Այլ

Երեխաների քմահաճութիւնն ուտելիքի հարցում գենետիկ գիծ է

Երեխային համոզելու փորձերը, որ ուտի այն, ինչը չի ցանկանում, կարող են ապարդիւն լինել։ Արցունքներ, հիստերիկա. շատ ծնողների այս զգացողութիւնը շատ լաւ է ծանօթ։

Նոր հետազօտութիւնը, որն իրականացրել են Լոնդոնի համալսարանական կոլէջի, Թագաւորական կոլէջի եւ Լիդսի համալսարանի գիտնականները,  ցոյց է տւել, որ երեխաների սննդի հետ կապւած քմահաճութիւնը «զգալի չափով գենետիկ գիծ է», այն դէպքում, երբ այլ գործօններ, ինչպիսին են մթերքների տեսքը, որոնք ուտում են երեխաները տանը, եւ դրանք ընդունելու տեղը, կարող են նշանակութիւն ունենալ միայն այն ժամանակ, երբ երեխան շատ փոքր է,- տեղեկացրել է CNN-ը։

Հետազօտութեանը մասնակցել են աւելի քան 2000 ինչպէս միաձու, այնպէս էլ տարաձու երկւորեակներ, որոնք ծնւել են 2007 թ. Մեծ Բրիտանիայում։ Ծնողները պատասխանել են իրենց երեխաների սննդային վարքի մասին հարցերին 16 ամսականից մինչեւ 13 տարեկան հասակում։ Միաձու երկւորեակների մեծ մասն ունի 100 տոկոս ընդհանուր գենետիկ նիւթ, այն դէպքում, երբ տարաձու երկւորեակները՝ ոչ, ինչը նշանակում է, որ հետազօտողները կարող էին համեմատել գենետիկայի եւ շրջակայ միջավայրի ազդեցութիւնը երկու խմբերի սննդային քմահաճութիւններում եւ եզրակացութիւններ անել դրանից։

Հետազօտութիւնը նաեւ ցոյց է տւել, որ ուտելիքի հացում պահանջկոտութիւնը հասնում է բարձրակէտին, երբ երեխան դառնում է 7 տարեկան, եւ մի փոքր նւազում է, երբ նա դառնում է դեռահաս։

Գիտնականները պարզել են, որ շրջակայ միջավայրի գործօնները նոյնպէս կարող են ազդել երեխայի սննդային քմահաճութիւնների վրայ վաղ տարիքում։ Դա կարող է նշանակել, որ եթէ երեխան պահանջկոտ է այդ տարիքում, վաղ միջամտութիւնը, ուղղւած այն բանին, որ օգնեն նրան սովորել ուտել մթերքների աւելի լայն տեսականի, կարող է նւազեցնել նրա պահանջկոտութիւնը ապագայում։ 

News.am

Related Articles

Back to top button