Փաշինեանը սխալւում է. չկայ ոչ 4-րդ, ոչ էլ 3-րդ հանրապետութիւն. կան միայն 1918 եւ 1991 թւականների երկու հայկական հանրապետութիւնները

Անցեալ ամիս կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր ելոյթում յայտարարեց մի նոր խորամանկ քայլի մասին՝ յաջորդ տարի ստեղծել Հայաստանի Չորրորդ Հանրապետութիւնը։
Չբաւարարւելով իր բազմակի փորձերով՝ ջնջելու Հայաստանի մի քանի հազարամեայ պատմութիւնը եւ մոլորութեան մէջ գցելու ժողովրդին, որ երկիրն սկսել է գոյութիւն ունենալ 2018-ին իր իշխանութեան գալով, Փաշինեանն այժմ ցանկանում է քօղարկել իր եօթամեայ աղէտալի կառավարման հետեւանքները եւ 2026 թւականին ամէն ինչ սկսել նորից։
Անկախ նրանից՝ Փաշինեանին դուր է գալիս, թէ ոչ, անհնար է մոռանալ Հայաստանի բազմադարեայ գոյութիւնը՝ սկսած հնագոյն թագաւորութիւններից, Կիլիկիայի թագաւորութեան հիմնադրումից 1078 թւականին, առաջին անկախ Հայաստանի Հանրապետութիւնից (1918-1920 թթ․) եւ երկրորդ անկախ Հայաստանի Հանրապետութիւնից 1991 թւականին։
Եթէ նկատեցիք, ես բաց եմ թողել Խորհրդային Հայաստանը։ Չնայած այդ ժամանակաշրջանում հայ ժողովուրդն ունեցել է բազմաթիւ մշակութային նւաճումներ, սակայն Խորհրդային Հայաստանն ինքնիշխան, անկախ պետութիւն չէր, քանի որ այն Խորհրդային Միութեան մաս էր կազմում։ Հետեւաբար, Խորհրդային Հայաստանը չի կարող համարւել երկրորդ Հայաստանի Հանրապետութիւն։ Եղել են միայն միայն երկու անկախ հայկական հանրապետութիւններ՝ առաջինը՝ 1918 թւականին, եւ երկրորդը՝ 1991 թւականին։ Փաշինեանի Չորրորդ Հանրապետութիւն ստեղծման ծրագիրը կրկնակի սխալ է, քանի որ երրորդ հանրապետութիւն չի եղել, հետեւաբար, չի կարող լինել չորրորդը։
Անկախ այն հնարքներից, որոնք Փաշինեանը կիրառում է իր չարագործութիւնները թաքցնելու համար, հայ ժողովուրդը չի կարող մոռանալ, որ.
– Նա պատասխանատու է Արցախի կորստի, հազարաւոր հայ զինւորների մահւան եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքային կորուստների համար։
– Նա անպատասխանատու հարցեր է բարձրացրել Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախի ազատագրման վերաբերեալ։
– Նա քննադատաբար է խօսել Հայաստանի սրբազան հայրենասիրական խորհրդանիշների մասին, այդ թւում՝ զինանշանի, օրհներգի եւ Արարատ լեռան։
– Նա լռելեայն համաձայնել է Ադրբեջանի պահանջներին եւ մի շարք զիջումներ արել նախագահ Ալիեւին, ներառեալ նոր սահմանադրութեան պատրաստում, Հայաստանի կողմից Ադրբեջանի դէմ միջազգային դատարաններում ներկայացւած հայցերից հրաժարում, ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի լուծարում, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի օգնութեան արգելքի վերացում, ԵՄ դիտորդների հեռացում Հայաստանից եւ Ադրբեջանին «անխոչընդոտ» ճանապարհի տրամադրում Հայաստանի տարածքով։
Փաշինեանն այս բոլոր սարսափելի բաներն արել է կեղծ «իրական Հայաստան» ստեղծելու անւան տակ՝ Հայաստանի թշնամիների պահանջներին համապատասխան։ Նա փորձում է իրականացնել այն, ինչը ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ Ադրբեջանին չի յաջողւել՝ վերացնել հայերի սրտերից եւ մտքերից պատմական Հայաստանի վերականգնման երազանքը, որը ներառում է Արեւմտեան Հայաստանը եւ Արցախը։ Ադրբեջանն ու Թուրքիան գրաւել են մեր հողերը, բայց նրանք երբեք չեն կարող ջնջել մեր յիշողութիւնը։ Միայն մեր կորցրած տարածքները չմոռանալով եւ դրանք վերագտնելու յանձնառութեամբ՝ երբ յարմար պահ լինի, կարող ենք իրականացնել մեր երազանքը։ Հրեաները 2000 տարի երազել են վերադառնալ Իսրայէլ եւ այդ ցանկութիւնը փոխանցել են յաջորդ սերունդներին, մինչեւ 1948 թւականին յարմար պահ եղաւ, եւ նրանք ստեղծեցին իրենց սեփական պետութիւնը։ Եթէ հրեաները կարողացել են պահել իրենց երազանքը 2000 տարի, ինչո՞ւ հայ ժողովուրդը չի կարող նոյնն անել։ Նրանք, ովքեր ասում են, որ անհնար է իրականացնել մեր երազանքը, քանի որ հզօր թշնամիները գրաւել են մեր հողերը, չեն հասկանում, որ ես չեմ խօսում տարածքների վերականգնման մասին վաղն առաւօտեան, այլ ապագայում, երբ տարածաշրջանի իրավիճակը փոխւի։ Ոչ մի երկիր յաւերժ հզոր չի մնում։ Եթէ հայերը հրաժարւեն իրենց հողերը երբեւէ վերագտնելու յոյսից, նրանք կանեն այն, ինչ մեր թշնամիներն են ուզում։ Երբ հրաժարւում ես քո երազանքից եւ չես փոխանցում այն սերնդէսերունդ, չես կարող օգտւել հնարաւորութիւնից, երբ այն գայ։ Մի մեղադրէք ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ թուրքերին. դուք էք հրաժարւում այն ամենից, ինչը ձեզ պատկանում։
Փաշինեանը խորամանկօրէն շարունակում է կրկնել «խաղաղութիւն» բառը՝ ժողովրդին մոլորեցնելու եւ յաջորդ տարւայ ընտրութիւններում նրանց ստիպելու վերընտրել իր խորհրդարանական մեծամասնութեանը, այդպիսով եւս հինգ տարի մնալով որպէս վարչապետ։
Հայաստանն անդունդի եզրից փրկելու համար Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է երկու բան անել.
1. Ընտրել ձեռնհաս եւ հայրենասէր ղեկավար, որը կարող է աստիճանաբար ուղղել Փաշինեանի սխալները։
2. Կենտրոնացնել Հայաստանի ռեսուրսները՝ ստեղծելու ռազմականապէս այնպիսի հզօր պետութիւն, որը կարող է պաշտպանւել թշնամի հարեւաններից: Լաւ զինւած Հայաստանը կարող է բաւարար վնաս հասցնել՝ կանխելու թշնամու յարձակումները: Եթէ չպաշտպանենք մեր սահմանները, թշնամիները կը կարողանան մտնել եւ գրաւել Հայաստանն առանց մի կրակոցի։
Յաջորդ հայրենասէր կառավարութիւնը պէտք է չեղեալ յայտարարի Փաշինեանի կողմից ստորագրւած բոլոր անօրինական համաձայնագրերն ու զիջումները: Այն, ինչ նա հիմա ստորագրում եւ տալիս է, անիմաստ թղթի կտոր է:
Բոլոր ընդդիմադիր խմբերն ու կուսակցութիւնները պէտք է միաւորւեն եւ ձեւաւորեն հզօր կոալիցիա՝ 2026 թւականի խորհրդարանական ընտրութիւններում պարտութեան մատնելու Փաշինեանի կուսակցութեանը։
Յաջորդ տարւայ հանրաքւէում Հայաստանի քաղաքացիները պէտք է մերժեն Փաշինեանի նոր սահմանադրութիւնը, որը պարտադրւել է նախագահ Ալիեւի կողմից: Սա կը խափանի Փաշինեանի եւ Ալիեւի աղետաբեր ծրագրերը, քանի որ Ալիեւը յայտարարել է, որ չի ստորագրի այսպէս կոչւած խաղաղութեան պայմանագիրը, եթէ Հայաստանը չփոխի իր սահմանադրութիւնը:
Չնայած Փաշինեանի կառավարման օրօք Հայաստանը շատ բան է կորցրել, սակայն ամէն ինչ կորած չէ։ Դեռ կայ հնարաւորութիւն փրկելու երկիրը՝ թէ՛ ներքին, թէ՛ արտաքին թշնամիներից։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



