Իրանցի փորձագէտի ակնարկը՝ Բաքւի համագործակցութեամբ Կովկասում երկրորդ Իսրայէլի ստեղծման վտանգների մասին
«ԱԼԻՔ» – Միջազգային իրաւունքի աւագ փորձագէտ եւ Եւրասիական հարցերով փորձագէտ դոկտ. Ահմադ Քազեմին իր ինտերնետային կայքում հրապակած վերջին յօդւածով անդրադարձել է սիոնիստական ռեժիմի երկարատեւ ծրագրերին, տարածաշրջանում երկրորդ Իսրայէլի ստեղծման նպատակով, որի կարեւոր նախապայմաններից մէկը Մոսկւայի եւ Թեհրանի միջեւ բուֆերային գօտիների վերահսկումն է: Իսկ սա իրականացւել է «Դարի ամենամեծ էթնիկ զտումներից» մէկի՝ հայերի պատմական բնակավայր հանդիսացող Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածով։ Փորձագէտը յաւելել է, որ այդ «էթնիկ զտումներն» ուղեկցւել է Քրիստոնէական աշխարհի լռութեամբ, որի հետեւանքով աւելի քան 120 հազար հայ է վտարւել իր պատմական բնօրրան Ղարաբաղից:
Նա յօդւածի սկզբում նշելով, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը միշտ էլ առանձնայատուկ գրաւչութիւն է ունեցել սիոնիստական ռեժիմի համար, յատկապէս, շիա բնակչութեան մեծամասնութեան, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ բուֆեր լինելու եւ ունեցած էներգետիկ ռեսուրսների պատճառով, անդրադարձել է Ադրբեջանի Հանրապետութիւնում վերջին երեք տասնամեակների ընթացքում Թել Աւիւի քաղաքական, ռազմական, անվտանգային, տնտեսական, էներգետիկ, մշակութային, կրթական (միջամտութեամբ՝ դասագրքերի կրթական բովանդակութեան մէջ), պատմական (Հանրապետութեան պատմութեան կեղծում) գործունէութեանը:
Սիոնիստները կենտրոնանալով հին հրէական կայսրութեան յաւակնութեան վրայ փորձում են խազարականների անւան տակ ստեղծել ենթադրեալ քաղաքակրթութեան ճարտարապետական մոդելը՝ Բաքւում եւ Ադրբեջանի Հանրապետութիւն կոչւող տարածաշրջանի այլ քաղաքներում սիոնիստական ու մասոնական խորհրդանիշերի տարածումն ու հաստատումը դիւրին դարձնելու համար:
Փորձագէտը նկատել է տալիս, որ հակաիրանական էթնիկ ցանցերի ստեղծումը եւս նրանց օրակարգի կարեւոր կէտերից մէկն է, որով շիականութեան դէմ, ինչպէս նաեւ Ադրբեջանի Հանրապետութիւնում բնակւող հրեաների թւաքանակի ուռճացման պրոպագանդան խօսում է այն մասին, որ սիոնիստական ռեժիմը Ադրբեջանի Հանրապետութիւնում «նորմալ նպատակներ» չի հետապնդում։
Դոկտ. Քազեմին յաւելել է, որ սիոնիստական իշխանութիւնները բազմիցս Ադրբեջանի Հանրապետութիւնն անւանել են «հրեաների երկրորդ տուն», ինչը, իհարկէ, պատմականօրէն անհիմն է։ «Ուկրաինայի պատերազմից յետոյ «Սուխնոտ» գործակալութեան կենտրոնը (հրէական գործակալութիւն) Մոսկւայից տեղափոխւեց Բաքու։ Դրանից յետոյ մի քանի անգամ աւելացել են Բաքու-Թել Աւիւ կանոնաւոր թռիչքները։ «Սուխնոտ»-ը սկսել է հրեաներին բնակեցնել Բաքւում երկու տասնամեակի ընթացքում կառուցւած բնակարաններում»,- նշել է փորձագէտը:
«Դրանից յետոյ էր, որ սիոնիստական ռեժիմի անմիջական օգնութեամբ եւ Բաքւի կողմից 2023 թւականի սեպտեմբերին տեղի ունեցաւ «դարի ամենամեծ էթնիկ զտումներից» մէկը՝ հայերի պատմական բնակավայր հանդիսացող Լեռնային Ղարաբաղում։ Այս «էթնիկ զտումների» ընթացքում, որն ուղեկցւում էր Քրիստոնէական աշխարհի լռութեամբ, աւելի քան 120 հազար հայ վտարւեց Ղարաբաղից, եւ այս շրջանն այժմ ամայի է։ Ներկայումս ժողովրդագրական փոփոխութիւնը Ղարաբաղի յարակից շրջաններում (Զանգիլան, Ղոբատլի, Աղդամ, Քարվաճառ եւ Լաչին) կատարւում է սիոնիստական ռեժիմի ընկերութիւնների կողմից «խելացի գիւղերի» ստեղծման, ինչպէս նաեւ Սիրիայից վտարւած թաքֆիրական ընտանիքների բնակեցման քողի ներքոյ։ «Անմարդաբնակ Ղարաբաղում» հրեաների բնակեցման նախերգանքն է»,- արձանագրել է փորձագէտը։
Յօդւածագիրը շարունակութեան մէջ ընդգծել է, որ սա է հիմնական պատճառը, թէ ինչու «Քրիստոնեայ Անգլիան» շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղից «քրիստոնեայ հայերի» էթնիկ զտմանը, եւ յաւելել. «Արգենտինայի Պատագոնիա շրջանում» «երկրորդ Իսրայէլ» ստեղծելու ծրագրի տապալումից յետոյ սիոնիստական ռեժիմը Ադրբեջանի Հանրապետութիւնում հետեւում է նոյն ծրագրին: Որովհետեւ, բացի աշխարհաքաղաքական դրդապատճառներից, Ալիեւների ընտանիքը, որը, ըստ որոշ եւրոպական կառոյցների արձանագրութիւնների, աշխարհում ֆինանսական կոռուպցիայի սանդղակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը, ոչինչ անել չի կարող սիոնիստական ռեժիմի դէմ։ Ալիեւի ընտանիքը պարտաւորւել է Ղարաբաղում սիոնիստների բնակեցումը հաստատել՝ սիոնիստական ռեժիմի ռազմական եւ Անգլիայի քաղաքական (Անվտանգութեան խորհրդում) աջակցութեան դիմաց ստանալ Ղարաբաղը: Ալիեւի ընտանիքի քաղաքականութիւնը եւրոպիզմից եւ ամերիկանիզմից (Հէյդար Ալիեւի օրօք՝ 1993-2003 թթ.) փոխւել է Իլհամ Ալիեւի օրօք (2003 թ.-ից) «իսրայէլականութեան»։ Այսօր, չնայած Գազայում սիոնիստական ռեժիմի զանգւածային ցեղասպանութեան դէմ միջազգային բողոքներին, Ալիեւի ընտանիքը այս ռեժիմին անհրաժեշտ նաւթի ամենամեծ մատակարարն է»,- գրում է միջազգային իրաւունքի աւագ փորձագէտը։