Հայաստան - Արցախ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսի նախագահութեամբ եպիսկոպոսները եւ թեմակալ առաջնորդները հանդէս են եկել յայտարարութեամբ Արցախի գերեվարւած ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրաւունքների ոտնահարման դէպքերի վերաբերեալ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահութեամբ Հայաստանի եպիսկոպոսները եւ թեմակալ առաջնորդները հանդէս են եկել յայտարարութեամբ Արցախի Հանրապետութեան գերեվարւած ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրաւունքների ոտնահարման դէպքերի վերաբերեալ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Օրեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան յանցաւոր չարախնդութեամբ եթեր հեռարձակեց Արցախի Հանրապետութեան գերեվարւած ռազմաքաղաքական ղեկավարների հետ պարտադրւած հարցազրոյցների հիման վրայ յօրինւած, առաջիկայ մարտի 28-ին ցուցադրութեան նախատեսւած, այսպէս կոչւած «Անտիտեռոր» վերնագրւած ֆիլմի անոնսը:

Արցախի առեւանգւած ու պատանդառւած ղեկավարների նկատմամբ ցուցաբերւող նման քայլը հերթական անգամ բացայայտում է ադրբեջանական իշխանութիւնների որդեգրած քաղաքականութեան հակահայկական էութիւնը:

Ամօթալի նմանօրինակ գործողութիւններով ուղղակիօրէն ոտնահարւում եւ անարգւում են միջազգայնօրէն ճանաչւած մարդկային հիմնարար իրաւունքները։ Հերթական անգամ փորձ է արւում գերեվարւած անձանց խոցելիութիւնն օգտագործելու անբարոյ գործելաոճի միջոցով ապակողմնորոշել միջազգային հանրութեանը եւ տասնամեակներ շարունակ ադրբեջանական բռնութիւնների ու գոյաբանական սպառնալիքների դէմ արցախահայութեան մղած ինքնորոշման արդարացի պայքարը ներկայացնել որպէս ահաբեկչութիւն:

Գերեվարւած հայորդիներին նւաստացնող բացայայտ այս գործողութիւնները կրկին ակներեւ են դարձնում խաղաղութեան հասնելու Ադրբեջանի ղեկավարութեան հաւաստիացումների կեղծ ու նենգամիտ բնոյթը:

Խաղաղութիւնը չի կարող կերտւել հայ ժողովրդի արժանապատւութեան ոտնահարման, ատելութեան ու թշնամանքի շարունակական սերմանման եւ արցախահայութեան արդար իրաւունքների նկատմամբ անյարգալից դրսեւորումների պայմաններում:

Հայաստանի իշխանութիւնները «խաղաղութեան դարաշրջան» կերտելու իրենց ձգտումներում առաջնայնօրէն պէտք է հասնեն Ադրբեջանի կողմից նմանօրինակ ագրեսիւ ու թշնամական գործողութիւնների բացառմանը եւ բոլոր հայ գերիների անպայմանաւոր ազատ արձակմանը:

Կոչ ենք ուղղում միջազգային հանրութեանը, մարդասիրական առաքելութիւն իրականացնող կազմակերպութիւններին` համարժէքօրէն արձագանգել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի դրսեւորած յիշեալ զազրելի գործողութիւններին եւ առաւել գործնական ու ազդու միջոցներ կիրառել հայ գերիների իրաւունքների պաշտպանութեան եւ հայրենիք շուտափոյթ վերադարձի ուղղութեամբ:

Աղօթում ենք Երկնաւոր Տիրոջը, որ զօրացնի բոլոր նեղեալներին ու գերեալներին` յաղթահարելու համար մարդկային չարիքի ու արհաւիրքի պատճառած զրկանքներն ու տառապանքները:

Թող Ամենազօր Աստւած օրհնի մեր երկիրն ու ժողովրդին եւ խաղաղութիւն սփռի համայն աշխարհում ու մեր տարածաշրջանում»:

Yerkir.am

Related Articles

Back to top button