Վեգանական սննդակարգը կարող է օգտակար լինել երեխաների համար, բայց կայ մի խնդիր

Նոր լայնածաւալ հետազօտութիւնը ցոյց է տւել, որ վեգետարիանական կամ վեգանական սննդակարգը կարող է օգտակար լինել երեխաների համար, սակայն նրանք ստիպւած կը լինեն հարստացւած մթերքներ կամ յաւելումներ օգտագործել՝ բոլոր անհրաժեշտ սննդարար նիւթերը ստանալու համար:
Համաձայն Critical Reviews in Food Science and Nutrition ամսագրում հրապարակւած ակնարկի՝ բուսական սննդակարգը կարող է երեխաներին առողջական որոշակի առաւելութիւններ տալ, այդ թւում՝ սիրտ-անօթային համակարգի աշխատանքի աւելի բարենպաստ ցուցանիշներ՝ համեմատած մսակեր երեխաների հետ:
«Ստացւած տւեալները վկայում են այն մասին, որ «լաւ պլանաւորւած եւ անհրաժեշտութեան դէպքում՝ յաւելումներով լրացւած վեգետարիանական ու վեգանական սննդակարգը կարող է բաւարարել սննդարար նիւթերի պահանջարկը եւ նպաստել երեխաների առողջ աճին»,- յայտարարութեան մէջ նշել է ակնարկի առաջատար հեղինակ, Իտալիայի Ֆլորենցիայի համալսարանի հետազօտող Մոնիկա Դինուն:
Հետազօտողները նշում են, որ սա մինչ օրս երեխաների բուսական սննդակարգի վերաբերեալ ամենահամապարփակ ակնարկն է, յայտնում է Euronews-ը:
Նրանք վերլուծել են 18 երկրներից մօտ 49,000 երեխաների եւ դեռահասների տւեալներ՝ հետեւելով նրանց սննդային սովորութիւններին, առողջական ցուցանիշներին, աճին եւ սնուցման վիճակին: Ընտրանքում ներառւել են վեգետերիաններ (նրանք, ովքեր օգտագործում են կաթնամթերք եւ ձու, բայց չեն ուտում միս, ձուկ կամ թռչնամիս), ինչպէս նաեւ վեգաններ եւ ամենակերներ:
Վեգետարիան երեխաները, որպէս կանոն, աւելի շատ բջջանիւթ, երկաթ, ֆոլաթթու, վիտամին C եւ մագնեզիում են ստացել, քան ամենակերները, սակայն ստացել են աւելի քիչ էներգիա, սպիտակուց, ճարպ, վիտամին B12, վիտամին D եւ ցինկ:
Վեգանական սննդակարգերի վերաբերեալ տւեալներն աւելի քիչ են եղել, սակայն միտումները նման են եղել: Ինչպէս ցոյց է տւել ակնարկը, վեգան երեխաների մօտ յատկապէս ցածր է եղել կալցիումի սպառման մակարդակը:
Հետազօտողների խօսքով՝ բուսական սննդակարգով սնւող երեխաներին կարող են անհրաժեշտ լինել յաւելումներ կամ հարստացւած մթերքներ՝ մի շարք առանցքային սննդարար նիւթերի դեֆիցիտից խուսափելու համար։
«Կարեւոր է, որ առանց յաւելումների կամ հարստացւած մթերքների օգտագործման վիտամին B12-ի մակարդակը չի հասել բաւարար արժէքների, իսկ կալցիումի, յոդի եւ ցինկի սպառումը յաճախ հաւասարւել է առաջարկւող միջակայքերի ստորին սահմանին»,- ասել է ակնարկի հեղինակներից մէկը՝ Նիւ Եօրքի համալսարանի (ԱՄՆ) դոցենտ Ժանետ Բիսլին։
Թէ՛ վեգան, թէ՛ վեգետարիան երեխաների մօտ սիրտ-անօթային առողջութեան ցուցանիշներն աւելի լաւ են եղել, քան միս ուտողների մօտ։ Վեգետարիանները, որպէս կանոն, եղել են մի փոքր աւելի ցածրահասակ եւ նիհարակազմ. նրանց մօտ գրանցւել են մարմնի զանգւածի ինդեքսի (ՄԶԻ), ճարպային զանգւածի եւ ոսկրային հիւսւածքի հանքային պարունակութեան աւելի ցածր ցուցանիշներ։
Նրանց մօտ ցածր է եղել նաեւ խոլեստերինի մակարդակը, ներառեալ ցածր խտութեան լիպոպրոտեինների (ՑԽԼ) խոլեստերինը՝ այսպէս կոչւած «վատ» կամ «ոչ առողջարար» խոլեստերինը, որը կարող է յանգեցնել զարկերակներում վահանիկների առաջացմանը:
Աշխատանքն ունի նաեւ սահմանափակումներ: Օրինակ՝ դժւար է ապացուցել, որ հէնց երեխաների սննդակարգն է ուղղակիօրէն առաջացրել նրանց առողջական ցուցանիշների տարբերութիւնները: Բուսական սննդակարգ ընտրող ընտանիքները կարող են տարբերւել միս ուտողներից իրենց սոցիալ-տնտեսական վիճակով կամ ապրելակերպով:
Հետազօտողները ծնողներին խորհուրդ են տալիս մանրակրկիտ պլանաւորել երեխաների սնունդը, օրինակ՝ մանկաբոյժների եւ դիետոլոգների աջակցութեամբ:
Նրանք ասում են, որ աւելի շատ պաշտօնական ուղեցոյցներ են անհրաժեշտ, որպէսզի բուսական սննդակարգին հետեւող ընտանիքները կարողանան իրենց երեխաներին ապահովել աճի տարիներին անհրաժեշտ սննդանիւթերով։
«Մենք յոյս ունենք, որ այս արդիւնքները աւելի յստակ ուղեցոյցներ կը տան ինչպէս բուսական սննդակարգերի առաւելութիւնների, այնպէս էլ հնարաւոր ռիսկերի վերաբերեալ՝ օգնելով աւելի մեծ թւով ծնողների, ովքեր նման սննդակարգ են ընտրում առողջական, էթիկական կամ բնապահպանական պատճառներով»,- ասել է Մոնիկա Դինուն:
News.am



