ՄիջազգայինՔաղաքական

Հայկ Խալաթեան. «Մոսկւայում մեզ արդէն ոչ միայն որպէս դաշնակցի, այլեւ անգամ որպէս վստահելի գործընկերոջ չեն վերաբերւում»

«ԱԼԻՔ» – Բոլորս տեսնում ենք՝ ինչ զարգացումներ են գնում, եւ այդ ֆոնին՝ ինչ օրինագծեր է ընդունում Հայաստանի խորհրդարանը։ Ամենածիծաղելին այն է, որ նոյնիսկ առանց Եւրամիութեան պաշտօնական հրաւէրի՝ մենք յայտարարում ենք, որ չնայած գտնւում ենք ԵԱՏՄ-ում եւ Ռուսաստանի հետ փաստացի սերտ տնտեսական կապերի մէջ ենք, բայց իբր երազում ենք դառնալ ԵՄ անդամ։ Նոյնիսկ օրինագծի երկրորդ ընթերցման յետաձգման մէջ տարօրինակ եւ աբսուրդային տարրեր կան։ Փոխարտգործնախարարն ասում է՝ այս օրինագիծը որեւէ կոնկրետ քայլ չի ենթադրում, բայց այն ուղերձ է ԵՄ-ին, որ մենք իրենց հետ ենք։ Նոյն հարցը կարելի է Մոսկւայից ստանալ՝ դա ուղերձ է, որ մենք իրենց հետ չե՞նք ուզում լինել, երազում ենք ԵՄ-ի մասին, բայց ժամանակաւորապէս դեռեւս Մոսկւայի հե՞տ ենք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթեանը:

«Իհարկէ, այս ամէնը բերում է Հայաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքի։ Առանց այդ էլ՝ ներկայիս իշխանութիւնների ձեռամբ հայ-ռուսական յարաբերութիւններում Հայաստանի ամենամեծ խնդիրն այն է, որ Մոսկւայում նրանց չեն ընկալում ոչ միայն՝ որպէս դաշնակից, այլեւ՝ որպէս վստահելի գործընկեր։ Ալիեւը նոյնպէս շատ մեծ խնդիրներ է ստեղծում, դժգոհութիւն կայ, բայց Մոսկւայում կարծում են, որ եթէ նրա կամ յատկապէս Էրդողանի հետ պայմանաւորւեցիր, նա կը կատարի դա։ Այդ մասին անձամբ Պուտինն է խօսել։ Այլ հարց է, որ Էրդողանի հետ դժւար է պայմանաւորւել տարբեր հարցերում, բայց եթէ պայմանաւորւեցիր, կարող ես վստահ լինել, որ այն կեանքի կը կոչւի։ Նիկոլ Փաշինեանի դէպքում դա այդպէս չէ»,- ասաց վերլուծաբանը:

«Փաշինեանի՝ ոչ վստահելի լինելու ամենավառ օրինակը 2021-ի ընտրութիւններն էին։ Ինքն ու թիմակիցները ռուսամետ դիրքորոշում էին զբաղեցնում, նման քննարկում էր գնում, եւ Հայաստանում շատերը կարծում էին, որ Փաշինեանը Ռուսաստանի մարդն է եւ գործում է Մոսկւայի թելադրանքով։ Բայց յետխորհրդային տարածքում կա՞յ արդեօք մի ղեկավար քաղաքական գործիչ, որին Արեւմուտքն իր ամբողջ ռեսուրսով՝ լրատւամիջոցներով, կուսակցութիւններով, ՀԿ-ներով աջակցի, եւ նա լինի ռուսամէտ։ Արեւմտամէտ ռեսուրսն էր ամէն ինչ անում նրա յաղթանակն ապահովելու համար։ Դա շատ սպասելի էր, Զատուլինն էլ է այդ մասին խօսել՝ հարցազրոյցներում նշելով, որ 2021-ի ընտրութիւններում Մոսկւայի միջամտութեան կարիքը կար։ Ուղղակի միջամտութիւն չեղաւ, բայց ի վերջոյ՝ Մոսկւայի չէզոքութիւնը Փաշինեանի օգտին էր»,- նշեց Խալաթեանը:

Հասարակական գործչի կարծիքով՝ օրինակ, Մոլդովայի նախկին նախագահների հետ ռուսները նորմալ շփւել են, այլ հարց, որ ներկայիս նախագահ Մայա Սանդուն բացայայտ հակառուսական գիծ է տանում. «Սանդուի քայլերը Մոսկւայում ընկալւում են՝ որպէս ուղղակիօրէն իրենց դէմ ուղղւած։ Փաշինեանն էլ է այդպէս անում, բայց դեռեւս ոչ այդ ծաւալի։ Մոսկւան չի ուզում կամուրջներն այրել որեւէ մէկի հետ։

Ռուս փորձագէտներն ասում են՝ կարեւոր է, թէ ինչպէս կաւարտւի պատերազմն Ուկրաինայում։ Այս պահին այդքան էլ կարեւոր չէ, թէ Նիկոլ Փաշինեանն ու Իլհամ Ալիեւն ինչ են ասում եւ անում, քանի որ պատերազմի աւարտից յետոյ Հարաւային Կովկասում բոլորովին այլ իրավիճակ է լինելու։ Այն առաջարկները, յայտարարութիւնները, ուղերձները, որոնք հնչելու են Մոսկւայից, բոլորովին այլ կերպ են ընկալւելու այս տարածաշրջանում՝ թէ՛ Փաշինեանի, թէ՛ Ալիեւի կողմից»:

«Դեռեւս ուկրաինական պատերազմից առաջ՝ 2021 թւականի աշնանը, Ռուսաստանն առաջարկեց ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին՝ յետխորհրդային տարածքի որեւէ երկրի հետ չխորացնել յարաբերութիւնները, բացառել նրանց ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելը, դադարեցնել ռազմական համագործակցութիւնն ու առաջխաղացումը ՆԱՏՕ-ի շարքերում։ Ոմանք դա բնութագրեցին՝ որպէս պահանջ եւ վերջնագիր։ Գաղտնիք չէ, որ Մոսկւայում Թուրքիա-Ադրբեջան համագործակցութիւնը մի փոքր այլ կերպ է ընկալւում՝ ոչ թէ ՆԱՏՕ-ի անդամ, այլ առանցքային խաղացող Թուրքիայի հետ յարաբերութիւններ։ Բայց Զախարովան ժամանակին ասաց, որ բացառութիւններ չկան։ Քաղաքականութիւնը հնարաւորինի արւեստ է։

Պարզ է, որ Ռուսաստանն այս պահին Ադրբեջանի վրայ ազդելու մեծ լծակներ չունի։ Հայաստանի վրայ այդ լծակները կան, բայց դեռեւս չգիտենք՝ դրանք ինչ արդիւնքների կարող են բերել»,- ամփոփեց Հայկ Խալաթեանը:

Related Articles

Back to top button