Այլ

Ձմերուկի մէջ պարունակւող L-ցիտրուլինը նւազեցնում է անօթային հիւանդութիւնների առաջացման ռիսկը

L-ցիտրուլինը, որը ձմերուկի բնական ամինաթթւային բաղադրիչ է, կարող է մեծացնել ազոտի օքսիդի արտադրութիւնը։ Այս մոլեկուլը կարեւոր դեր է խաղում անոթային տոնուսի կարգաւորման եւ սրտանոթային հիւանդութիւնների ռիսկի նւազեցման գործում։ Այս եզրակացութեանն են հանգել Ռիօ դէ Ժանէյրոյի դաշնային համալսարանի հետազօտողները։ Ուսումնասիրութեան արդիւնքները հրապարակւել են Nutrients ամսագրում։

Գիտնականները բացատրում են, որ L-ցիտրուլինը հանդիպում է ձմերուկի միջուկում, սակայն այս նիւթի խտութիւնն աւելի բարձր է կեղեւում։ Կլանման դէպքում L-ցիտրուլինը բարձրացնում է արեան մէջ L-արգինինի մակարդակը. ամինաթթու, որից սինթեզւում է ազոտի օքսիդը: Այս գազային մեդիատորը լայնացնում է արեան անոթները, բարելաւում արեան հոսքը եւ օգնում արեան ճնշման իջեցմանը։

«Ձմերուկային» L-ցիտրուլինի կարեւոր առանձնայատկութիւնն այն է, որ, ի տարբերութիւն L-արգինինի, միանգամից օգտագործւելիս չի քայքայւում լեարդում։

Այնուամենայնիւ, հետազօտողներն ընդգծում են, որ թարմ ձմերուկի գործնական կիրառումը որպէս L-ցիտրուլինի աղբիւրը սահմանափակ է: Պտղի մէջ այս նիւթի խտութիւնը ցածր է. նւազագոյն արդիւնաւէտ չափաքանակին հասնելու համար սննդակարգում հատապտղի միջուկի կամ կեղեւի զգալի քանակութիւն է անհրաժեշտ: Այս պատճառով գիտնականները խոստումնալից զարգացումներ են տեսնում ձմերուկի խտանիւթի տեխնոլոգիայի եւ մշակման այլ ձեւերի մէջ, որոնք թոյլ են տալիս L-ցիտրուլինի բարձր չափաքանակներ ստանալ առանց պտղի չափազանց մեծ սպառման։

Ուսումնասիրութեան հեղինակները նշում են երկարատեւ կլինիկական հետազօտութիւնների անհրաժեշտութիւնը, մասնաւորապէս սրտանոթային հիւանդութիւնների բարձր ռիսկի ենթարկւած անհատների մօտ: Նման հետազօտութիւնները կօգնեն որոշելու օպտիմալ դեղաչափերը եւ հաստատելու, թէ ինչպէս է ձմերուկի L-ցիտրուլինն ընդունակ ազդելու զարկերակային ճնշման, անօթների առաձգականութեան եւ էնդոթելի վիճակի վրայ:

News.am

Related Articles

Back to top button