Գարեգին Բ. «Միասնական մեր աղօթքը հնչեցնում ենք որպէս կոչ արդարութեան ու արդարադատութեան՝ ընդդէմ մարդկութեան հանդէպ կատարւող ոճրագործութիւնների, ընդդէմ արցախահայութեան նկատմամբ իրականացւած ցեղասպան գործողութիւնների»
«ԱԼԻՔ» – Արդէն տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարւել է միասնական աղօթք Ադրբեջանում գերեվարւած հայորդիների ազատութեան համար:
Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հայրապետական ուղերձն է յղել համայն հայ ժողովրդին։
Ստորեւ ներկայացնում ենք Հայոց Հայրապետի ուղերձն ամբողջութեամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ԳԵՐԵՎԱՐՒԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՕԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆԸ
Սիրելի՛ հաւատաւոր ժողովուրդ,
Այս պահին համախմբւել ենք այս Սուրբ Տաճարի օրհնեալ կամարների ներքոյ միասնաբար աղօթելու Արցախից բռնի տեղահանւած եւ գաղթական դարձած մեր քոյրերի ու եղբայրների եւ նրանց իրաւունքների վերականգնման, յատկապէս գերեվարւած հայորդիների ազատութեան եւ իրենց ընտանիքներ վերադարձի համար։ Մեր հայցն է, որ Երկնաւոր Տէրը զորացնի հայրենազուրկ ու տնազուրկ դարձած արցախցիներին, նւաստացումների ենթարկւող, ցաւ ու տառապանք կրող մեր գերեալ զաւակներին ու նրանց հարազատներին, որոնք նոյնպէս աղօթակից են մեզ Միածնաէջ այս Սուրբ Տաճարում։
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով բռնազաւթւեց եւ հայաթափւեց Արցախը, աւելի քան հարիւր քսան հազար հայեր բռնութեամբ տեղահանւեցին իրենց հինաւուրց բնօրրանից, զաւթւեցին Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան սահմանամերձ տարածքներ, պղծման ու ոչնչացման են ենթարկւում Արցախի հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութիւնը, հայկական գիւղեր, գերեզմանատներ ու յուշակոթողներ։
Այսօր միասնական մեր աղօթքը հնչեցնում ենք որպէս կոչ արդարութեան ու արդարադատութեան՝ ընդդէմ մարդկութեան հանդէպ կատարւող ոճրագործութիւնների, ընդդէմ արցախահայութեան նկատմամբ իրականացւած ցեղասպան գործողութիւնների, այլեւ ընդդէմ Արցախի հոգեւոր-մշակութային արժէքների բարբարոսական ոչնչացման եւ Բաքւի բանտերում անօրինաբար արգելափակւած մեր զաւակների։ Արդի աշխարհում, ուր մեծապէս կարեւորւում է մարդկային ազատութիւնների ու իրաւունքների գերակայութիւնը, անհանդուրժելի են նման երեւոյթները եւ պէտք է արժանանան խստագոյն դատապարտման։
Վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսւում է անցկացնել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխութեան մասին» շրջանակային կոնւենցիայի մասնակիցների գագաթնաժողովի 29-րդ նստաշրջանը։ Հաւատում ենք, որ Միաւորւած ազգերի կազմակերպութեան առաքելութեան հիմքում դրւած մարդկային կեանքի եւ արժանապատւութեան պաշտպանութեան, արդարադատութեան գործադրման անփոփոխելի ու անզիջելի արժէքները ազդու միջոցներով պիտի իրենց արտայայտութիւնը գտնեն նաեւ մեր գերեալ զաւակների ազատ արձակման եւ արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան գործում։ Այս առումով Մենք պաշտօնապէս դիմել ենք ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար տիար Անտոնիօ Գուտերէշին, որպէսզի ՄԱԿ-ի բարձր ատեանից զօրակցութիւն ցուցաբերւի գերեալների հրատապ ազատ արձակման կարեւոր գործին։
Սիրելիներ, այսօր խաղաղութեան պայմանագրի շուրջ բանակցութիւններ են ընթանում Հայաստանի եւ հայ ժողովրդի դէմ Ադրբեջանի շարունակական պարտադրանքների ու սպառնալիքների ներքոյ։ Սակայն քաջ յայտնի է՝ խաղաղութիւնը յարատեւ եւ հաստատուն է, երբ կառուցւում է արդարութեան եւ ճշմարտութեան ամուր հիմքերի վրայ։ Այդպիսի խաղաղութիւնն է, որ բարի արգասիքներ է բերում մարդկութեան կեանքում, կանխարգելում ազգամիջեան ատելութիւնն ու թշնամանքը եւ դրանցից բխող աղէտներն ու արհաւիրքները։ Աստւածաշնորհ ազատութեան, խաղաղութեան ու արդարութեան համընդհանուր ձգտումով է, որ աշխարհում կը լռեն ռազմի ձայները, ցաւի ու տառապանքի փոխարէն կը սփռւեն սէրն ու բարիքը։ Լիայոյս ենք, որ Միջազգային մարդասիրական իրաւունքի ընդհանուր դրոյթներին հաւատարիմ միջազգային հանրութեան եւ իրաւապաշտպան կառոյցների կողմից քայլեր կը ձեռնարկւեն արցախահայութեան բնականոն կեանքի վերականգնման համար իրենց հայրենի բնօրրանում։ Յիրաւի, ճշմարտութեան ու արդարութեան հաստատումով է, որ պիտի ամրապնդւի խաղաղ գոյակցութեան ու համագործակցութեան ոգին՝ ի խնդիր հասարակութիւնների եւ ժողովուրդների առաջընթացի ու լուսաւոր գալիքի։ «Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում»,- ուսուցանում է Սուրբ Գիրքը (Հակ. 3.18):
Սիրելիներ, գոհունակութեամբ ցանկանում ենք անդրադառնալ, որ այսօր Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի եւ միջեկեղեցական կառոյցների ջանքերով աշխարհի տարբեր կողմերում քրիստոնեայ մեր քոյրերն ու եղբայրները նոյնպէս աղօթք են բարձրացնելու յանուն գերիների ազատ արձակման եւ գաղթական դարձած հայորդիների իրաւունքների պաշտպանութեան։ Այս առիթով Մեր շնորհակալութիւնն ենք բերում մեր քոյր Եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպութիւններին՝ դժւարին իրավիճակներում մեր ժողովրդին ցուցաբերած իրենց անկեղծ ու սրտակից սատարումի, ինչպէս նաեւ, ընդառաջ Մեր դիմումին, այս արարողութեանը միանալու ազնիւ յանձնառութեան համար։
Ի խորոց սրտի հայց ենք վերառաքում առ Բազումողորմ Աստւած, որ խաղաղութեան մէջ պահի մեր հայրենիքն ու համայն աշխարհը, մերօրեայ փորձութիւնների յաղթահարման համար հաւատի ամրութիւն պարգեւի աշխարհասփիւռ մեր ժողովրդին եւ շուտափոյթ ազատութիւն շնորհի գերեվարւած մեր բոլոր զաւակներին։
Թող Տիրոջ սէրը, շնորհն ու ողորմութիւնը լինեն ամենքիս հետ․ ամէն: