Վարուժան Գեղամեան. «Տարածաշրջանում նոր պատերազմ է հասունանում»
«ԱԼԻՔ» – Պատմական գիտութիւնների թեկնածու, թուրքագէտ Վարուժան Գեղամեանն անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւններին, ամառային 4 «անկարեւոր» կանխատեսումներ է ներկայացրել.
«Տարածաշրջանում նոր պատերազմ է հասունանում (էպիկենտրոնը՝ Լիբանանում), որը անպայման անդրադառնալու է Հարաւային Կովկասի վրայ։
-Թուրքիան Ադրբեջանի միջոցով կրկնապատկում է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի բացման համար դիւանագիտական ու ռազմական ճնշումը։ Իրենց ժամանակացոյցով՝ առաջիկայ մի քանի ամսւայ ընթացքում (մինչեւ տարեվերջ) պէտք է փորձել ստանալ այդ ճանապարհը։
-Ռուսաստան-Թուրքիա յարաբերութիւններում նկատելի է որոշակի սառեցում՝ դէպի լարւածութեան միտումով։
-Աշնանը աշխարհաքաղաքական թէժ կռիւ է սպասւում Վրաստանում. խորհրդարանական ընտրութիւնները չեն սահմանափակւելու միայն ընտրութիւններով։
Բոլոր 4-ը աւելացել են արդէն եղած մարտահրաւէրներին։
Բոլոր 4-ն էլ պայթունավտանգ են Հայաստանի համար։
Բոլոր 4-ին էլ պէտք էր սկսել պատրաստւել դեռ երէկ։
Բոլոր 4-ի հանդէպ էլ անտարբերութիւն է։
Սակայն այս ասածներս անկարեւոր են։ Կարեւորը լուրջ քաղաքական մտքերն են այն մասին, թէ որ գործիչն է լաւը, ով՝ ոչ, եթէ թէ ինչու այս անգամ էլ պայքարին չպէտք է միանալ»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա: