Մեհմեթ Չոբան. «Հաջիեւը չէր կարող մեր միջոցով բան փոխանցել»
Վանում գտնւող հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

Վան նահանգի Իփեքիոլուի շրջանի Բաքրաչլը գիւղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է։ Տեղացիներն այդ վանքն անւանում են Եօթ եկեղեցի (Yedi Kilise): Վանքը կառուցւել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարաւարեւելեան հատւածում՝ Վարագայ լեռան լանջին։ Նախկինում այն եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդէն իսկ գոյութիւն չունի: Այն, ինչ մնացել է, միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանւել է միայն մէկ եկեղեցի, որը նոյնպէս փլուզման եզրին է:
Պատմական վանքը, որը մինչ օրս համապարփակ վերականգնման չի ենթարկւել, տարիների ընթացքում վանդալիզմի է ենթարկւել գանձ որոնողների կողմից եւ լրջօրէն վնասւել է 2011 թւականի Վանի երկրաշարժի ժամանակ։
Փլուզւած եկեղեցին արդէն 40 տարի է, ինչ գտնւում է տեղացի Մեհմեթ Չոբանի հոգածութեան ներքոյ։ Վարագավանքի հարեւանութեամբ կայ նաեւ մզկիթ, որի կրօնական առաջնորդը 1950-ականներին եղել է Մեհմեթի հայրը ու նա նշել է, որ կարեւոր է, որ հայկական այդ պատմական կառոյցը պահպանվի։ Նա նշել է, որ ժամանակին այդ վանքը ծառայել է որպէս գոմ եւ իր հոր նախազգուշացումների շնորհիւ է, որ այն չի շարունակել մնալ որպէս ախոռ։
«Հայրս կամեցել է, որ այս վայրը պահպանւի։ Ես այստեղ եմ 35-40 տարի, եւ նրա յիշատակի համար չեմ կարող լքել այն»,- նշել է նա։
Նա նաեւ յաւելել է, որ այս պարտականութիւնը կտակել է իր զաւակին՝ ասելով «Ամօթ մեզ, եթէ այն անտէր մնայ իմ մահից յետոյ։ Ես ասել եմ իմ զաւակին, բայց նրանք ասում են, որ դժւարութիւններ կունենան աշխատանքային ծանրաբեռնւածութեան պատճառով»։
Տեղացին նշել է, որ վանքը պահպանում է ամբողջութեամբ սեփական միջոցներով։ Ըստ նրա՝ գմբէթներից երեքը փլուզվել են ու ինքն այն ծածկել եմ փայտով եւ թիթեղով։ Ձմռանը, որբ ձիւն է տեղում, ինքն է այն մաքրում ու վանքի տարածքը մետաղական ցանցով պատում։
«Անցեալ տարի ես այն ամբողջութեամբ ծածկել եմ բրեզենտով, բայց քամին այն պատառոտել է։ Ես ամէն տարի գումար եմ ծախսում իմ սեփական գրպանից»,- նշել է նա։
Նա նաեւ շեշտել է, որ բազմիցս դիմել է համապատասխան հաստատութիւններին բայց չի ստացել անհրաժեշտ աջակցութիւն։ Ըստ նրա՝ Հայաստանից, Շւէյցարիայից, ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից տարբեր խմբեր պատրաստ են կամաւոր կերպով աջակցել վանքի պահպանմանը։ Միայն թէ վերականգնման ենթարկւի, բոլորը պատրաստ են օգնութեան, բայց եւ յաւելել է, որ պաշտօնական գործընթացներն առաջընթաց չեն գրանցում։
Ermenihaber.am






