Լիբանանի վրայ յարձակումները շարունակւում են. ՀՀ կառավարութիւնը լռում է
«ԱԼԻՔ» – Իրավիճակը Լիբանանում շարունակում է մնալ լարւած եւ անորոշ, յարձակումները շարունակւում են: Սեպտեմբերի 29-ին, կէսօրից յետոյ վերսկսւել են օդային յարձակումները` թիրախաւորելով Բէյրութի հարաւային արւարձանները: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց Լիբանանում «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, հրապարակախօս Շահան Գանտահարեանը` նշելով, որ Լիբանանում եռօրեայ սուգ է յայտարարւել՝ «Հեզբօլլահ»-ի առաջնորդի սպանութեան կապակցութեամբ:
Նրա փոխանցմամբ` այս պահին իրավիճակը ծանր է, քանի որ յարձակումները շարունակւում են երկրի տարբեր շրջաններում, բայց վերջին գործողութիւններն աւելի են կենտրոնացել Բէյրութի հարաւային արւարձանների ու հարաւային հատւածի վրայ:
«Անգամ լուրեր են շրջանառւում, որ Իսրայէլը դէպի Լիբանանի հարաւը ցամաքային ներխուժման շեմին է գտնւում: Փախստականների ալիքը մեծ է»,- ասաց Գանտահարեանը:
Ըստ նրա` տասնեակ հազարներով փախստականներ ներքին կարգով հարաւային հատւածներից համեմատաբար աւելի ապահով, աւելի հանգիստ շրջաններ են տեղափոխւում:
Ճիշտ է, միջազգային որոշ շրջանականերից յորդորներ կան կրակը դադարեցնելու եւ բանակցութիւններ սկսելու ուղղութեամբ, բայց դեռեւս չի երեւում արդիւնք, Իսրայէլը նպատակ է դրել բուֆերային, անվտանգութեան գօտի ստեղծել:
«Իհարկէ, Հասան Նասրօլլահի սպանութիւնը հզօր ցնցում է, ժամանակաւոր իր տեղը ստանձնել է իր փոխանորդը, բայց դեռեւս պարզ չէ, թէ իրեն ով է յաջորդելու»,- տեղեկացրեց Գանտահարեանը:
Բէյրութում բաւական մեծ հայկական համայնք կայ, սակայն ՀՀ ԱԳՆ-ն առայժմ որեւէ յայտարարութիւն չի արել Լիբանանում գտնւող ՀՀ քաղաքացիներին, եւ ընդհանրապէս հայութեանը տարհանելու, անվտանգ վայր տեղափոխելու մասին:
«Ազդակ» պարբերականի խմբագիրը յայտնեց, որ հայկական բարեսիրական միութիւնները խորհրդակցական ժողով են գումարել, նախապատրաստւելու համար փախստականների տեղաւորելուն, իրենց կարիքները հոգալու համապատասխան ծառայութիւններ մատուցելու՝ դեղորայքի, կացարանի, հաւաքական կեցավայրի խնդիրներ լուծելու համար, ինչպէս Իսրայէլեան առաջին յարձակման դէպքում էր: