ՀԵՐԹԸ ՀԱՍԱՒ ԴԵԴՈՅԻՆ ԵՒ ԲԱԲՈՅԻՆ
Ադրբեջանը սկսել է «ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» յուշարձանը իւրացնելու գործընթաց
«ԱԼԻՔ» – Ադրբեջանը սկսել է Արցախի ամենայայտնի խորհրդանշի՝ «Մենք ենք մեր սարերը» յուշարձանի իւրացնելու գործընթացը: Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը:
«Օրեր առաջ ադրբեջանական Culture of Azerbaijan կայքը տարածեց յայտարարութիւն Արցախի «Մե՛նք ենք, մեր սարերը» (Տատիկ-պապիկ, Դեդօ-Բաբօ) յայտնի յուշարձանի մասին՝ նշելով, որ այն կառուցւել է Ադրբեջանի Խանքենդի քաղաքում 1967 թւականին եւ որ այն «Ադրբեջանի բազմամշակութային եւ ազգային-կրօնական հանդուրժողականութեան բազմաթիւ օրինակներից մէկն է»։
Հանրայայտ է, որ յուշարձանը հայկական Արցախի ժամանակակից խորհրդանիշներից մէկն է եւ որ այն ստեղծւել է որպէս նշան եւ խորհուրդ երկրամասի հայ ինքնութեան: Աւանդական կեցւածքով եւ արտաքինով տարեց ամուսնական զոյգը հաւաստումն է արցախահայերի պատմական անցեալի եւ ապագայ յոյսերի: Յոյսեր, որ այսօր ի դերեւ են դարձել Ադրբեջանի հայասպան քաղաքականութեան արդիւնքում: Յատուկ Հայաստանից բերւած կարմիր տուֆից կերտւած կոթողի քանդակագործն է Սարգիս Բաղդասարեանը, իսկ ճարտարապետը՝ Իւրի Յակոբեանը։ Քանդակագործն իր աշխատանքը բնութագրել է հետեւեալ կերպ. «Յուշարձանն իրենից ներկայացնում է աւանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անյողդողդ կեցւածքով ու սեւեռուն հայեացքով։ Կոթողը պատւանդան չունի, բայց կարծես լեռնաբլուրը ճեղքւել է, եւ նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայրերի հողի մէջ»։ Յաւելենք, որ տարեց զոյգը ծնունդով Արցախից քանդակագործի տատի եւ պապի կերպարներով է քանդակւած. «Նրանք հէնց ժողովուրդն են, նրանք հէնց հողն են, նրանք մենք ենք, մեր լեռները։ Այս մարդիկ այստեղ են ծնւել, այստեղ են նրանց հազարամեայ արմատները, նրանք են իսկական տէրը այս հողի ու բնութեան» գրել է քանդակագործը (Սարգիս Բաղդասարեանի «Ղարաբաղցիները»):
Արցախի ամբողջական օկուպացիայից յետոյ պաշտօնական ադրբեջանական կողմը երկար ժամանակ գրեթէ չէր անդրադառնում այս յուշարձանին: Յուշարձանին, որն Արցախի հայութեան ամենավառ ու հանրայայտ խորհրդանշանն էր, չէին անդրադառնում եւ «չէին նկատում» օկուպացւած Ստեփանակերտ այցելող ադրբեջանցի լրագրողները, մեդիագործիչները: Միայն որոշ լրատւականներում հնչեցւում էին կարծիքներ, որ այն պէտք է քանդել: 2023 թւականի վերջին եղան հատուկենտ հրապարակումներ, որտեղ նշւում էր, որ յուշարձանը հայերը «հայկականացրել են». ադրբեջանական կողմը փորձում էր տարածել այն թէզը, որ դէմ են ոչ թէ յուշարձանին, այլ դրա «գաղափարական ազգայնական մեկնաբանութեանը»: Ադրբեջանական հրապարակումներից կարելի է եզրակացնել, որ խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում հայերի սեփական պատմութեան, մշակոյթին, արմատներին ուղղւած ցանկացած դրսեւորում համարւում էր «ազգայնական»:
Վերջերս յատուկ այս յուշարձանին անդրադարձաւ օկուպացւած Ստեփանակերտը լուսաբանող Քեամրան Ռազմովարը, որի հիմնական շեշտադրումն այն էր, որ յուշարձանը կանգնեցւել է խորհրդային տարիներին, երբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի մաս էր, ինչը ըստ նրա նշանակում է, որ յուշարձանը կանգնեցւել է խորհրդային Ադրբեջանի բիւջէից յատկացւած գումարներով, ինչը նշանակում է, որ այն ադրբեջանական է: Այս շեշտադրումները կարեւոր են նրանով, որ ադրբեջանական կողմը պրոիշխանական իր քարոզչի միջոցով սկսել է յուշարձանը իւրացնելու գործընթաց, որտեղ երեւում են յուշարձանին վերաբերող թէզերը՝ այն կառուցւած է Բաքւի գումարներով, այն ադրբեջանական է եւ այն ցուցում է հայերի հանդէպ Ադրբեջանի իշխանութիւնների հանդուրժողականութիւնը խորհրդային տարիներին:
Հարկ ենք համարում նշել, որ յուշարձանի գաղափարը կեանքի է կոչւել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանեանի անմիջական մասնակցութեամբ։ Յուշակոթողի շինարարութեանը եւ նրա տեղադրմանը դէմ է եղել հէնց Սովետական Ադրբեջանի ղեկավարութիւնը։ Աւելին՝ բողոք է բարձրացւել եւ պահանջւել, որ այն հարկ է ապամոնտաժել: Ադրբեջանի կոմկուսի կենտկոմից յատուկ յանձնաժողով է ժամանել Ստեփանակերտ՝ պարզելու, թէ «Մենք ենք մեր սարերը» կոթողում ո՞ր «մենքի» եւ ո՞ր «սարերի» մասին է խօսքը: Հայկական կողմի ջանքերի շնորհիւ է միայն յաջողւում փրկել կոթողը ապամոնտաժումից: Այս հանգամանքը իրենց յիշողութիւններում ցուցում են այդ տարիներին ԼՂԻՄ-ում պաշտօն զբաղեցնող տարբեր անձինք, արձանի տեղադրմանը առնչութիւն ունեցած եւ արձանի հեղինակ՝ Սարգիս Բաղդասարեանի մտերիմները եւ հարազատները (Սարգիս Բաղդասարեանի «Ղարաբաղցիները»)»,- գրում է կայքը: