Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Կախա Գոգոլաշւիլի. «Չի բացառւում, որ բանակցութիւնների յաջորդ հանգրւանը Մոսկւան լինի, սակայն ժամանակաւոր»

«Մոսկւան պատրաստ է հարթակ տրամադրել Երեւանի եւ Բաքւի ներկայացուցիչների միջեւ բանակցութիւնների համար եւ կը ստեղծի ամենայարմար պայմանները»,- օրերս նման անակնկալ յայտարարութեամբ հանդէս եկաւ ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խօսքով՝ տարածաշրջանում կայուն եւ երկարաժամկէտ խաղաղութեան հասնելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի կնքման ակտիւ նախապատրաստման կարեւորութիւնը յատկապէս ընդգծւել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2022 թւականի հոկտեմբերի 31-ի յայտարարութեան մէջ: Զախարովան յիշեցրել էր, որ պայմանաւորւածութիւն էր ձեռք բերւել նաեւ «շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը՝ հիմնւած առկայ զարգացումների վրայ»։

«Ռուսաստանի Դաշնութիւնը խոստացել է շարունակել հնարաւոր աջակցութիւն ցուցաբերել դրան։ Այսինքն՝ մեր մօտեցումը ոչ միայն կայուն է, դա արձանագրւած է նաեւ ստորագրած փաստաթղթում։ Իհարկէ, նման օգնութեան ծաւալն ու ձեւը պէտք է ընդունելի լինեն բանակցող կողմերից իւրաքանչիւրի համար։

Ձեռք բերւած պայմանաւորւածութիւններին համահունչ՝ Մոսկւան բազմիցս ընդունել է հայ-ադրբեջանական բանակցութիւնների փուլեր՝ խաղաղութեան պայմանագրի նախագծի շուրջ։ Պատրաստ ենք, ինչպէս միշտ ընդգծել եմ, շարունակել դա անել։ Մենք երաշխաւորում ենք ամենայարմարաւէտ պայմանների ստեղծումը երկու պատւիրակութիւնների աշխատանքի համար իրենց նախընտրած երկկողմ ձեւաչափով»,- ասել էր դիւանագէտը։

Միեւնոյն ժամանակ, ինչպէս յաւելել էր Զախարովան, Ռուսաստանի Դաշնութիւնը ողջունում է իր ղազախ գործընկերների ջանքերը, որոնք նախաձեռնել եւ կազմակերպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը մայիսի 10-11-ը Ալմաթիում։

Զախարովան նշել էր, որ Ռուսաստանի Դաշնութիւնը կողմերի միջեւ հաւասարակշռւած խաղաղութեան պայմանագրի կնքումը համարում է անփոխարինելի նախապայման տարածաշրջանում անվտանգութեան եւ կայուն տնտեսական զարգացման ճարտարապետութեան կառուցման համար:

Նա յոյս էր յայտնել, որ առկայ տարաձայնութիւնները շուտափոյթ կը լուծւեն, եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման այլ ոլորտներում յաջող առաջընթաց կը կատարւի ամենաբարձր մակարդակով երկկողմ պայմանաւորւածութիւններին համապատասխան:

«Հարաւային Կովկասի ճակատագիրն ու ապագան պէտք է որոշեն բացառապէս տարածաշրջանի երկրները եւ հարեւան գործընկեր պետութիւնները։ Եւ դրսից ոչ ոք հաստատ խաղաղութիւն ու բարեկեցութիւն չի բերի մեր ընդհանուր տանը։ Դա ապացուցւած է դարերով»,- ընդգծել էր նա։

Այս կապակցութեամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադէն ասել է, որ Բաքուն դէմ չէ Ռուսաստանի մասնակցութեամբ բանակցութիւններին եւ, ընդհանուր առմամբ, սատարում է Հայաստանի հետ քաղաքական երկխօսութեան ցանկացած հնարաւորութիւն։ Երեւանը դեռ չի արձագանգել Մոսկւայի առաջարկին։

Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշւիլին 168.am-ի հետ զրոյցում ասել է, թէ չի բացառւում, որ բանակցութիւններ տեղի ունենան նաեւ Ռուսաստանում։

Ըստ նրա՝ եթէ ՌԴ-ից տեւական պասիւութիւնից յետոյ հարթակ է առաջարկւում, ապա դա ամենեւին պատահական չէ, առաջարկի հիմքում կայ եւ աշխարհաքաղաքական, եւ ռեգիոնալ վերլուծութիւն ու ծրագիր։

«Եթէ կայ ծրագիր, ապա ոչ միայն այս առաջարկը, այլ գուցէ լինեն զարգացումներ, որոնք կը նպաստեն, որպէսզի բանակցութիւններ տեղի ունենան այս հարթակում։ Պէտք է ընդունել, որ Արեւմուտքը մեծ ակտիւութիւն է ցուցաբերում միջնորդութիւն հաստատելու համար, սակայն դա ուղեկցւում է բարդութիւններով, քանի որ Ադրբեջանը ցանկանում է բանակցել ուղիղ։ Հարց է նաեւ՝ ընդունելով Մոսկւայի առաջարկը, որքա՞ն երկար Բաքուն կը բանակցի այս հովանու ներքոյ։ Վերջին տարիներին տեսնում ենք, որ որպէս կայուն միջնորդ որեւէ երկրի հարթակ չի ամրագրւում։ Դա, իհարկէ պայմանաւորւած է աշխարհաքաղաքական թէժ զարգացումներով, ինչպէս նաեւ կողմերի ցանկութեամբ, այս դէպքում Ադրբեջանի, ինչը նշանակում է, որ Մոսկւայում բանակցութիւններ հնարաւոր են արեւմտեան ակտիւութիւնը թուլացնելու համար, սակայն ինչպէս արեւմտեան հարթակը, սա եւս կարող է կայուն չլինել։ Սա վերջին տարիների միտումն է, որն, ինչպէս նշեցի, ունի պատճառների արտաքին ու ներքին կողմ»,- ասել է վերլուծաբանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը ոչ միայն ցանկանում է ուղիղ բանակցել, այլեւ ամենայն հաւանականութեամբ Արեւմուտքում չի ցանկանում բանակցել այն պատճառով, որ ՀՀ-Արեւմուտք յարաբերութիւններում կան փոփոխութիւններ դէպի յարաբերութիւնների սերտացում։

«Ադրբեջանը, ինչպէս տեսնում ենք յայտարարութիւններից, խնդիր է համարում այն ռազմական աջակցութիւնը, որը տրամադրում է Հայաստանին Արեւմուտքը՝ մասնաւորապէս ֆրանսիական կողմը, որը որոշ զինատեսակներ է մատակարարում, ԵՄ-ն որոշակի ֆինանսական աջակցութիւն է ցանկանում տրամադրել։ Եւ գուցէ կան մտավախութիւններ, որ Արեւմուտքում բանակցելը սխալ է Ադրբեջանի տեսանկիւնից եւ Արեւմուտքը չի լինի անաչառ միջնորդ»,- նկատել է Կախա Գոգոլաշւիլին։

Մոսկւան, նրա կարծիքով, այս զարգացումներում խաղադրոյք է կատարում այս տարաձայնութիւնների, ընկալումների ու խնդիրների վրայ՝ յուսալով կողմերին առաջարկել նաեւ իր օրակարգը այս հակամարտութիւնում։

«Կարելի է վստահութեամբ պնդել, որ որքան էլ կողմերը յայտարարում են, որ համաձայնագրի մեծ հատւածը բանակցւած է, միջնորդ երկրի դերակատարութիւնը չի կարող կարեւոր չլինել, քանի որ միջնորդ երկիրն ունի իր շահերը եւ գործընթացում իր նպատակներն ու շեշտադրումները։ Հետեւաբար՝ հարթակից կան կախւած հարցեր, դա է պատճառը նաեւ, որ գործընթացն անընդհատ տեղափոխւել է այս ընթացքում ուղիղ բանակցութիւններից Վաշինգտոն-ԵՄ-ՌԴ-Գերմանիա-Ղազախստան։ Չի բացառւում, որ յաջորդ հանգրւանը Մոսկւան լինի, սակայն ոչ տեւական ըստ ամենայնի»,- ասել է Կախա Գոգոլաշւիլին։

Related Articles

Back to top button