Եւրոպան եւ Աֆրիկան մինչեւ 2040 թւականը կարող են կապւել ստորջրեայ եզակի թունելով

«ԱԼԻՔ» – Իսպանիայի եւ Մարոկկոյի իշխանութիւնները վերսկսել են Ջիբրալթարի նեղուցի տակով անցնող ստորջրեայ երկաթուղային թունելի ստեղծման յաւակնոտ ենթակառուցւածքային նախագծի քննարկումը, որը կարող է ուղղակիօրէն կապել Եւրոպան եւ Աֆրիկան: Հաղորդում է News.am-ը՝ Express-ին յղումով։
Նման կառոյցի գաղափարը քննարկւում է 20-րդ դարի վերջից, սակայն միայն հիմա՝ տեխնիկական հետազօտութիւնների շնորհիւ, այն կրկին յայտնւում է օրակարգում։
Նախագիծը նախատեսում է շուրջ 42 կիլոմետր երկարութեամբ թունելի կառուցում, որից մօտ 28 կիլոմետրը կանցնի ջրի տակով՝ ծովի մակարդակից աւելի քան 470 մետր խորութեան վրայ. դա աւելի խորն է, քան Լա Մանշի տակով անցնող յայտնի Եւրոթունելը։ Այն պէտք է ձգւի հարաւային Իսպանիայից (Կադիս նահանգի Պունտա Պալոմայի մօտակայքից) մինչեւ հիւսիսմարոկկոյական տարածաշրջան՝ Տանժերի մօտ գտնւող Մալաբատա հրւանդանը։
Իսպանական իշխանութիւնների պատւէրով գերմանական ընկերութեան իրականացրած վերջին ինժեներական հետազօտութիւնները հաստատել են նման թունելի տեխնիկական իրագործելիութիւնը ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներով՝ չնայած տարածաշրջանի բնական եւ երկրաբանական բարդութիւններին, մասնաւորապէս՝ նեղուցի խորութեանը եւ տեկտոնական պայմաններին։
Եթէ նախագիծն արժանանայ քաղաքական հաւանութեան, նախապատրաստական աշխատանքները կարող են սկսւել մօտաւորապէս 2030 թւականից, իսկ շինարարութեան հիմնական փուլը նախատեսւում է իրականացնել 2035-2040 թւականներին։ Այս ժամկէտները մօտաւոր են եւ կարող են փոփոխւել՝ կախւած պլանաւորման ընթացքից եւ երկրների միջեւ համաձայնեցումներից։
Նախագծի գնահատւած արժէքը կազմում է առնւազն 15 միլիարդ եւրօ։ Ակնկալւում է, որ Իսպանիան կը ներդնի շուրջ 8,5-9 միլիարդ եւրօ, իսկ մնացած մասը կը ֆինանսաւորի Մարոկկօն։
Թունելի կառուցման դէպքում այն կապահովի ուղղակի երկաթուղային հաղորդակցութիւն երկու մայրցամաքների միջեւ, ինչը նոր հնարաւորութիւններ կը բացի ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների, առեւտրի ու զբօսաշրջութեան համար, ինչպէս նաեւ կամրապնդի տնտեսական եւ մշակութային փոխգործակցութիւնը Եւրոպայի ու Հիւսիսային Աֆրիկայի միջեւ։



