BHB-Phe միացութիւնը կարող է նւազեցնել ախորժակը՝ ազդելով ուղեղի նէյրոնների վրայ
Բէյլորի բժշկական քոլեջի եւ Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները նոր միացութիւն են ստեղծել՝ BHB-Phe, որը կարգաւորում է ախորժակը եւ քաշը՝ փոխազդելով ուղեղի նէյրոնների հետ: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Cell ամսագրում:
Նախկինում ենթադրւում էր, որ BHB (բետա-հիդրօքսիբուտիրատ) միացութիւն է, որը արտադրւում է լեարդի կողմից եւ օգտագործւում է մարմնի կողմից որպէս էներգիայի աղբիւր: Սակայն, վերջին ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, որ BHB-ի մակարդակը բարձրանում է ծոմից եւ մարզւելուց յետոյ, ինչը գիտնականների ուշադրութիւնը գրաւել է գիրութեան եւ շաքարախտի դէպքում դրա հնարաւոր օգտագործման վրայ:
Նոր ուսումնասիրութեան ընթացքում Սթենֆորդի համալսարանի գիտնականների թիմը պարզել է, որ BHB-ն ներգրաււած է մէկ այլ կարեւոր նիւթափոխանակութեան գործընթացում: CNDP2 ֆերմենտը BHB-ն կապում է ամինաթթուներին՝ ձեւաւորելով միացութիւն, որը կարող է ազդել մարմնի քաշի եւ նիւթափոխանակութեան վրայ: Այդպիսի միացութիւններից է BHB-ֆենիլալանինը (BHB-Phe):
Բէյլորի համալսարանի գիտնականների թիմը ուսումնասիրել է, թէ ինչպէս է BHB-ֆենիլալանինը ազդում մկների կերակրման վարքի եւ մարմնի քաշի վրայ: Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ այս միացութիւնն ակտիւացնում է նէյրոնային պոպուլիացիաները հիպոթալամուսում եւ ուղեղի ցողունում, ինչը ճնշում է ախորժակը եւ նպաստում քաշի կորստին: Միեւնոյն ժամանակ, CNDP2 չարտադրելու համար գենետիկօրէն ձեւափոխւած մկներն աւելի շատ են կերել եւ գիրացել։
Բացի այդ, CNDP2 ֆերմենտը կարող է նաեւ արտադրել յարակից միացութիւն՝ Lac-Phe, որը նախկինում ապացուցւել էր, որ բուժում է ճարպակալումը մկների մօտ: Սակայն, ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, որ Lac-Phe-ը եւ BHB-Phe-ը գործում են ուղեղի տարբեր նէյրոնային խմբերի վրայ՝ առաջարկելով գործողութեան տարբեր մեխանիզմներ՝ չնայած կերակրման վարքագծի վրայ նման ազդեցութիւններին:
Գիտնականների կարծիքով, BHB-Phe-ն նոր հեռանկարներ է բացում նիւթափոխանակութեան խանգարումների հետ կապւած հիւանդութիւնների բուժման համար, ինչպիսիք են գիրութիւնը եւ շաքարախտը: Սակայն, աւելի շատ հետազօտութիւններ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թէ ինչպէս է միացութիւնն ազդում մարդկանց վրայ: