Դադարեցրէ՛ք մեր Մայր Եկեղեցու դէմ բռնաճնշումները․ վիրահայ հասարակական գործչի ուղերձը Թբիլիսիից

Վրաստանի մայրաքաղաքում փետրւարի 8-ին կրկին հանրահաւաք է անցկացւել, որի ժամանակ մասնակիցներն իրենց զօրակցութիւնն են յայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Վեհափառ Հայրապետին ու Մայր Աթոռին։ Թբիլիսահայ հասարակական գործիչ, մտաւորական Լեւոն Չիդիլեանը տեսաուղերձով դիմել է ՀՀ իշխանութեանն ու կոչ արել դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ բռնաճնշումները։
««Վրաստանի հայ համայնք» կազմակերպութիւնը մի քանի ամիս առաջ կազմակերպել էր նմանատիպ երթ ՀՀ դեսպանատան դիմաց՝ որպէս բողոքի նշան Եկեղեցու դէմ բռնաճնշումների, եւ այսօր էլ հաւաքւելով մենք մեր յստակ խօսքն ասացինք: Սա առաջին քայլն է մեր հետագայ քայլերի, որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը խախտում է բոլոր նորմերը, սկսած ՀՀ Սահմանադրութեան տասնեակ կէտերից՝ աւարտւած Եւրոպական եւ ՄԱԿ-ի տասնեակ կէտերով։
Խնդրում եւ պահանջում ենք, որպէսզի դադարեցնեն մեր Մայր Եկեղեցու դէմ բռնաճնշումները։ Մենք ուրիշ Եկեղեցի չունենք, մենք չունենք նաեւ ուրիշ Մայր Հայրենիք, եւ ես ցաւում եմ, նոյնիսկ չէի կարող ամենավատ երազում անգամ պատկերացնել, գալու է մի օր, որ իմ ամբողջ գիտակից կեանքս հայապահպանութեամբ եմ զբաղւել, պաշտպանեմ իմ Մայր Եկեղեցին՝ իմ Մայր Հայրենիքի իշխանութիւնների բռնաճնշումներից»,-խօսքն աւարտում է Լեւոն Չիդիլեանը։
Yerkir.am



