Մշակոյթ՝ յարատեւութեան երաշխիք

ԼՈՐԵԹԱ ՂԵՒՈՆԴԵԱՆ
Մշակոյթը հանդիսանում է իւրաքանչիւր ազգի հոգեւոր աշխարհի հայելին, նրա անցած ճանապարհի, մտածողութեան եւ արժեհամակարգի արտացոլանքը:
Ազգի ու երկրի ներկայանալի եւ հաստատուն ամբողջականութեան կարեւորագոյն բաղադրիչներից մէկը մշակոյթն է եւ այն հիմքը, որի վրայ ձեւաւորւում է ազգային ինքնագիտակցութիւնը եւ որի պահպանման միջոցով՝ նաեւ ազգի գոյատեւումը: Այն, տւեալ ազգի գոյատեւման հետ կայ ու կը լինի…
Մշակոյթն առաջացել է մարդու պատմական եւ հասարակական զարգացման հետ զուգահեռ եւ ժամանակի ընթացքին՝ նորօրեայ աշխարհում, որպէս քաղաքակրթութեան, ապրելակերպի եւ անգամ քաղաքականութեան, որոշակի մակարդակ է դարձել:
Դարերի ընթացքում բազմաթիւ ժողովուրդներ կորցրել են իրենց պետականութիւնը, սակայն չեն վերացել, քանի որ պահպանել են իրենց մշակութային ժառանգութիւնը՝ լեզուն, աւանդոյթները, երգը, պարը, գրականութիւնը եւ հոգեւոր արժէքները: Հէնց մշակոյթն է, որ միաւորում է մարդկանց ընդհանուր յիշողութեան եւ արմատների շուրջ՝ ձեւաւորելով ազգային միասնականութիւնը:
Միւս կողմից՝ պատմութիւնը վկայում է, որ երկրները իրենց տիրապետութեան սահմանները պատերազմներով ընդլայնելուց յետոյ, անյապաղ շտապում են ոչնչացնել նւաճած տարածքի հոգեւոր ինքնութիւնը՝ մշակոյթը, որպէսզի կարողանան ամբողջ ազգը տարրալուծել-անհետացնել իրենց կայսրութեան-տիրակալութեան ժողովրդի աւանդոյթների ու սովորութիւնների մէջ: Այդ քաղաքականութեան արդիւնքն են, այսօր այն կայսրութիւնները, որոնք կարծես թէ չկան եւ ընկած են պատմութեան խորքում: «Ուզում ես հիմնաւորապէս կործանել որեւէ երկիր՝ կործանիր նրա ազգային մշակոյթը»,- բոլոր ժամանակների համար անփոփոխ համարւող կարգախօսը:
Ազգային մշակոյթը պիտի զգաս արեամբ…
Հայ ժողովրդի պատմութիւնը վառ օրինակ է մշակութային տոկունութեան: Չնայած հազարամեակների փորձութիւններին՝ օտար տիրապետութիւններին, պատերազմներին եւ ցեղասպանութեան փորձին, հայ ժողովուրդը պահպանել է իր ինքնութիւնը՝ շնորհիւ հարուստ մշակոյթի:
Հայոց լեզուն, գրերը, եկեղեցական եւ աշհարհիկ երաժշտութիւնը, ժողովրդական սովորոյթները եւ գեղարւեստը դարձել են ազգային դիմագծի անբաժանելի մասեր:
Հայկական մշակոյթը բազմաշերտ է եւ գունագեղ ճիւղեր ունի, որոնք սկիզբ են առել հայ ազգի կազմաւորումից եւ պատմական հանգամանքների բերումով ձեւաւորւել ու զարգացել են ոչ միայն բուն Հայաստանում, այլեւ՝ սփիւռքում:
Հայրենիքում մշակոյթը ամրապնդում է ազգային պետականութիւնը, իսկ սփիւռքում՝ պահպանում հայ լինելու գիտակցութիւնը՝ օտար միջավայրում: Սփիւռքահայ դպրոցները, եկեղեցիները, մշակութային կենտրոնները դարձել են փոքրիկ Հայաստաններ, որտեղ հայ երեխան ճանաչում է իր արմատները:
Հայ ազգը իր բազմամեայ զրկանքներով լի պատմութեամբ, դիմակայել է իր անկրկնելի մշակոյթով: Չքաւորութեան մէջ ապրելն հայի համար չնչին բան է, բայց անհայերէն եւ անմշակոյթ ապրել՝ մենք չենք կարող:
Մեր պետականութիւնն ու անկախութիւնը հաստատող, կարեւորագոյնն է մեր մշակյոյթն ու լեզուն:
Պատմութեան ընթացքում հաւատում էին, որ լեզուն Աստծոյ կողմից պարգեւ է մարդկութեանը եւ դիտարկւում, որպէս մարդուն իւրայատուկ յատկութիւն:
Աշխարհի լեզուները, իրենց բազմազանութեամբ հանդիսանում են մշակոյթների հիմնական կրողներ: Հայերէնը, որպէս աշխարհի հնագոյն լեզուներից մէկը, եւ հայկական մշակոյթի հաստատուն բաղադրիչը, ծագել է հայ ժողովրդի ձեւաւորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում եւ հինգերորդ դարը, որպէս ոսկեդար՝ կերտել է հայ ազգի պատմութեան եւ մշակոյթի բիւրեղէն ուղին:
* * *
21-րդ դարը տեղեկատւական եւ տեխնոլոգիական դար է. մարդկային շփման, հաղորդակցման եւ ինքնարտյայտման ձեւերը անընդհատ փոխւում են: Ժամանակակից գլոբալ աշխարհի պայմաններում, երբ մշակութային սահմանները աւելի են ջնջւում, ազգային մշակոյթի ինքնութեան պահպանումն դառնում է առանձնակի կարեւոր եւ սատարումը պահանջում է նոր մօտեցումներ:
Ազգը, որը կորցնում է իր մշակութային բնոյթը, աստիճանաբար ձուլւում է ուրիշների մէջ: Հետեւաբար, ազգային մշակոյթի պահպանումն ու տարծումը, թէ՛ աւանդական եւ թէ՛ ժամանակակից ձեւերով, ազգային գոյութեան գլխաւոր պայմանն է: Այն ոչ միայն անցեալի յարգանք է, այլ ապագայի երաշխիք:
Այս իրողութեան պայմաններում, եթէ նախկինում մշակոյթը փոխանցւում էր հիմնականում ընտանիքի, դպրոցի կամ համայնքի միջոցով, ապա այսօր այն պէտք է յարմարւի աշխարհի պահանջներին: Այսպէս, օրինակ, բջջային հեռախօսի համար նախատեսւած իւրաքանչիւր ծրագիր ունի իր մշակութային առանձնայատկութիւնները:
Տեխնոլոգիան արտակարգ գործիք է, որը մարդկանց հնարաւորութիւն է ընձեռում ծանօթանալ այլ երկրների եւ դրանց մշակոյթի հետ: Տեխնոլոգիան եւ մշակոյթը գործում են զուգահեռ՝ միմեանց լրացնելով եւ օգնելով, որ ամէն անգամ աւելի լայն լսարաններ ներգրաււեն:
Նոր սերնդին ազգային մշակոյթով հետաքրքրելու արդիւնաւէտ միջոցներից են սոցցանցերը, որտեղ ժամանակակից ձեւաչափերով՝ կարճ տեսանիւթեր, հետաքրքիր, գրաֆիկական ձեւաւորումներով եւ մուլտիմեդիա բովանդակութեամբ, հնարաւոր է ներկայացնել ազգային երգը, պարը, պատմական ֆիլմերը եւ գեղարւեստը: Սա թոյլ է տալիս երիտասարդներին, ճանաչել իրենց մշակութային արմատները՝ իրենց սիրելի միջավայրում:
Այսպիսով, 21-րդ դարում ազգային մշակոյթը պահպանելու եւ զարգացնելու բանալին՝ նրա նոր ձեւով ներկայացման եւ ստեղծագործաբար ապրելու մէջ է: Դա հնարաւորութիւն է տալիս, հին արժէքները ապրեն նոր ժամանակներում՝ առանց կորցնելու իրենց խորքային իմաստը:
Այն երկիրը, որի ազգային մշակոյթը դժգունանում է, մինչեւ ե՞րբ կարող է միջազգային հարթակներում ներկայանալ, որպէս ինքնուրոյն եւ ամբողջական պետութիւն՝ ռազմականօրէն ուժեղ եւ հզօր պաշտպանւած սահմաններով:
Երբ երկրի ներսում ժողովրդի կողմից անտեսւում են մշակութային եւ հոգեւոր արժէքները եւ արմատական քայքայող, օտարոտի պղծողների արարքները, ելքը ո՞րն է:
Այսպէս, լկտի ազգուրացները իրենց դրամատենչ երախը յագեցնելու նպատակով, թշնամուն են նւիրւում եւ նենգաբար հակազգային ելոյթներ են կատարում, երկրի պետական սահմանը՝ ցանկացած հատւածում ծախում են թշնամուն:
Երկիր Նայիրի, Մեծ ու Փոքր Հայք, Հայաստան աշխարհ… Երկու ձեռքի միացած ափերից մի ճկոյթ է մնացել ընդամէնը…
Առանց մշակոյթի եւ մտաւորականութեան՝ պետութիւնը դէմք չի կարող ունենալ:
Պէտք է ուշքի գալ, արթնանալ անուրջներով լի ծանր քնից…
Մշակոյթը չի կարելի վերածել եկամտաբեր գործարքի, ինչպէս տեսնում ենք վերջին ամիսներում՝ Հայաստանում մշակոյթի անունով միջոցառումներ, որոնք միմիայն անձնական յուզումները բաւարարելու նպատակով, խաբուսիկ՝ «գունագեղ» փաթեթաւորումով հրամցւում են ժողովրդին:
Հայրենիքի եւ ի սփիւռս աշխարհի ոմն ՀԱՅ կոչւածը, չպիտի կուլ տայ մոռացութեան եւ ներումի խայծը եւ անտարբերութեամբ չանցնի որեւէ ապազգային եւ անմշակութային արարքից: Ինչպիսիք են.՝ Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի անպատասխանատու եւ անծրագիր վերանորոգման պատրւակով՝ կործանարար նպատակներին ծառայելու ուղղութեամբ, ամենալարւած քաղաքական պայմաններում որեւէ ոչ հայ երգիչ-երգչուհու երգահանդէսի կազմակերպման, կամ ցինիկ ու անիմաստ փառատօնների ծրագրաւորումով՝ թաղել ամէն ինչ…
Ու դեռ աւելին՝ դպրոցական դասագրքերի «բարեփոխումով» եւ որոշ առարկաների կրճատումով, բացարձակօրէն վնասել մշակոյթի կարեւոր ենթագլուխները եւ լծւել թշնամուն ծառայելու՝ «խոստացած պլաններին», ջնջելու համար հայկական մշակոյթի նիւթական եւ ռչ նիւթական ժառանգութիւնները…
Շարանը շարունակելի է… Սակայն հարց է առաջանում՝ մինչ ե՞րբ պիտի կենդանաբարոյ կեանքով ապրել՝ առօրեայով եւ այժմէականութեան լոզունգով, բարի դրացիական միակողմանի զիջումներով, վանդալիզմի եւ պատմութեան խեղաթիւրման դէմ լռել, եւ… աչք փակել գոյատեւութեան երաշխիքի՝ ՄՇԱԿՈՅԹԻ աղաւաղւելու վրայ…







