Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիդիա Մանթաշեան. «Այսօր Բագրատ Սրբազանը առանձնացման մէջ է, այս բանտարկութեան ընթացքում կը ստեղծի յաւերժական ինչ-որ գործ»

«ԱԼԻՔ» – «Սրբազան պայքար» շարժման ակտիւիստ, քաղբանտարկեալ Լիդիա Մանթաշեանը նամակ է յղել «Աբովեան» ՔԿՀ-ից:

Նամակում մասնաւորապէս նշւած է.

«Իմ մասին բոլոր մտահոգւողներին…

Այո, ես կալանաւորւած եմ, բայց ես ո՛չ գողութիւն եմ արել, ո՛չ սպանել եմ (ոչ էլ պլանաւորել), ո՛չ թմրանիւթ եմ վաճառել… Մի խօսքով՝ ես յանցագործ չեմ, չեմ արել հակաօրինական որեւէ գործողութիւն։

Ես իրացրել եմ իմ սահմանադրական իրաւունքը՝ ցանկացել եմ խաղաղ անհնազանդութեան գործողութիւններով հասնել իշխանափոխութեան։ Ես կալանաւորւած եմ մէկ մարդու (Ն.Փ.) քմահաճոյքով։

Ես եւ ինձ հետ կալանաւորւած միւս անձինք կալանաւորւել են յանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ պայքարելու համար, իսկ…

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԿԱԼԱՆԱՒՈՐՒԵԼԸ ՊԱՏԻՒ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ (Բագրատ Սրբազան)։

Այնպէս որ, ինձ/մեզ կամ մեր հարազատներին մի՛ խղճացէք։

Միակ բանը, որի համար տխրում եմ, հայրիկիս տարուն (մահւան 1-ին տարելիցին) չմասնակցելն է…

* * *

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աղօթում են ինձ/մեզ համար, ովքեր յանձնուք (передача) են բերում ՔԿՀ-ներ, ովքեր զանգահարում կամ հանդիպում են իմ/մեր հարազատներին… Ես դրանից շատ եմ յուզւում… ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ…

Բայց անկեղծօրէն խնդրում եմ, շատ մի՛ անհանգստացէք, չեմ ուզում, որ իմ պատճառով նեղութիւններ կրէք։

Միակ խնդրանքն է՝ ձեր առանձնական աղօթքներում յիշէք ինձ/մեզ։

* * *

Իսկ Բագրատ Սրբազանի մասին կասեմ հետեւեալը. Սրբազանը մեր ժամանակների մեծագոյն մտածողներից է, որը մինչեւ այսօր չի՛ ունեցել խաղաղ ժամանակ, որպէսզի ամբողջութեամբ նւիրւի ստեղծագործական աշխատանքին, քանի որ մշտապէս մեր պետութեան, պետութեան սահմանապահ բնակավայրերի, սահմանային դիրքերի, սփիւռքեան հայկական համայնքների ամրացման ու բարգաւաճման գործին է նւիրւած եղել՝ եկեղեցու ծառայութեանը միախառնելով այն 24/7 ռեժիմով՝ ո՛չ յստակ ուտելու ժամանակ, ո՛չ էլ յստակ քնելու ժամանակ ունենալով (երդւեալ ՔՊ-ականներն էլ գիտեն դրա մասին)։

Մեր եկեղեցու մեծ հայրերը որեւէ արժէքաւոր գործ ստեղծելիս կամովին առանձնացել են ու աղօթքով՝ Տիրոջ առաջնորդութեամբ ստեղծագործել։

Այսօր Բագրատ Սրբազանը առանձնացման մէջ է։ Սրբազանին լաւ ճանաչելով՝ վստահ եմ՝ այս բանտարկութեան (առանձնացման) ժամանակահատւածում նա կը ստեղծի յաւերժական ինչ-որ գործ։

Ուստի, շնորհակալ եմ Տիրոջն այս օրերի համար։

Փառք Քեզ Աստւած, փառք Քեզ,

Յաղագս ամենայնի, Տէր, փառք Քեզ»։

Related Articles

Back to top button