Ճարպոտ սնունդը խաթարում է աղիների եւ ուղեղի միջեւ կապը

Ճարպոտ սննդի քրոնիկական օգտագործումը քիմիական խափանում է առաջացնում, որը խզում է աղիքի եւ ուղեղի միջեւ կապը։ Միջազգային գիտնականների խմբի տւեալներով՝ հագեցած ճարպերի աւելցուկը կտրուկ բարձրացնում է աղինքերում սերոտոնինի մակարդակը, բայց միաժամանակ սպառում է ուղեղում դրա պաշարները, այն հատւածներում, որոնք պատասխանատու են տրամադրութեան, յիշողութեան եւ ախորժակի վերահսկման համար։ Աշխատանքը հրապարակւել է Nutritional Neuroscience (NN) ամսագրում։
Սերոտոնինի մօտ 95%-ը սինթեզւում է աղիքում, որտեղ այն կարգաւորում է սննդի շարժումը եւ արեան հոսքը։ Մնացած մասը, որը կրիտիկականօրէն փոքր է, ապահովում է ուղեղի աշխատանքը՝ ազդելով յոյզերի, ուսուցման եւ հագեցւածութեան զգացման վրայ։ Այս երկու համակարգերը մշտական երկխօսութիւն են պահպանում «աղիք-ուղեղ առանցքի» միջոցով։ Վերանայման հեղինաները փորձել են հասկանալ, թէ ինչպէս է ճարպոտ դիետան քայքայում այդ երկխօսութիւնը։
Աղիքի բջիջները՝ էնտերոքրոմաֆինային բջիջները, առանցքային դեր են խաղում։ Ճարպոտ սննդի ազդեցութեան տակ դրանք սկսում են սինթեզել սերոտոնինի աւելցուկային քանակութիւն, քանի որ այս գործընթացը գործարկող ֆերմենտներն ակտիւանում են աւելի ուժեղ, քան սովորաբար։ Զուգահեռաբար, խախտւում է փոխադրիչ սպիտակուցների աշխատանքը, որոնք պէտք է «հեռացնեն» աւելորդ սերոտոնինը։ Արդիւնքում, աղիքը լցւում է այս մոլեկուլով, իսկ դրա աւելցուկը հրահրում է բորբոքում եւ լորձաթաղանթի վնասում։ Աղիքի պատը դառնում է աւելի թափանցիկ եւ արեան մէջ են անցնում այն միացութիւնները, որոնք նորմայում չպէտք է լքեն մարսողական ուղին։
Միեւնոյն ժամանակ, ուղեղում հակառակ իրավիճակն է զարգանում։ Հիպոկամպում՝ յիշողութեան եւ էմոցիոնալ կայունութեան գօտում, սերոտոնինն արագօրէն քայքայւում է։ Պատճառը մոնոամինօքսիդազ A ֆերմենտի ուժեղացւած ակտիւութիւնն է, որը «վերամշակում է» նէյրոմիջնորդները աւելի արագ, քան ուղեղը հասցնում է դրանք օգտագործել։ Ի վերջոյ, ուղեղն աւելի վատ է ճանաչում հագեցւածութիւնը, ինչը գործարկում է չափից շատ ուտելու գործընթացը եւ մետաբոլիկ խափանումները։
Հեղինակների կարծիքով՝ խանգարումների ողջ շղթայի գլխաւոր միջնորդը կարող է լինել աղիքի միկրոբիոտան։ Առողջ բակտերիաներն արտադրում են կարճ շղթայական ճարպաթթուներ, որոնք պաշտպանում են ուղեղը եւ կարգաւորում սերոտոնինի փոխանակութեան ֆերմենտները։ Ճարպոտ սնունդը աղքատ է բջջանիւթով եւ օգտակար բակտերիաները չեն ստանում բաւարար սննդանիւթեր։ Պաշտպանական թթուների՝ մասնաւորապէս ացետատի եւ բուտիրատի մակարդակը նւազում է։ Արդիւնքում, խախտւում է սերոտոնինի ընկալիչների զգայունութիւնը եւ բորբոքումն աճում է։
Լրացուցիչ դեր են խաղում ախորժակի հորմոնները՝ լեպտինը եւ գրելինը։ Ճարպոտ դիետան փոխում է դրանց կոնցենտրացիաները եւ խախտում սերոտոնինի հետ համաձայնեցւած աշխատանքը։ Կորտիզոլի բարձր մակարդակը, որը բնորոշ է այն մարդկանց, ովքեր պարբերաբար ճարպոտ սնունդ են օգտագործում, նոյնպէս ուժեղացնում է սերոտոնինի քայքայումը, քանի որ այս հորմոնն ակտիւացնում է դրա քայքայման ֆերմենտները։
Ի վերջոյ, ինչպէս ընդգծել են հետազօտողները, օրգանիզմը յայտնւում է կրկնակի հարւածի վիճակում. աղիքը բորբոքւած է եւ լի սերոտոնինով, իսկ ուղեղը զգում է դրա քրոնիկ պակասը։ Սա յանգեցնում է կպչուն քաղցի, քաշի աւելացման, ստրեսի նկատմամբ կայունութեան նւազման եւ էմոցիոնալ խանգարումների, որոնք, իրենց հերթին հետագայում առաջացնում են չափից շատ ուտելու ցանկութիւն։
News.am



