Աւետ Ադոնց. «Իրանը, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը դեռ թոյլ չեն տալիս Ալիեւին յարձակւել Սիւնիքի վրայ, բայց իրավիճակը կարող է փոխւել»
Ադրբեջանն այսօր հակաիրանական օրակարգ ունի ԱՄՆ-ի հետ

«ԱԼԻՔ» – Ադրբեջանն այսօր հակաիրանական օրակարգ ունի ԱՄՆ-ի հետ։ Այս մասին News.am–ի «Ուժի գործօն» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազօր դեսպան, Դիւանագէտների համահայկական խորհրդի համահիմնադիր Աւետ Ադոնցը։
«Ալիեւն իր անթոյլատրելի քայլերն անում է՝ հաշւի առնելով, որ Ադրբեջանը պէտք է Արեւմուտքին հակաիրանական օրակարգի շրջանակներում եւ յուսալի գործընկեր է, որն ապացուցել է գետնի վրայ։ Երկրորդ պատճառը, որ Ալիեւն իրեն գերվստահ է զգում, այն է, որ Հայաստանն է շատ թուլացել, կորցրել է իր բոլոր դերերն ու տեղերը առնւազն այս տարածաշրջանում։ Ռուսաստանի համար ի՞նչ է մնում, մնում է Ադրբեջանը»,- ասել է նա։
Հարցին՝ ի՞նչն է զսպում Ալիեւին, որ Հայաստանի վրայ չյարձակւի եւ չլուծւի միջանցքի հարցը, Ադոնցը պատասխանել է. «Նախ Ռուսաստանը։ Դեռ Ռուսաստանը խանգարում է թէ՛ Ալիեւին, թէ՛ Թուրքիային իրականացնել այն, ինչը Թուրքիայի արտաքին քաղաքական դոկտրինում գրւած է, որ Հայաստան պետութիւն չպէտք է լինի։ Եւ նաեւ խանգարում են շատ թոյլ ֆրանսիական ազդակները։ Չնայած այսօր ես դրանց այդքան չեմ վստահում, որովհետեւ ֆրանսիական կամ եւրոպական առաջնահերթութիւնները լրիւ ուրիշ տեղ են, Ուկրաինայի հետ են կապւած, եւ, այնուամենայնիւ ԱՄՆ-ն։ ԱՄՆ-ից ազդակները յստակ են, որ չի կարելի այդպիսի բան անել։ Դրանց մէջ առաջին հերթին, իհարկէ, Ռուսաստանն է։ Չլինէր Ռուսաստանի գործօնը, ես դժւարանում եմ պատկերացնել, թէ ինչ կը լինէր այսօր։ Իհարկէ կայ նաեւ Իրանի գործօնը։
Եթէ հնարաւոր պատերազմի դէպքում Իրանը թուլանայ, նրա բոլոր կարմիր գծերը, որոնք այդ երկիրը հնչեցրել է Հայաստանի մասով, իհարկէ, կանտեսւեն։ Այդ դէպքում այլ երկրներ կը խրախուսեն Ադրբեջանին անցնել այդ կարմիր գծերը»։
Հայաստանի իշխանութիւնը ցանկութիւն չունի վերացնել Ռուսաստանի հետ առկայ ճգնաժամը
Խօսելով հայ-ռուսական յարաբերութիւնների մասին, Աւետ Ադոնցն ասել է, որ ՀՀ գործող իշխանութիւնների պարագայում չի տեսնում, որ հնարաւոր է դուրս գալ Ռուսաստանի հետ յարաբերութիւններում առկայ ճգնաժամից, քանի որ առնւազն Հայաստանում այդ ճգնաժամից դուրս գալու ցանկութիւն էլ չկայ. «Հայաստանի ԱԺ նախագահը ՌԴ դեսպանի հետ հանդիպումից յետոյ ասուլիս է տալիս ու ասում՝ Ռուսաստանը մեր նկատմամբ հիբրիդային պատերազմ է իրականացնում։
Այսօրւայ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը հիմնւած է «հակա» սկզբունքի վրայ՝ հակառուսաստան, բայց շահել մաքսիմումը Արեւմուտքից։ Չի կարելի փչացնել յարաբերութիւններն անգամներ ինչ-որ մի մեծ աշխարհաքաղաքական բեւեռի հետ՝ շահելու համար երրորդ տեղում ինչ-որ մի կապիտալ։ Սա առողջ չի, մանիպուլեացիա է, որը սովորաբար միջազգային քաղաքականութեան մէջ չի ներւում»,- նշել է նա: