Արթուր Մարտիրոսեան. «Մարդիկ սկզբից իրենց ոտքին են կրակում, որ յետ չկանգնեն իրենց ասածից. բանակցող է պետք»

«ԱԼԻՔ» – Նախորդ կիրակի «Դասեր» հաղորդաշարում, բանակցային գործի մասնագէտ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերութեան աւագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսեանն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանն էին։
Որպէս բանակցային գործի մասնագէտ՝ Արթուր Մարտիրոսեանը կարծում է՝ ստեղծւած իրավիճակից դուրս գալու համար պէտք է մի կողմ դնել բոլոր քաղաքական տարաձայնութիւնները, նոյնիսկ կարող են նախնական պայմանաւորւածութիւն ձեռք բերել շատ կարեւոր հարցերի մասին։
«Իրար դէմ խօսելուց միայն իշխանութիւնն է շահում՝ ցոյց տալով, որ իրեն այլընտրանք չկայ։ Ընդդիմութիւնը պէտք է ցոյց տայ, որ ինքը կարողանում է բանակցել, գալ կոնսենսուսի։ Ես դա անհնար չեմ համարում։ Դրանից յետոյ կարող են մոբիլիզացնել հանրութեանը, որ Փաշինեանը տեսնի՝ իրեն ոչ ոք չի հանդուրժում։
Դիւանագիտութիւնը հէնց սա է. եթէ դու ունես «կանալներ», դրանք պէտք է օգտագործես: Ինձ համար խնդիրը, որպէս բանակցող, հետեւեալն է: Մինչեւ մենք երկրի ներսում չկարողանանք բանակցել ու ստեղծել բաւարար կոնսենսուս, որ մենք բոլորս նոյն նպատակն ունենք, մինչեւ մի կողմ չդնենք բոլոր ներքաղաքական տարաձայնութիւնները, որոնք կարող են անգամ շատ խորը լինել, ոչինչ չի ստացւի: Հասուն քաղաքական մշակոյթ կրող անձինք պիտի կարողանան պայմանաւորւել, անգամ նախնական որոշել՝ ինչ են անելու մի քանի կարեւոր կէտերի շուրջ, երբ հասնեն իրենց նպատակին: Բայց եթէ թոյլ տան անել այն, ինչ տեղի է ունենում հիմա ընդդիմութեան ներսում՝ սուր բախումներ (լարւածութիւն, բախումներ ընդդիմութեան տարբեր թեւերի միջեւ,- հեղ.), դա հէնց այս իշխանութիւնների ցանկութիւնը եւ ծրագիրն է: Հէնց դա էլ ուզում են, որ մարդիկ ասեն՝ «այլընտրանք չկայ, էս մարդը մի ձեւ խաղաղութիւնը պահում է»: Սա է նարատիւը: Այն դէպքում, երբ Փաշինեանի ասածը խաղաղութիւն չէ, կեղծ խաղաղութեան թէզ է: Դրա համար Ալիեւի հետ էլ պայմանաւորւում է, որ գոնէ թւացող խաղաղութիւնը լինի: Այս նարատիւը պէտք է փոխւի:
Ընդդիմութիւնը պէտք է ցոյց տայ, որ կարողանում է ինքն իր ներսում բանակցել, գալ կոնսենսուսի, եւ դա անհնարին չէ: Դրանից յետոյ նոր պէտք է մոբիլիզացնել ողջ հանրութեանը, որ ինքն էլ տեսնի՝ իրեն չեն հանդուրժում: Դա անելուց յետոյ այս իշխանութիւնն ուզում է՝ Սահմանադրութիւն փոխի, ինչ ուզում է անի, ընտրութիւններով չի՛ վերընտրւելու»,- ասաց Արթուր Մարտիրոսեանը:
Նրա խօսքով՝ մօտաւորապէս այսպիսի վիճակ էր 1996 թ., երբ Լեւոն Տէր-Պետրոսեանի ՀՀՇ-ն պատկերացնում էր, որ իրենց ամենակարեւոր առաւելութիւնն այն է, որ ընդդիմութիւնը երբեք չի կարողանայ ընտրութիւններում համախմբւել:
«Տեսանք, որ ընդդիմութիւնը միաւորւեց մի հարցի շուրջ: Ես մի փոքր զբաղւում էի այդ հարցերով եւ յիշում եմ, որ Վազգէն Մանուկեանի եւ ընդդիմութեան միւս թեւերի միջեւ շատ մեծ տարաձայնութիւններ կային, բայց իրենք դա յաղթահարեցին, գտան պայմանաւորւելու ձեւը: Պէտք է ցանկութիւն լինի: Ընդդիմութեան բոլոր առաջնորդները պէտք է ցանկանան միաւորւել:
Ես գիտեմ՝ քաղաքական մշակոյթ ունեցող երկրներում ինչպէս է լինում: Գերմանիայում ընտրութիւնները դեռ չէին աւարտւել, շամպայնը դեռ չէին բացել, սկսւեցին բանակցութիւնները, որովհետեւ բոլորը գիտէին՝ կոալիցիա է կազմւելու: Բանակցութիւնների յաջողւած փորձ կայ Աւստրիայում, որտեղ ընդդիմութիւնը միաւորւեց ու հեռացրեց մեծամասնութիւն հաւաքած աջ ծայրայեղականներին:
Պէտք է բանակցող լինի ընդդիմութեան հիմնական դերակատարների միջեւ: Բանակցողը պէտք է լինի մարդ, որին ոչ մի կողմ չի կարող ասել՝ մեզ համար ընդունելի չէ: Բերէք պրոֆեսիոնալ մասնագէտ, որը կարող է, օրինակ, դրսից լինել»,- ասաց Արթուր Մարտիրոսեանը:
Թեւան Պօղոսեանն էլ նշեց՝ բանակցողը երբեք որեւէ ակնկալիք չպէտք է ունենայ:
«Երբ բանակցողը նստում է բանակցային սեղանի շուրջ ու յետոյ ակնկալում է, որ պէտք է դառնայ վարչապետ, փոխվարչապետ կամ մէկ այլ բան, չի աշխատելու: Նա պէտք է ապահովի միայն ընթացքը»,- ասաց նա:
«Երբ առհասարակ ես բանակցում եմ որեւէ հարցով, զբաղւում եմ միջնորդութեամբ, շատ հասարակ հարցից եմ սկսում: Առանձին-առանձին բանակցում եմ ու հարց եմ տալիս՝ ի՞նչ 3 բան պէտք է անի միւս կողմը, որ դուք մի կողմ դնեք ձեր ամբիցիաները, տարաձայնութիւնները: Նոյն հարցը միւս կողմին եմ տալիս: Պէտք է աշխատել, եւ այդ դէպքում ամէն ինչ հնարաւոր կը լինի»,- ասաց Արթուր Մարտիրոսեանը: