Լիբանանի հարաւից փախստականների հոսք կայ դէպի Սիրիա
Լիբանանում պետութիւնը չի գործում, կարելի է ասել անդամալոյծ է, եւ ժողովուրդը շատ ծանր կացութեան մէջ է։ Իրավիճակը շատ խառն է, անորոշ,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Վերա Յակուբեանը։
Նրա փոխանցմամբ՝ Բէյրութի հարաւային արւարձանները, Հարաւային Լիբանանը ծանր ռմբակոծութիւնների տակ են, մեծ թւով փախստականներ տեղափոխւում են դէպի Բէյրութի աւելի ապահով շրջաններ եւ կայ գաղթականների հոսք դէպի Սիրիա։ Յատկապէս մեծ է հոսքը Բեքքա շրջանից։ Սիրիա գնացող փախստականների թւում առայժմ հայեր չկան։ Ըստ Յակուբեանի՝ ռմբակոծւող շրջաններում հայեր չեն ապրում։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա շիա համայնքի ներկայացուցիչները բնակւում են Բէյրութի հարաւում, «Հեզբօլլահ»-ի կենտրոնները եւս գտնւում են հարաւում եւ Բեքքայում եւ հէնց այդ ուղղութիւնն էլ թիրախաւորում է Իսրայէլը։
«Բայց եթէ ապահով շրջանում ենք, դա չի նշանակում, որ այդ իրավիճակը չի ազդել Լիբանանի ողջ տարածքի վրայ։ Երկրում եռօրեայ սուգ է՝ կապւած անցեալ շաբաթ տեղի ունեցած «Հեզբօլլահ»-ի առաջին դէմքերի ու ղեկավարի սպանութեան հետ, դրանից ելնելով է նաեւ չափազանց անորոշ է իրավիճակը ու սպասողական»,- ասաց Վերա Յակուբեանը։
Եթէ սգոյ օրերին պետական հիմնարկները փակւում են, ապա, իրավիճակից ելնելով, դպրոցներն ու համալսարաններն արդէն իսկ փակ էին։ Չեն գործում նաեւ հայկական դպրոցներն ու համալսարանը։ Երկրի տնտեսութիւնը կաթւածահար է, մինչ այդ էլ ծանր էր տնտեսական վիճակը, սակայն, 2023 թւականի վերջերին, ինչպէս նշեց Վ. Յակուբեանը, որոշակի ակտիւութիւն էր նկատւել, սակայն հիմա լրիւ կանգ է առել։ Որոշ շուկաներ, որոնք համեմատաբար ապահով շրջաններում են, աշխատում են, բայց դրանք շատ չեն, ինչ վերաբերում է քաղաքի հարաւային մասում գտւող հիմնարկներին, շուկաներին, ապա բոլորը փակ են։
Ստեղծւած պայմաններում պետութիւնը չի հասցնում օգնել բնակիչներին, ներքին փախստականներին եւ միութիւններ կան, որոնք փորձում են անելանելի վիճակում յայտնւածների կարիքները հոգալ։ Քրիստոնեայ արաբների որոշ համայնքների գիւղերում եկեղեցիների դռներն են բացւել՝ գաղթականներին ընդունելու համար։ Սիւնի համայնքները եւս օգնում են շիա արաբներին։ Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա մեծ թւով փախստականներ հայկական թաղամասեր դեռեւս չեն գալիս, միայն որոշ շիա ընտանիքներ գալիս են իիրենց հարազատների տները։
Փախստականներն առայժմ տեղաւորւում են Լիբանանի դպրոցներում։ Պարզ չէ, թէ երբ դպրոցները կը բացւեն, դէպքերի զարգացումներից է կախւած. Վերա Յակուբեանի արձանագրմամբ՝ իրավիճակը շատ խառն է՝ մի կողմից իրադարձութիւնները կարող են դրամատիկ ընթացք ստանալ, միւս կողմից՝ ամէն վայրկեան հնարաւոր են բանակցութիւններ սկսւեն։