Ադրբեջանը որեւէ զիջման չի գնում, իսկ Փաշինեանի Խաղաղութեան համաձայնագիրը օր-օրի աւելի մշուշոտ է դառնում

Ադրբեջանի իշխանութիւնները որոշել են փակել Կարմիր Խաչի գրասենեակն ու ընկերութեան որեւէ ներկայացուցչի թոյլ չտալ այցելել հայ գերիներին:
«Ժողովուրդ» օրաթերթը հայ գերիների ընտանիքների անդամներից տեղեկացաւ, որ ադրբեջանական կողմը արգելել է այսուհետեւ այցելել հայ գերիներին, այդ թւում՝ հայ ռազմաքաղաքական գերիներին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացաւ, որ ռազմաքաղաքական գերիների հարազատներին Կարմիր Խաչի գրասենեակից տեղեկացրել են՝ եթէ ամիսը մէկ թոյլատրւած էր իրենց այցելել գերիներին, տեսակապով մի քանի րոպէ կապ հաստատել հարազատների հետ, հիմա ադրբեջանական կողմը կտրականապէս արգելել է այդ այցելութիւնները: Գերիների հարազատները յայտնւել են փակուղում. եթէ գէթ մէկ յոյս կար գոնէ Կարմիր Խաչի միջոցով կապ հաստատելու գերեվարւածների հետ, հիմա այդ յոյսն էլ մարեց:
Մենք տեղեկացանք, որ ադրբեջանական կողմը որեւէ զիջման չի գնում, իսկ Փաշինեանի խոստացած Խաղաղութեան համաձայնագիրը օր-օրի աւելի մշուշոտ է դառնում:
Յիշեցնենք, որ Բաքուն պաշտօնապէս հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը յայտնւել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դէմ Ադրբեջանի՝ սեպտեմբերեան ագրեսիայից յետոյ: Նրանց թւում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչները. նրանք արդէն երկու տարուց աւելի է, ինչ ապօրինի պահւում են Բաքւի բանտում: Շատ ծնողներ պնդում են, որ հայկական կողմից գերիներն իրականում աւելի շատ են, պարզապէս Ադրբեջանը չի ընդունում այդ փաստը:
«Ժողովուրդ»