհին յայտնւել էր շրջափակման մէջ, կարելի է ասել՝ արդէն իսկ ազդարարւեց, թէ ինչ է սպասւում Հայ Առաքելական Եկեղեցուն։
Եւ ահա, աստիճանաբար պատնէշը բարձրացւեց. իշխանութիւնն իրեն զատեց եկեղեցուց եւ անգամ շատ համարեց հանրութեան գրպանից սնւող Հանրային Հեռուստաընկերութեան եթերում ամանորեայ աւանդական ժամանակացոյցը՝ Վեհափառ Հայրապետի ամանորեայ ուղերձի համար։
Յետոյ ի յայտ եկաւ յայտնի կալանաւորումներն ու արդէն կիրակնօրեայ արարողակարգերը, ու ինչպէս արդէն տեսնում ենք՝ այս ու այն ռանգի հոգեւորականներն այս ու այն պատճառաբանութեամբ սկսեցին ուրանալ Վեհափառ Հայրապետի անունը։
«Յուդայական մատնութիւնները շարունակւելու են, քանի դեռ չեն դադարում ուրանալ Աստծուն ու սրբութիւնները, արժէզրկել հայրենիքի նւիրական գաղափարը»,- երկու տարի առաջ էր այս մտահոգութիւնը յայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնի առիթով հայ ժողովրդին յղւած իր պատգամում:
Իսկ այդ օրերին Նիկոլ Փաշինեանը Յարութեան տօնի նախատօնակին իր էջում տեղադրում է («Յիսուս Քրիստոս Գերաստղ») ռոք-օպերայից Յուդայի պարտիան:
Փաստացի, այսօր Վեհափառ Հօր կանխասացութիւնն իրականութիւն է եւ հասել է եկեղեցուց ներս. ժամանակին նրա ձեռքը համբուրողները «դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ուրացան նրան»՝ ուղիղ եւ փոխաբերական իմաստներով։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը Սուրբ Պատարագի ընթացքում յիշատակւում է երեք անգամ. «Սուրբ Աստւած» երեքսրբեանին յաջորդող սարկաւագաց քարոզի եւ պատարագի Կանովնի աւարտին՝ պատարագիչ քահանայի «Եւս առաւել» աղաւթքի եւ սպասաւորաց դասի «Գոհութիւն» երգի ժամանակ՝ «Հայր Մեր»-ից առաջ»։
Նիկոլ Փաշինեանին ընդունող քահանաները երեք անգամ էլ ուրանում են Վեհափառին՝ մարդու, որի օծմամբ են այդ նոյն Պատարագը մատուցելու պատւին արժանացել։
168.am



