Միայնակութիւնը քաղցկեղով հիւանդ բուժառուների մահւան ռիսկը մեծացնում է 34%-ով

BMJ Oncology բժշկագիտական հանդէսում հրապարակւած նոր մետա-հետազօտութիւնը պարզել է, որ միայնակութիւնը եւ սոցիալական մեկուսացումը կապւած են ինչպէս քաղցկեղից, այնպէս էլ առհասարակ ուռուցքներով բուժառուների մահւան ռիսկի բարձրացման հետ։
Գիտնականներն ընտրել են տարբեր տեսակի քաղցկեղից տառապող աւելի քան 1,6 միլիոն բուժառուներ ներառող 16 հետազօտութիւն, եւ անցկացրել են համակցւած վերլուծութիւն։ Նրանք պարզել են, որ այն բուժառուները, որոնք վերապրել են միայնակութեան զգացում, բոլոր պատճառներից մահւան 34%-ով աւելի բարձր ռիսկի, իսկ յատկապէս քաղցկեղից՝ 11%-ով աւելի բարձր մահւան ռիսկի են ենթակայ, նոյնիսկ համընթաց գործօնները հաշւի առնելուց յետոյ։
Հետազօտութիւններն անցկացւել են Կանադայում, Անգլիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Ճապոնիայում եւ Միացեալ Նահանգներում եւ ընդգրկել են չարորակ ուռուցքների տարբեր տեսակներ։ Միայնակութիւնը յաճախ չափւել է Social Network Index-ի եւ UCLA Loneliness Scale սանդղակների միջոցով։
Հեղինակներն ընդգծում են, որ սոցիալական եւ հոգեբանական գործօնները կարող են ազդել քաղցկեղի ընթացքի վրայ մի քանի ուղիներով. սթրեսային ռեակցիաները մեծացնում են բորբոքումը եւ ճնշում անձեռնմխելիութիւնը, հոգեբանական դժւարութիւնները կարող են յանգեցնել բուժառուի ակտիւութեան նւազմանը եւ թերապիայի վատ պահպանմանը, իսկ սոցիալական մեկուսացումը վատթարացնում է յուզական վիճակը եւ կեանքի որակը։
Հաշւի առնելով այս արդիւնքները՝ հետազօտողներն առաջարկում են միայնակութեան եւ սոցիալական աջակցութեան գնահատումները ինտեգրել քաղցկեղի բուժման մէջ, մշակել մեկուսացման նւազեցմանն ուղղւած միջամտութիւններ եւ անցկացնել հետագայ կլինիկական փորձարկումներ՝ ճշգրիտ որոշելու համար այն մեխանիզմները, որոնց միջոցով վերոնշեալ գործօններն փոխազդում են միմեանց վրայ։
News.am



