ՄիջազգայինՔաղաքական

PKK-ի լուծարումը՝ այլ ակնոցով. Իրականութի՞ւն, թէ՞ քարոզչական շոու

«ԱԼԻՔ» – «Քուրդստանի Բանւորական կուսակցութեան» (PKK) լուծարման մասին շատ է խօսւում: Հարցը կարեւոր է, քանի որ այս զինւած կազմակերպութիւնն ունի բազմաթիւ ճիւղաւորումներ համապատասխան գործողութիւնների կենտրոններով: Այն զգալի ներկայութիւն է ունեցել Մերձաւոր Արեւելքի կրակի կենտրոններից քանիսում՝ Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում

PKK-ի լուծարման կապակցութեամբ ուշագրաւ վերլուծական է հրապարակել «Սիրիան Խաբար» տելեգրամային ալիքի մեկնաբան, ռազմական հարցերով փորձագէտ՝ Քարիմ Ջաֆարին, ինչը նոյնութեամբ ներկայացնում ենք թերթիս այսօրւայ համարով:

Նշենք, որ յօդւածի բովանդակութիւնը հեղինակի տեսակէտներն են եւ կարող են չհամապատասխանել կամ չարտացոլել թերթիս տեսակէտները։

 

Քարիմ Ջաֆարի, «Սիրիան խաբար» – «Քուրդստանի Բանւորական կուսակցութեան» (PKK) լուծարման մասին, յատկապէս,  ասւում է. «Այն պէտք է վերաիմաստաւորւի տարբեր տեսանկիւններից»։ Այս հարցը կարեւոր է, քանի որ այս զինւած կազմակերպութիւնն ունի բազմաթիւ ճիւղաւորումներ եւ գործունէութեան կենտրոններ, եւ ինչպէս «Ալ-Քաիդան», նրա զինւած շարժումներից իւրաքանչիւրը, որը փորձում է թիրախաւորել Իրաքը, Սիրիան, Իրանը եւ Թուրքիան, ունի առանձին ինքնութիւն։ Հետեւաբար, ճիշտ չի թւում, որ մի քանի մարդ միասին նստեն ու որոշեն, որ այս կազմակերպութիւնն այլեւս լուծարւած է։ Հետեւաբար, պէտք է սպասել ու տեսնել, թէ ինչ է սպասւում առաջիկայ շաբաթների ու ամիսների ընթացքում, նոր եզրակացութիւններ անել այդ մասին։

Անցած տարիների ընթացքում ես բազմիցս ընդգծել եմ այս կարեւոր ու հիմնարար կէտը, որ «Քուրդստանի Բանւորական կուսակցութիւն»-ն ու այս զինւած քաղաքական ու գաղափարախօսական կազմակերպութեան ձեւաւորումը հէնց թուրքական հետախուզական ծառայութեան գործն էր։ Տարիներ շարունակ բազմիցս գրել եւ խօսել եմ այն ​​​​գործառոյթի մասին, որը թուրքերը նախատեսել են PKK-ի համար եւ այն առաքելութեան մասին, որը նրանք սահմանել են դրա համար։ Նպատակները բազմաթիւ էին ու բազմաբովանդակ: Բայց հիմնականն ու ամենակարեւորը՝ Իրաքում, Սիրիայում եւ նոյնիսկ Իրանում քրդական զինւած խմբաւորումների միջոցով անապահովութեան տարածումն էր՝ այդ երկրներում հետագայ միջամտութիւնների նպատակով, եւ, կարծես, այս գաղափարի մշակողներին, մասամբ, յաջողւեց որոշակի յաջողութիւններ գրանցել: 

Հետաքրքրւած չեմ կառավարական որոշ  քաղաքական հոսանքների կողմից առաջ քաշւող վերլուծութիւններով ու գաղափարներով: Փոխարէնը գիտեմ, որ ժամանակը կը գայ ու կը բացայայտւի իրականութիւնն ու ճշմարտութիւնը:

Դեռ տարիներ առաջ եմ գրել, որ եթէ թուրքական քաղաքական-անվտանգային ապարատը հասնի իր սահմանած արդիւնքներին, չի վարանելու «Քուրդստանի Բանւորական կուսակցութիւն»-ը լուծարել: Եւ կարծես, Անկարան այսօր հասել է այդ սահմանած արդիւնքներին։ Հնարաւոր է՝ նրանց ուժը չհերիքեց Իրանի դիմաց, եւ հասկացան, որ Իրանը եւս ներթափանցել էր «Քուրդստանի Բանւորական կուսակցութեան» խորքերը, բայց առնւազն Իրաքում եւ փաստացի կերպով Սիրիայում նրանք հասան իրենց սահմանած նպատակներին։

Այժմ Էրդողանի հետ կապւած, «բազմացեղ թուրք ահաբեկիչների» կողմից Դամասկոսի օկուպացիայի հետ մէկտեղ պարզ դարձաւ, որ PKK-ի ծառայութիւններն այլեւս անհրաժեշտ չեն (Անկարային)։ Մինչդեռ թուրքերը տասնեակ անօրինական բազաներ ունեն Հիւսիսային Իրաքում եւ ամէն օր են գրոհում Հիւսիսային Իրաքի քաղաքների ուղղութեամբ: Այնպէս, որ, շուտով կերեւայ, թէ որքանով է իրականութեանը համապատասխանում «Քուրդստանի Բանւորական կուսակցութեան» (PKK) լուծարման մասին լուրը։ Այսքանից յետոյ, եթէ թուրքական զաւթիչ բանակը դիւերսիոն գործողութիւններ չիրականացնի Իրաքում եւ իր ուժերը դուրս բերի Հիւսիսային Իրաքից, այդ ժամանակ էլ կարող էք հաստատել, որ «Քուրդստանի Բանւորական կուսակցութիւն»-ը նոյնպէս «մասամբ» լուծարւած է։ Այլապէս, չկասկածէք, որ Հաքան Ֆիդանի հերթական շահարկումների խաղն էր այս բոլորը, կապւած լուծարման մասին տեղեկատւութեան տարածման հետ:

Հետագայում կը հաստատենք, թէ ինչ կարգի շահարկումներ են  իրականացւել տեղեկատւական դաշտը շեղելու համար: Սակայն իմ կարծիքով, եւ ինչպէս նշել եմ այս տարւայ մարտ ամսւայ իմ գրառումներում, նման տեղեկատւութիւնները բացարձակապէս կապ չունեն իրականութեան հետ եւ ճշգրիտ չեն։ PKK-ն կարող է լուծարւած լինի Էրդողանի անվտանգային-քաղաքական ապարատի կարծիքով, բայց այս կէս դար պատմութեան ընթացքում այդ գաղափարներով մեծացած ու դաստիարակւած սերունդների համոզմունքներում այն ​​ոչ մի կերպ չի կարող լուծարւել։ Աւելի շուտ, այն կը շարունակի գոյութիւն ունենալ տարածաշրջանի քրդերի զգալի մասի համար իր արմատների շնորհիւ։ Այժմ, երբ Սիրիայի զգալի մասը գրաււած է Էրդողանի հետ դաշնակցած «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների կողմից, նա փորձում է ցոյց տալ, որ դիրքորոշւում է ահաբեկչութեան դէմ…

Այս մասին աւելի ուշ, բայց նրանք, ովքեր ողջունել են «լուծարումը», բոլորից լաւ են գիտակցում, որ լուրերն ու տեղեկատւութիւնը տարածելով վերահրապարակում են Էրդողանի օգտին գործող շոուն, որը նպատակադրւած պատրաստւել է նրա քարոզչամեքենայի կողմից։ Քանի դեռ քրդերը շարունակում են Թուրքիայում մնալ որպէս երկրորդ կարգի քաղաքացիներ, եւ այնտեղ տիրում է էթնօ-լեզւական խտրականութիւնը, գուցէ պէտք է սպասել «Քուրդստանի Բանւորական կուսակցութիւն»-ից (PKK) աւելի քաղաքականապէս հասուն եւ ակտիւ զինւած շարժումների ձեւաւորմանը, որոնք այլեւս «ՄԻԹ»-ի (Թուրքիայի հետախուզական ծառայութիւն) վերահսկողութեան տակ չեն եւ աւելի դժւար կը լինի պայքարել ու վերահսկել նրանց։

Related Articles

Back to top button