Այլ

Գիտնականները բերանի խոռոչում մանրէներ են յայտնաբերել, որոնք կարող են սպանել քաղցկեղի որոշ տեսակներ

Գիտնականները պարզել են, որ բերանի խոռոչի մանրէների տարածւած տեսակը կարող է քաղցկեղի որոշ տեսակների «հալւելու» պատճառ դառնալ,- գրում է The Guardian-ը։

Գայի, Սենտ Թոմասի եւ Լոնդոնի թագաւորական կոլէջների գիտնականները յայտարարել են, որ իրենք «խիստ զարմացել են»՝ պարզելով, որ ֆուզոբակտերիան, որը սովորաբար յայտնաբերւում է բերանի խոռոչում, օժտւած է քաղցկեղի որոշ տեսակներ սպանելու յատկութեամբ։

Ըստ հետազօտութեան, գլխի եւ պարանոցի քաղցկեղ ունեցող մարդիկ, որոնց քաղցկեղի բջիջներում յայտնաբերւել են այս բակտերիաները, բուժման շատ աւելի լաւ արդիւնքներ են ունեցել: Այժմ, նախնական արդիւնքները ստանալուց յետոյ, հետազօտողները ուսումնասիրում են այս կապի հիմքում ընկած ճշգրիտ կենսաբանական մեխանիզմները:

Գիտնականները մոդելաւորում են օգտագործել՝ որոշելու համար, թէ որ բակտերիաները կարող են հետաքրքրութիւն ներկայացնել հետագայ ուսումնասիրութեան համար: Այնուհետեւ նրանք լաբորատորիայում ուսումնասիրել են բակտերիաների ազդեցութիւնը քաղցկեղի բջիջների վրայ եւ վերլուծել գլխի եւ պարանոցի քաղցկեղով 155 հիւանդների տւեալները: Գիտնականներն ի սկզբանէ այլ արդիւնք էին ակնկալում, քանի որ նախորդ ուսումնասիրութիւնները ֆուզոբակտերիաները կապում էին աղիների քաղցկեղի զարացման հետ: Լաբորատոր հետազօտութիւնների ընթացքում գիտնականները որոշ քանակութեամբ բակտերիաներ են տեղադրել Պետրիի թասերի մէջ եւ թողել դրանք մի քանի օր: Երբ վերադարձել են, որպէսզի ստուգեն բակտերիաների ազդեցութիւնը քաղցկեղի բջիջների վրայ, յայտնաբերել են, որ քաղցկեղը գրեթէ անհետացել է:

Նրանք պարզել են, որ ֆուզոբակտերիաներով  վարակւելուց յետոյ գլխի եւ պարանոցի քաղցկեղային բջիջներում կենսունակ քաղցկեղային բջիջների թիւը կրճատւել է 70-99%-ով։

Հիւանդների տւեալների վերլուծութիւնը ցոյց է տւել, որ նրանք, ում մօտ քաղցկեղային ուռուցքներում յայտնաբերւել են ֆուզոբակտերիաներ, ապրելու աւելի մեծ շանսեր են ունեցել, քան նրանք, ում մօտ դրանք չեն եղել:

Գլխի եւ պարանոցի քաղցկեղում ֆուզոբակտերիաների յայտնաբերումը կապւած է մահւան ռիսկի 65%-ով նւազման հետ՝ համեմատած այն հիւանդների հետ, որոնց քաղցկեղի բջիջներում այդ բակտերիաները չեն եղել։

Related Articles

Back to top button