Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Կոնֆլիկտաբանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին. «Հայաստանը ունի առաջնորդ, ով իր անձնական շահերն ու օրակարգը վեր դրեց ազգային շահերից»

«ԱԼԻՔ» – ԵԱՀԿ-ն դեկտեմբերի 1-ին, պաշտօնապէս յայտարարեց, որ լուծարւած է Մինսկի խումբը։

«2025 թւականի նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին ԵԱՀԿ-ն աւարտել է Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապւած կառոյցների փակման գործընթացը՝ համաձայն նախարարների խորհրդի 2025 թւականի սեպտեմբերի 1-ին ընդունւած որոշման, որն ընդունւել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Ֆինլանդիայի նախագահութեանն ուղղւած համատեղ դիմումից յետոյ»,- ասւում է յայտարարութեան մէջ։

Նշւում է, որ բոլոր անհրաժեշտ վարչական ընթացակարգերի աւարտը նշանաւորում է փակման գործընթացի աւարտը։

«Այս գործընթացը ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետութիւնների սեպտեմբերի 1-ին ընդունւած կոնսենսուսային որոշման իրականացումն էր, որն ընդունւել էր 2025 թւականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայութեամբ ստորագրւած պատմական համատեղ հռչակագրից յետոյ»,- ասւած է յայտարարութեան տեքստում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից յետոյ միջազգային կառոյցներում ի՞նչ ձեւաչափով պէտք է բարձրացւի ոչ միայն Արցախի խնդիրը, այլեւ արցախահայերի՝ Արցախ վերադառնալու իրաւունքի մասին հարցը։

Բանակցային գործի մասնագէտ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերութեան աւագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսեանի խօսքով՝ նախեւառաջ պէտք է լինի քաղաքական կամք, իսկ Հայաստանի օրւայ իշխանութիւնն այդ կամքը չունի։ Հակառակը՝ իշխանութիւնն ամէն ինչ արեց, որպէսզի կատարի Ալիեւի պահանջը, հիմա էլ փորձում է դրա վերջակէտը դնել այդ հարցում։

«Պէտք է լինի քաղաքական ուժ կամ ուժերի կոալիցիա, որը կը կարողանայ իրականացնել արցախահայերի արդար պահանջը։ Թէ ինչպէ՞ս, պարզ է՝ պէտք է աշխատել առանձին ուժային կենտրոնների հետ, եթէ անհրաժեշտութիւն լինի, պէտք է նաեւ նպատակ դնի նոր խումբ ձեւաւորելու, որը Մինսկ չի անւանւի, բայց նրա հիմնական գործառոյթները նոյնը կը լինեն։ Այսինքն՝ հարցը կը բարձրացնի, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում, որը հիմա կոչում են «խաղաղութիւն», բայց խաղաղութիւն չի լինում էթնիկ զտման միջոցով։ Փաստօրէն մենք գործ ունենք շատ անարդար մի վիճակի հետ, եւ այս վիճակն այն անձանց, որոնց ձեռնտու ու յարմար է, կոչում են՝ «խաղաղութիւն»»,- 168.am–ի հետ զրոյցում նշել է Արթուր Մարտիրոսեանը։

Նա եւս մէկ անգամ շեշտել է՝ խաղաղութիւն չի կարող լինել, եթէ չկայ արդարութիւն։ Հետեւաբար՝ նախեւառաջ արցախահայերի վերադարձի հարցը պէտք է լինի օրակարգում, իսկ այդ հարցն օրակարգ բերելու համար պէտք է բանակցել առանձին ուժային կենտրոնների հետ, համոզել, որ իրենց շահերից է բխում, որպէսզի հարցը նորից ներառւի օրակարգում։

«Ես նոյնիսկ այս պահին անհնարին ոչինչ չեմ տեսնում, բայց խնդիրն այն է, որ պէտք է ունենաս ե՛ւ քաղաքական կամք, ե՛ւ ճկուն դիւանագիտութիւն, որի պարագայում հնարաւոր կը լինի հասնել նպատակին»,- յաւելել է նա։

Ինչ վերաբերում է հարցին, թէ ինչպէ՞ս կը գնահատի Մինսկի խմբի անցնող տարիների աշխատանքի արդիւնաւէտութիւնը, կոնֆլիկտաբանը նկատել է՝ Մինսկի խմբի գործունէութիւնը կարելի է տարբեր ձեւով գնահատել՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ արբիտրի դերում չէին, այլ միջնորդ էին։ Իսկ միջնորդը մշտապէս փորձում է որքան հնարաւոր է՝ բալանսաւորել կողմերի շահերը, գտնել տարբերակ, որը կարողանայ պարտադրել կողմերին։

«Կարող էին ենթադրել, որ այդ տարբերակից Մինսկի խումբ հեռու չէր, չնայած այն տարբերակը, որը սեղանին էր՝ հայկական կողմը մերժեց, Նիկոլ Փաշինեանը պատրաստւում է սքանաւորել ու հրապարակել այդ տարբերակը։ Բայց մենք գիտենք, որ այդ տարբերակը հաստատ անընդունելի էր նաեւ Ադրբեջանի համար, բայց Մինսկի խումբը պատրաստ էր այդ առաջարկը մինչեւ վերջ հասցնել։ Դրա համար հայկական կողմը պէտք է փորձեր ստանալ այն, ինչն այդ պահին բխում էր իր շահերից։ Իհարկէ, դա կարող էր իդէալական տարբերակ չլինել մեզ համար, բայց կարող էր աւելի լաւը լինել, քան այն, ինչը մենք ստացանք։

Մինսկի խմբում տարբեր ուժեր էին, այդ ուժերը լաւ համագործակցում էին, իրենց միջեւ չկար տարբերութիւն։ Բայց դեռ մինչեւ Ուկրաինայի պատերազմը տարաձայնութիւններն այնպիսին էին, որ դժւարանում էին համագործակցել։ Միակ տեղը, որ չէին կարողանում համաձայնւել՝ խաղաղապահ ուժերի մասով էր, թէ որ երկրից պէտք է լինեն։ Ռուսաստանը պնդում էր, որ պէտք է ռուսական լինի, իսկ Միացեալ Նահանգները, Ֆրանսիան գոհ չէին այդ տարբերակից»,- ասել է Արթուր Մարտիրոսեանը։

Նրա դիտարկմամբ՝ դժւար էր ակնկալել, որ որպէս միջնորդ կազմակերպութիւն՝ այն կարող էր Արցախի հարցին միանման մօտեցում ցոյց տալ, քանի որ այդ երկրներն էլ ունեն տարբեր շահեր, այդ շահերը չեն մոռանում եւ ամբողջ գործընթացում նրանք պէտք է բաւարարեն նաեւ սեփական երկրների շահերը։

«Ի սկզբանէ պարզ էր, որ եթէ դու փորձում ես գտնել տարբերակ, որը պէտք է երկու կողմն էլ ընդունեն, դժւար ընթացք է, միշտ էլ մէկը կամ երկուսը կարող են մերժել տարբերակները։

Վստահութեան մթնոլորտն Ադրբեջանի հետ միշտ էլ բացակայել է, բայց Մինսկի խումբը հասել էր մի վիճակի, երբ կողմերից մէկին կամ երկու կողմերին էլ կարող էին ստիպել եղած տարբերակներից մէկը։ Բայց եղաւ այն, ինչ եղաւ։

Այն, որ Ալիեւը յայտարարում էր, թէ իրեն պարտադրում են ճանաչել Արցախը, մենք հասկանում ենք, թէ հայկական կողմն ինչու մերժեց, ինչպէս Փաշինեանն է ասում, որպէսզի իրեն դաւաճան չհամարէին։ Սա է մեր խնդիրն ու ողբերգութիւնը, որ ունենք առաջնորդ, ով իր անձնական շահերն ու օրակարգը վեր դրեց ազգային շահերից»,- ընդգծել է Արթուր Մարտիրոսեանը։

Related Articles

Back to top button