4 տարի առաջ Փաշինեանը խօսեց ցաւոտ զիջումների գնալու մասին եւ այն կանխելու պատասխանատւութիւնը դրեց Արցախի ՊԲ-ի վրայ
ՊԲ հրամանատար էր ընտրւել Միքայէլ Արզումանեանը
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ
44-օրեայ պատերազմը, ըստ էութեան, կարելի է բաժանել մի քանի փուլի, շրջափուլի կամ ժամանակահատւածի:
Եւ այս տրամաբանութեան մէջ կարեւոր ժամանակահատւած է նաեւ հոկտեմբերի 23-27-ն ընկած հատւածը, յատկապէս, երբ Պաշտպանութեան բանակն ունեցաւ նոր հրամանատար: Սկսենք այս փուլի սկզբից:
2020 թւականի հոկտեմբերի 23-ին ի յայտ էր եկել հրադադարի նոր համաձայնութիւն ձեռք բերելու մասին ամերիկեան նախաձեռնութիւնը, սակայն յայտարարութիւնը յաջողւել էր համաձայնեցնել միայն հոկտեմբերի 25-ին, որը հոկտեմբերի 26-ի առաւօտեան ժամը 08:00-ից հրադադար հաստատելու մասին էր:
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջէյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիւեն Բիգանի հետ եւ վերահաստատեցին իրենց երկրների յանձնառութիւնը՝ կեանքի կոչելու եւ պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերեալ պայմանաւորւածութիւնները, որոնք ձեռք են բերւել Մոսկւայում՝ հոկտեմբերի 10-ին, եւ վերահաստատւել հոկտեմբերի 17-ին՝ Փարիզում արւած յայտարարութեամբ, համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արւած յայտարարութեան: Հումանիտար հրադադարն ուժի մէջ կը մտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին: Միացեալ Նահանգները խթանեցին ինտենսիւ բանակցութիւններ ԱԳ նախարարների եւ Մինսկի խմբի համանախագահների միջեւ՝ Հայաստանին եւ Ադրբեջանին ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը մօտեցնելու նպատակով»,- նշւում էր յայտարարութեան տեքստում:
Հրադադարի այս համաձայնութիւնը, իհարկէ, նոյնպէս չպահպանւեց Ադրբեջանի կողմից:
«Սովորաբար հրադադարի յայտարարութիւններից յետոյ կարճ ժամանակով մարտական գործողութիւնների ինտենսիւութիւնը նւազում էր, երբեմն լինում էին նոյնիսկ կարճ դադարներ, բայց մեծ հաշւով, մի քանի ժամ անց Ադրբեջանը վերսկսում էր յարձակումը՝ ամբողջ ծաւալով:
Առաջնագծի 90 տոկոսում մեր զօրքերը յաջողութեամբ դիմակայում էին գրոհները, սակայն մենք լրջագոյն խնդիր ունէինք 9-րդ պաշտպանական շրջանում, որի պաշտպանական դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին եւ հասել Ջեբրայիլի մատոյցներին: Բանակի առջեւ խնդիր էր դրւած՝ կանգնեցնել Ադրբեջանի գրոհները, թոյլ չտալ նրա առաջխաղացումը, որովհետեւ պատերազմը կանգնեցնելու վերը նկարագրւած փորձերը ցոյց էին տալիս, որ մինչեւ ի վիճակի չլինենք կանգնեցնել ադրբեջանցիներին, հրադադարի հասնելու բոլոր փորձերն անարդիւնք են լինելու: Կամ էլ՝ պիտի գնանք ցաւոտ զիջումների»,- 2023 թւականի յունիսի 20-ին Քննիչ յանձնաժողովում մանրամասնել էր Նիկոլ Փաշինեանը:
168.am-ը գրել էր, որ Ջաբրայիլի ադրբեջանական օպերացիան յատուկ նշանակութիւն է ունեցել պատերազմի ելքի վրայ, եւ, որ 44-օրեայ պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ՊԲ-ն 9-րդ պահպանութիւնից պաշտպանութեան չի անցել:
Շարունակենք բուն թեման եւ նշենք, որ ամերիկեան նախաձեռնութեամբ հրադադարի օրը՝ 2020 թւականի հոկտեմբերի 26-ի երեկոյեան, Նիկոլ Փաշինեանը ֆէյսբուքեան իր էջում ուղիղ եթերի ժամանակ, ըստ էութեան առաջին անգամ, շատ յստակ խօսել էր ցաւոտ զիջումների գնալու մասին:
«Հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդեօք փոխզիջումների։ Ես կարող եմ ասել՝ այո, պատրաստ է, նոյնիսկ՝ պատրաստ ենք ցաւոտ փոխզիջումների, բայց արդեօ՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլիացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը դրան պատրաստ չէ, եւ հայ ժողովուրդը, որքան էլ դա անհնար է թւում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանութեան մէջ, պէտք է ռեսուրսներ գտնի դիմակայելու եւ իր իրաւունքները պաշտպանելու»,- նշել էր Փաշինեանը՝ յաւելելով, որ պէտք է այնպէս անենք, որ իրավիճակը փոխւի, եւ Ադրբեջանը պատրաստ լինի փոխզիջումների:
«Շատ ճակատագրական պահ է, եւ մեզնից որեւէ մէկը չի կարող յոյս ունենալ, որ Հայաստանում, Սփիւռքում կը գտնւեն ուժեր, որոնք այս հարցը կը լուծեն։ Այս հարցի լուծման մի տարբերակ կայ, որ հայ ժողովրդի իւրաքանչիւր ներկայացուցիչ այս օրակարգին նւիրւած լինի այնքան, որքան նւիրւած են այն զինւորները, որոնք նոյնիսկ կեանքի գնով իրենց դիրքը չեն լքում»,- շարունակել էր Փաշինեանը:
Այս համատեքստում Փաշինեանը նշել էր, որ կան իրենց կեանքի գնով, առիւծի նման կռւող տղաներ, նրանց պէտք է պատշաճ գնահատանքի արժանացնել, բայց կան նաեւ մարդիկ, «որոնք փախչում են մարտի դաշտից, եւ նրանք պէտք է արժանանան հանրային ամենասուր պարսաւանքի, ինչ պատճառով էլ որ լքած լինեն մարտի դաշտը»:
Նիկոլ Փաշինեանն այս միտքն աւարտել էր կոչով, թէ ՀՀ-ում, Սփիւռքում, տղամարդ թէ կին, պիտի կանգնենք հայրենիքի պաշտպանութեան համար, քանի որ մենք գտնւում ենք մեր շահերի եզրագծին:
«Քանի դեռ կատարում եմ գերագոյն հրամանատարի պարտականութիւնները, քանի դեռ գերագոյն հրամանատար եմ, պահանջում եմ, որ ՀՀ իւրաքանչիւր քաղաքացի ենթարկւի իմ կոչին, իմ որոշմանը, իմ հրամանին»,- ընդգծել էր Փաշինեանը:
Մի կողմից՝ նա ընդունել էր իր գերագոյն հրամանատար լինելը, միւս կողմից՝ պատերազմի օրերին եւ դրանից յետոյ Փաշինեանն իրավիճակ փոխելու եւ ցաւոտ զիջումները կանխելու պատասխանատւութիւնը դրել էր Արցախի Պաշտպանութեան բանակի վրայ, եւ նոյնիսկ հակասական կամ իրականութիւնը թաքցնող ձեւակերպումներ թոյլ տւել:
Մասնաւորապէս, 2020-ի հոկտեմբերի 27-ին Փաշինեանը հերթական անգամ ուղերձով դիմել էր ժողովրդին: Եւ մէկ օր առաջ Ադրբեջանի՝ առնւազն Արցախը կապիտուլեացնելու մտադրութեան եւ մեր՝ սեփական շահերի սահմանագծին հասնելու մասին խօսող Նիկոլ Փաշինեանը, մէկ էլ խօսում է թշնամու իլիւզիաների փլուզումից, երբ արդէն բաւականին կարեւոր տարածքներ էինք կորցրել:
«Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակութեան ամէն վայրկեանը տեղապտոյտի մէջ է գցում ամէն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլիւզիաները:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնն այնքան է յաղթական լուրերով սնել սեփական հանրութեանը, որ նրանք արդէն երկար ժամանակ ամէն օր, ամէն րոպէ, ամէն վայրկեան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական եւ անշրջելի յաղթանակի մասին լուրին:
Ադրբեջանի հանրութիւնը, սակայն, այդ լուրը չի ստանալու, Ադրբեջանի հանրութիւնը այդ լուրը չի ստանալու, եւ այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նւաճելու ադրբեջանական պլանները:
Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայութիւնը կռւելու է անմնացորդ՝ ամէն ծառի, ամէն քարի, ամէն սանտիմետրի եւ ամէն միլիմետրի համար, եւ անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցւած հակահարւածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու:
Հէնց այս պահը հասունացնելն է Արցախի Պաշտպանութեան բանակի խնդիրը, եւ մենք պէտք է ամէն ինչով աջակցենք, թեւ ու թիկունք լինենք Արցախի Հանրապետութեանը, Պաշտպանութեան բանակին,- վստահեցրել էր Փաշինեանը եւ յաւելել,– մեր հնարաւորութիւններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանութեան բանակն ունի բաւարար չափով զէնք եւ պոտենցիալ՝ իր առաջ դրւած խնդիրները լուծելու համար»:
Նշենք, որ 2020 թւականի հոկտեմբերի 27-ին Արցախի Պաշտպանութեան բանակի հրամանատար էր նշանակւել գեներալ-լէյտենանտ Միքայէլ Արզումանեանը: Այդ ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը յայտարարել էր, որ Միքայէլ Արզումանեանը նոր պաշտօնում գիտակցում է պատասխանատւութեան աստիճանը եւ ջանք ու եռանդ չի խնայի, որպէսզի այդ վստահութիւնն արդարացնի:
Իսկ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանն էլ ֆէյսբուքեան իր էջում տեղադրել էր գեներալ Արզումանեանի նկարները եւ գրել. «Անսպառ էներգիայով, անասելի խարիզմայով, ոչ ստանդարտ լուծումների վարպետ գեներալը»:
Միքայէլ Արզումանեանն իրականում ծանր բեռի տակ մտաւ եւ ծանր ժամանակահատւածում ստանձնեց ՊԲ հրամանատարի պաշտօնը: Սա ռիսկային էր, յատկապէս, երբ կարող էր իր վրայ մնալ նաեւ նախքան հոկտեմբերի 27-ը տեղի ունեցած ձախողումների պատասխանատւութիւնը:
Մեզ յայտնի չէ՝ ինչպէս են Միքայէլ Արզումանյանին համոզել, որ ստանձնի այս պաշտօնը, կամ գուցէ ընդամէնն առաջարկել են, եւ հէնց Միքայէլ Արզումանեանի յոյսով էր Փաշինեանը բարձրագոչ յայտարարում Ադրբեջանի իլիւզիաները փլուզելու մասին։ Բայց Փաշինեանը չպէտք է մոռանայ, որ ինքն էր գերագոյն հրամանատարը, որի մասին հերթական անգամ յիշեցրել էր Արզումանեանի նշանակումից ժամեր առաջ, ինչը ենթադրում է որոշակի պատասխանատւութիւն:
Իսկ ի՞նչ է արել Փաշինեանը, ով խոստանում էր թիկունք լինել Պաշտպանութեան բանակին: 2023 թւականի յուլիսի 6-ին արդէն անազատութեան մէջ գտնւող Միքայէլ Արզումանեանը, ով մեղադրւում է «Արեգա» բարձունքից նահանջի հրաման տալու եւ Շուշիի պաշտպանութիւնը պատշաճ չկազմակերպելու համար, յայտարարութիւն էր տարածել, որտեղ, մասնաւորապէս, նշել էր.
«Նախ ցանկանում եմ նշել, որ Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի հրամանատարութիւնը ստանձնել եմ 2020 թւականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրայեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդէն իսկ մի քանի պաշտպանական գօտիներ անցնելով, մօտեցել էր Շուշիի մատոյցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայութիւն ունէր ինչպէս օդում, այնպէս էլ գետնի վրայ։
Առկայ իրավիճակում արել եմ առաւելագոյնը՝ քանակապէս եւ սպառազինութեամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրաւելու համար, եւ որոշ դէպքերում էլ լուրջ յաջողութիւններ ենք ունեցել։
Սակայն թշնամին առաւել մեծ ուժեր եւ միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային, եւ ոչ էլ սպառազինութեան բաւարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղեակ է եղել նաեւ քաղաքական ղեկավարութիւնը»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ քաղաքական ղեկավարութիւնը՝ տեղեակ լինելով իրավիճակին, առնւազն բաւարար քայլեր չի ձեռնարկել իրավիճակը փոքր-ինչ շտկելու համար, յատկապէս, երբ Երեւանում նոյեմբերի 6-7-ին սպառազինութեան հետ կապւած հարցեր քննարկելու մասին խօսել է ե՛ւ Սէյրան Օհանեանը, ե՛ւ Սամուէլ Բաբայեանը։
2020 թւականի հոկտեմբերի 23-27-ը եւ նոյնիսկ 30-ն ընկած ժամանակահատւածին առնչւող իրադարձութիւնների համատեքստում մի առիթով մենք անդրադարձել ենք յատկապէս Սիւնիքի շուրջ զարգացումներին, երբ այնտեղ էր գործուղւել այդ ժամանակ ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Դաւիթ Տօնոյեանը, այդ օրերին Սիւնիքում է եղել նաեւ ԳՇ նախկին պետ Արտակ Դաւթեանը՝ համակարգելու ինքնապաշտպանական միջոցառումները: Իսկ այդ օրերին, ինչպէս Քննիչ յանձնաժողովում Նիկոլ Փաշինեանն էր ասել, Մեղրիում խաղաղապահների տեղակայման պահանջ է եղել:
Ի դեպ, նոյն ժամանակահատւածում Սիւնիքում է եղել Աննա Յակոբեանը եւ նրա «Էռատօ» ջոկատը:
168.am-ին ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնից յայտնել էին, որ 2020 թ. հոկտեմբերի 25-ին ջոկատը հանդերձաւորւել եւ անցել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ենթակայութեան տակ. նախ՝ տեղակայւել է Հարթաշէն գիւղի տարածքում, ապա՝ Կոռնիձորի N մարտական դիրքում:
Յիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի ղեկավարը յայտարարել էր, որ գրաւել են Կուբաթլուն՝ Սանասարը:
Հոկտեմբերի 26-ին կայացած բրիֆինգի ընթացքում այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցչի պարտականութիւնները կատարող Արծրուն Յովհաննիսեանը հաստատել էր Ալիեւի յայտարարութիւնը եւ նշել, որ թշնամին մօտեցել է Սիւնիքի դարպասներին:
«Երէկ մարտերի ընթացքում հակառակորդին յաջողւեց գրաւել Կուբաթլուն եւ որոշ ուղղութիւններով առաջանալ»,- շեշտել էր նա:
Յաւելենք, որ այս տարւայ հոկտեմբերի 4-ին՝ Ջրական քաղաքի կամ գիւղաքաղաքի (Ջաբրայիլ) գրաւման օրը, Ադրբեջանի նախագահն օկուպացւած բնակավայրում, մասնաւորապէս, յայտարարել էր.
«Հադրութից յետոյ հոկտեմբերի 17-ին յաջողութեամբ աւարտեցինք Ֆիզուլիի օպերացիան, եւ արդէն ճանապարհ բացւեց դէպի Շուշիիի, Զանգելանի եւ Կուբաթլուի ուղղութիւններ»:
Նշենք, որ պատերազմից յետոյ իր հարցազրոյցում գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով Շուշիի գրաւման օպերատիւ խմբի ղեկավարն էր, ասել էր, որ Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրւել է հոկտեմբերի կէսերին, երբ «մարտեր էին ընթանում Հադրութում եւ Ջաբրայիլում»:
Այսինքն, Շուշիի անկման արմատները պէտք է տեսնել այստեղ, այդ թւում՝ Հադրութը կորցնելու համատեքստում: Գուցէ սրա համար է նաեւ, որ, ըստ էութեան, ՀՀ իշխանութիւններն իրենք չցանկացան, որ Միքայէլ Արզումանեանի գործով դատական նիստերը դռնբաց լինեն, ոչ էլ նրանց ցանկացան լսել Քննիչ յանձնաժողովում:
Աւելին, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանի՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայէլ Արզումանեանի խափանման միջոցը փոխելու յորդորը ուժային, քննչական եւ իրաւապահ մարմիններին մնաց անպատասխան. Միքայէլ Արզումանեանը շարունակում է մնալ անազատութեան մէջ, եւ յայտնի չէ, թէ որքան կը մնայ:
Այսինքն, կարելի է ենթադրել, որ առնւազն մինչեւ Քննիչ յանձնաժողովի զեկոյցի ներկայացումը նրա խափանման միջոցը չի փոխւի: